×

Տեղեկատվություն

Ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2026 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունների գնահատականները պահպանելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է
հավելվածում։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական
քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։
Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին հայտագրված շրջանավարտ-դիմորդը 2-րդ փուլի հայտագրման ժամանակ օգտագործում է առաջին փուլում ստացած ԳԹԿ անձնական համարը։
Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։

Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝
· 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը
· անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են՝
· պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք
· 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները
· ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները
· առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք։
Գնահատման և թեստավորման կենտրոն