×

Վերջին զանգը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում

Այսօր հանդիսավոր կերպով ազդարարվեց ուսումնական տարվա ավարտը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում։ Պոլիտեխնիկի բակում հավաքվել էին 86 շրջանավարտներ, տնօրենությունը, ուսուցչական կազմը, ծնողներն ու հյուրերը՝ միասին նշելու այս կարևոր օրը։

Այս տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը նշում է իր հիմնադրման 30-ամյակը՝ լի կրթական արժեքներով, ձեռքբերումներով և հաջողություններով։

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով։

Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Արմեն Խառատյանը՝ մաղթելով վստահ քայլերով շարժվել դեպի ինժեներական ապագա ու այդ գիտելիքով կառուցել իրենց հաջողության ճանապարհը։

Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը՝ կոչ անելով լինել առաջադեմ, համառ և երբեք չդադարել ձգտել նոր բարձունքների։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Հովհաննիսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հավատ սեփական ուժերի նկատմամբ, համարձակություն և հաջողություններ կյանքի նոր փուլում։

Վերջին զանգը պարզապես ուսումնական տարվա ավարտ չէ այն նոր ճանապարհի սկիզբ է։ Թող յուրաքանչյուր շրջանավարտ վստահությամբ քայլի դեպի իր ապագան՝ իր հետ տանելով դպրոցական տարիների ամենաջերմ հիշողությունները։

Բարի երթ և հաջողություն բոլոր շրջանավարտներին։