Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր տանիքի ներքո հավաքել էր Վանաձոր քաղաքի տարբեր ավագ դպրոցների 11 և 12-րդ դասարանի աշակերտներին։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտները։ Հանդիպման նպատակը ծանոթացումն էր մասնագիտությունների հետ և ավագ դպրոցի աշակերտների կողմնորոշումը դեպի Պոլիտեխնիկ։

Մասնագիտական կողմնորոշումն իրականցվեց ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն»  և «Մեքենաշինություն և նյութերի մշակում»։ Այս առումով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր համապատասխան գործընկեր կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ՝ լավագույնս ներկայացնելու իրենց ընկերությունը, պահանջվող գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև՝ գործատուի կողմից ընդգծելու ինժեներական կրթության կարևորությունը։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեններին և ներկայացուցիչներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը և միջոցառմանը ներկա գտնվելը։ Նշեց, որ նմանօրինակ միջոցառումներն իրականացվում են իշահ մեր վաղվա ուսանողի, որպեսզի նա ունենա բավականաչափ տեղեկություն՝ իր գիտելիքներն ու ներուժը ճիշտ տեղում օգտագործելու համար։

Մեր գործընկեր «Թաֆբիլթ Արմենիա» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը ներկայացրեց իր ընկերությունը և նշեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում ամենապահանջված մասնագիտությունը ինժեների մասնագիտությունն է, մասնավորապես իր ղեկավարած ընկերությունում ունեն մեխանիկ ինժեներների կարիք։

Հյուրընկալել էինք նաև ճարտարապետաշինարարական «Արխիդաչ և Արդեսկ» ընկերությունների Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Անի Ասատրյանին և մեր շրջանավարտ, ներկայիս դասախոս Յուրի Հարությունյանին, ովքեր հանգամանալից ներկայացրին ընկերությունը և իրենց կատարած նախագծերը։ Վերջիններս նշեցին, որ իրենց ընկերությունում գերակշռող մասը կազմում են Պոլիտեխնիկի ուսանողներն ու շրջանավարտները։

Հյուրընկալել էինք նաև «Զելըս» ընկերության աշխատակիցներ՝ ավագ ծրագրավորողներ  Նանե Համբարձումյանին և Արաքսյա Համբարյանին։ Նրանք մեր լավագույն շրջանավարտներից են։ Նանեն մոտիվացրեց աշակերտներին զինվել գիտելիքներով և լինել մրցունակ, ներկայացրեց, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ ՏՏ ոլորտում աշխատելու համար։

Մեզ մոտ առաջին անգամ հյուրընկալել էինք Ստեփանավանում կառուցվող հայ-չեխական թեթև ինքնաթիռների արտադրության գործարանի տնօրեն Կամո Ղարաջյանին։ Նա նշեց, որ հեռանկարային շատ ծրագրեր ունեն մեր «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության ուսանողների հետ, որն իր մեջ ներառում է մասնագիտական պրակտիկաներ Չեխիայում և աշխատանքի մեծ հնարավորություններ ավիացիոն ընկերությունում։

Հյուրերին ողջունեց «Հումանիտար առարկաների և տնտեսագիտություն» ամբիոնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը, ներկայացնելով նաև «Տնտեսագիտություն» մասնագիտությունը։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանն իր ելույթում հորդորեց աշակերտներին ուշադրություն դարձնել իրենց գիտելիքների շարունակաբար վերազինման վրա, լինել մրցունակ և վստահաբար ասաց, որ այդ գործընկեր կազմակերպություններում գերակշիռ մաս են կազմելու մեր դպրոցի աշակերտները՝ ըստ իրենց ստացած ինժեներական կրթության։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ամփոփելով միջոցառումը, կարևորեց նաև աշակերտների կողմից օտար լեզվի իմացությունը, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ մասնակցել տարբեր փոխանակման ծրագրերի։

Հանդիպման վերջում համագործակցության համաձայնագիր կնքվեց ԿԳՄՍՆ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ։

Հուսով ենք, որ ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կկարողանան մասնագիտորեն ճիշտ կողմնորոշվել: