Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Վերջին նորություններ

Օրերս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» TACEESM խորագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։ ՀԱՊՀ-ն որպես շահառու ընդգրկված է ծրագրում, ի դեմս նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունը:

Ծրագրի նպատակներից մեկը ճարտարապետական և քաղաքաշինական ոլորտում գործող կրթական ծրագրերի վերափոխումն է՝ ուղղված արդի կայուն մոդելների ձևավորմանը:

Մասնաճյուղի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ներկաներին ողջունեց ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը, ով հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, սպասվող ակնկալիքները և խոսեց Մասնաճյուղի ներգրավվածության կարևորության մասին։  Ելույթ ունեցան նաև ամբիոնի այլ աշխատակիցներ:

Միջոցառմանը ներկա էին նաև Իտալիայի Դանունցիո համալսարանի դասախոսներ, ՀԱՊՀ-ի ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետություն» ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը և նույն համալսարանի ուսանողներ:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի արդյունքում ստեղծված նոր միջազգային հարթակը, որի շրջանակներում  դասախոսները, ուսանողները և գործատուները հնարավորություն կունենան օգտվել միջազգային ծրագրերից, մասնակցել արտասահմանյան բուհերում սովորելու, դասավանդելու հնարավորություններից, ինչպես նաև մասնակցել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերի մրցույթներին և ծանոթանալ նորություններին:

Ամփոփելով միջոցառումը՝ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ներկայացուցիչներին և մյուս մասնակիցներին, կարևորեց միջազգային ծրագրերում ներգրավվածությունը և նմանօրինակ միջոցառումները:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Այնուհետև մասնակիցներն այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, հանգամանորեն ծանոթացան շինարարական ուղղվածություն ունեցող «Արխիդաչ» ընկերությանը, եղան նաև կենտրոնում տեղակայված այլ ընկերություններում:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով, պարբերաբար անց է կացնում միջոցառումներ և բաց դռների օրեր:

Մարտի 2-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի աշակերտների հետ։ Միջոցառման նպատակը վերջիններիս մասնագիտորեն կողմնորոշելն էր՝ ըստ երեք թիրախային մասնագիտությունների, այն է՝ «Շինարարություն», «Տրանսպորտային համակարգեր» և «Մեքենաշինություն և Նյութերի մշակում»։ Այս առումով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր համապատասխան գործընկեր կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ՝ լավագույնս ներկայացնելու իրենց ընկերությունը, պահանջվող գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև՝ գործատուի կողմից ընդգծելու ինժեներական կրթության կարևորությունը։ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեններին և ներկայացուցիչներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը և մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը ներկա գտնվելը։

Մեր գործընկեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Թաֆբիլթ Արմենիա» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում ամենապահանջված մասնագիտությունը ինժեների մասնագիտությունն է, իսկ տարածաշրջանում ինժեներ պատրաստում է միայն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը։

Հյուրընկալել էինք նաև ճարտարապետաշինարարական ընկերություն «Արխիդաչ» և «Արդեսկ» ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի սաներն են։ Վերջիններս նշեցին, որ իրենց ընկերությունում գերակշռող մասը կազմում են Պոլիտեխնիկի ուսանողներն ու շրջանավարտները։

Վերջում «Օմնի Լոջիսթիքս» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանն աշակերտներին ներկայացրեց, թե ՀՀ-ում ինչ լայն տարածում է գտնում ուղևորաբեռնափոխադրումները, թե ինչպես են դրանք իրականացվում, և թե ինչ հմտություններ են անհրաժեշտ տվյալ ոլորտում աշխատելու համար։

Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել Մասնաճյուղի և արհեստակցական կազմակերպության միջև կոլեկտիվ պայմանագրի կնքման արարողությունը, որին ներկա էին Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, արհկոմի նախագահ Տաթևիկ Մարգարյանը, արհեստակցական կազմակերպության կոմիտեն, ստեղծված հանձնախումբը, ովքեր աշխատանքներ են տարել կոլեկտիվ պայմանագրի վերակնքման հետ կապված։
Պարոն Խառատյանը շնորհակալություն հայտնեց արհկոմի անդամներին, ստեղծված հանձնախմբին՝ կատարած աշխատանքների համար, արհկոմի նախագահ տիկին Մարգարյանը կարևորեց կոլեկտիվ պայմանագրի առկայությունը, նշելով, որ այն ընդգծում է աշխատակից–գործատու փոխհարաբերությունը։
Կոլեկտիվ պայմանագիրը կնքվել է 2 կողմերի միջև, ուժի մեջ է մտել կնքման պահից և գործելու է երեք տարի ժամկետով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, մասնավորապես՝ ամերիկահայ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների ֆինանսական ներդրումների շնորհիվ բացվեց Խորը Ինժեներական Կրթական Լաբորատորիա։

Խորը ինժեներական կրթական ծրագիրը մեկնարկել է 2021 թ. փետրվարից ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում՝ Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում հիմնովին վերանորոգվել և համակարգչային ու ինժեներական սարքավորումներով է կահավորվել առանձին լսարան։

Ծրագիրը հնարավորություն է տալիս Լոռու մարզի ավագ դպրոցի աշակերտներին ստանալ խորը գիտելիքներ արհեստական բանականության և ճարտարագիտության ոլորտներում։ Այստեղ դասավանդում են ոլորտի փորձառու մասնագետները: Ստացած գիտելիքների շնորհիվ մասնակիցները նախագծում և ստեղծում են խելացի լուծումներ և արտադրանքներ:

Նոր լաբորատորիայի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ Էլբակ Էլբակյանը, Կարապետ Թոռչյանը, աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը և ՀԱՊՀ այլ ներկայացուցիչներ։

Պարոն Վարդանյանը նշեց, որ բարձրագույն կրթության հաջողությունները պայմանավորված են հանրակրթության արդյունքում ձևավորված պոտենցիալից։ Կասկած չկա, որ այս լաբորատորիան նախորդների պես ևս  հնարավորություն է տալու աշակերտներին զարգացնել նոր հմտություններ թե՛ նախագծման, թե՛ ծրագրավորման ասպարեզներում։ Պոլիտեխնիկի ռեկտորը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի մարզերում համաչափ զարգանա ինժեներական կրթությունը։

Մասնաճյուղի տնօրեն պարոն Խառատյանը շնորհավորեց Մասնաճյուղին՝ նման լավ հնարավորություն ձեռք բերելու առիթով, շնորհակալություն հայտնեց ամերիկահայ բարերարներին և ԳՏՏԿ-ին նմանօրինակ լաբորատորիայի ստեղծման համար։ Նա վստահ է, որ մեր աշակերտները և ուսանողները լավագույնս կօգտագործեն իրենց տրված հնարավորությունները՝ ի նպաստ երկրի զարգացման։

Ներկաներին ողջունեց և շնորհավորեց նաև ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը։ Նշեց, որ լաբորատորիայի ներդրումը ավելի կխորացնի ավագ դպրոց և բուհ համագործակցությունը

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նշեց, որ սա 3-րդ ինժեներական լաբորատորիան է՝ Գյումրիից ու Փարաքարից հետո: Կարևորն այն է, որ
աշակերտները մեծ խանդավառությամբ են մասնակցում ծրագրին, համադրում են ծրագրավորման և ինժեներական գիտելիքներն ու թիմային աշխատանքի արդյունքում նախագծում խելացի պրոդուկտներ։

Ծրագրի տևողությունը 2 տարի է՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։

Մասնաճյուղի և ավագ դպրոցի սաներն իրենց երաժշտական կատարումներով գեղեցկացրին տոնական միջոցառումը։

Վերջում պարոն Վարդանյանը և Պոլիտեխնիկի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Մասնաճյուղի Արմաթն օդում աշխատանոցով, այցելեցին նաև ավագ դպրոցի դասարաններ, որտեղ մեծ տպավորություն ստացան աշակերտների կողմից ստեղծված ամանորյա գեղեցիկ միջավայրից։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 11 գ դասարանի աշակերտները՝ տնտեսագիտության ուսուցչուհի Արուսյակ Մադոյանի ղեկավարությամբ, ներկայացրել են նախագծային աշխատանք «Ձեռնարկության ներքին և արտաքին միջավայրի ուսումնասիրությունը» թեմայով։ Թեմայի արդիականությունը հիմնավորված է այն հանգամանքով, որ երկրի տնտեսության զարգացման կարևորագույն գործոնը արդյունաբերության զարգացումն է, իսկ Հայաստանի նման փոքր և ոչ բարենպաստ տարածաշրջանում տեղակայված երկրի համար սա առավել քան ակտուալ է։ Հետազոտությունը կատարվել է Գլորիա կարի ֆաբրիկայի օրինակի հիման վրա։ Աշակերտները այցելել են գործարան, իրենց աչքով տեսել են արտադրական պրոցեսը, ծանոթացել ձեռնարկության կառուցվածքին, կառավարմանը, առկա խնդիրներին, կատարել են վանաձորյան շուկայի ուսումնասիրություն և առաջարկում են նոր, ազգային բրենդի շուկա մուտք գործելու ռազմավարական ծրագիր։ Նախագծային աշխատանքի նպատակն էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու միջոցով աշակերտների մոտ զարգացնել հետազոտելու, վերլուծելու ունակությունը, թիմային աշխատանքը և փոխօգնությունը։

Նախագծային աշխատանքի ներկայացմանը ներկա էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ավագ դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ և աշակերտներ։

Հրավիրված էին նաև Վանաձորի թիվ 4, 8, 15, 23 և 25 հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիներ և ուսուցիչներ:

Արտահայտվեցին մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը՝ իր խոսքում կարևորելով տնտեսագիտական հոսքի առկայությունը ավագ դպրոցում։ Ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը շնորհավորեց բովանդակալից աշխատանքի համար, շնորհակալագրեր հանձնեց աշխատանքի ղեկավար Արուսյակ Մադոյանին և 11գ դասարանին, հորդորելով որ նմանատիպ աշխատանքները լինեն շարունակական:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը ճանապարհեց առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի 100-ից ավելի շրջանավարտների: Տոնական օրը սկսվեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով, ողջույնի և բարեմաղթանքների խոսքերով։   

Մասնաճյուղն ամեն տարի տալիս է հարյուրավոր ինժեներներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, տնտեսագետներ, ովքեր ամեն օր վերափոխում և բարելավում են մեր երկիրը։ Պոլիտեխնիկը եղել է և կմնա մեր երկրի տեխնոլոգիական առաջատարը, որը միտված է հզորացնելու մեր երկիրը, իսկ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է։

Այն մասնագիտությունները, որոնք ձեռք են բերում մեր ուսանողները, պահանջված մասնագիտություններ են ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլ նաև՝ արտերկրում: Բուհը ծավալում է իր գործունեությունը միջազգային գիտատեխնիկական չափորոշիչներին համապատասխան, ներմուծում է նոր մասնագիտություններ, ապահովում պրակտիկայի անցկացումները հայտնի ընկերություններում։

Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասեցին Մասնաճյուղի փոխտնօրեն Էդիկ Հարոյանը, ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանը, ովքեր նշեցին, որ ուսման տարիներին ուսանողները ձեռք են բերել ոչ միայն որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված են մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։ Հորդորեցին իրենց հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները։

Հատկանշական է, որ մեր շրջանավարտներին շնորհավորեցին նաև գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ․ Ինստիգեյթ մոբայլ և Հայ-Թեք Գեթ-Վեյ ընկերությունների Վանաձորի մասնաճյուղերի տնօրեններ Սամվել Պետրոսյանը և Սվետա Ջաղացպանյանը, ովքեր ևս մեր նախկին շրջանավարտներն են, և նրանց գործունեությունը լավագույն կարիերայի ուղեցույց է մեր ներկայիս շրջանավարտների համար։

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում ենք և մաղթում բարի երթ։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ովքեր նաև մեր դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաներ են, մասնակցեցին  «Երիտասարդ Նորարարներ–Ապագա Առաջնորդներ» Հեքըթոնին։ Հեքըթոնը կազմակերպված էր EU4Business Innovative Tourism for Armenia նախագծի կողմից՝ GITC – Information Technologies Center-ի հետ համագործակցությամբ։

Հեքըթոնին մասնակցում էին 15-22 տարեկան այն երիտասարդները, ովքեր ունեին տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար էին և պատրաստ էին համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ։ Նրանք պետք է ներկայացնեին նորարարական, տեխնոլոգիական ու ինժեներական գաղափար, որի իրականացմամբ հնարավոր կլիներ հզորացնել և վերափոխել մեր երկրում առաջնային  ոլորտները։ Հեքըթոնն իրականացավ մի քանի փուլով և եզրափակիչ փուլում թիմերը ներկայացրին իրենց աշխատանքները և արդյունքում 1-ին և 3-րդ տեղերում հավասար միավորներ ստացան միանգամից 3 թիմ։

Հպարտությամբ նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի թիմը՝ Yummy mommy-ին։ Թիմի ղեկավարն է մեր ինֆորմատիկայի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը, ով նաև Արմաթի խմբավար է, ում ջանքերի շնորհիվ մեր աշակերտները հասնում են բազում հաջողությունների։

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց Գյումրու մասնաճյուղի պատվիրակությանը՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։

Սկզբում ճանաչողական այց կատարվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ՎՏԿ ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց ՎՏԿ-ի հիմնական գործառույթները, Մասնաճյուղի հետ սերտ համագործակցությունը։

Այցելեցինք նաև մեխանիկական լաբորատորիաներ, Դը Գուրուս և Թաֆ Բիլթ Ինդասթրիս ընկերություններ։

Գյումրու մասնաճյուղի աշխատակիցներն եղան նաև Վանաձորի մասնաճյուղում, իրականացրին կարճ շրջայց, այցելեցին նաև «Արմաթն օդում» լաբորատորիա։ Այնուհետև տեղի ունեցավ կլոր սեղանի շուրջ քննարկում, որտեղ պարոնայք Արմեն Խառատյանը և Տիգրան Պետրոսյանը մանրամասն ներկայացրին Լոռվա և Շիրակի մարզերի զարգացման տենդենցները, ինչպես նաև՝ առաջիկա հինգ տարիներին մասնաճյուղերի զարգացման հեռանկարները։ Կլոր սեղանի շուրջ կատարվեց մտքերի և փորձի ակտիվ փոխանակում՝ համապատասխան բաժինների աշխատակիցների միջև։

Հանդիպումն անցավ ջերմ միջավայրում, կարևորվեց մասնաճյուղերի նման համագործակցության շարունակականությունը։

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը և արտաքին կապերի համակարգողը հանդիպում ունեցան «Սիներջի» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տեխնիկական ղեկավար Սրապ Հունանյանի հետ։ Քննարկվեցին բուհ-գործատու համագործակցության հեռանկարները, ուսանողների մրցունակության բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և աշխատանքի տեղավորման հարցեր, փոխշահավետ ծրագրեր, և այլն։

Մասնաճյուղը անընդմեջ իրականացնում է նմանատիպ հանդիպումներ, որոնք միտված են ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը։

Համատեղ քննարկվեց և նախատեսվեց նաև մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործնական մակարդակում դրանց կիրառման համար։

Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենը և արտաքին կապերի համակարգողը հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Սեյրանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհ-գործատու համագործակցության հեռանկարները, ուսանողների մրցունակության բարձրացման, դասընթացների կազմակերպման և աշխատանքի տեղավորման հարցեր, փոխշահավետ ծրագրեր, և այլն։

«Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ»-ը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտում համակարգային լուծումներ առաջարկող «Ինստիգեյթ Խումբ Ընկերություններ»֊ի անդամ։ Օգտագործելով «Ինստիգեյթ» խմբից ժառանգած իր փորձառությունն էլեկտրոնային նախագծման (EDA) ոլորտում՝ «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը գլխավորապես զբաղվում է FPGA-ների նախագծմամբ՝ տրամադրելով լուծումներ միկրոսալիկների և կիսահաղորդիչների շուկայի առաջատարներին։

Համատեղ քննարկվեց և նախատեսվեց նաև մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործնական մակարդակում դրանց կիրառման համար։