«Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի կարևոր ամբիոններից մեկն է: Ամբիոնն ապահովում է մաթեմատիկական և համակարգչային գիտելիքների հետ կապված մի շարք առարկաների դասավանդում համալսարանի ֆակուլտետների բոլոր մասնագիտացումների համար: Այն նաև հանդիսանում է թողարկող ամբիոն «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության համար: 1990-ական թվականներին իր գոյությունը դադարեցրած այս կարևոր և արդիական մասնագիտացումը վերածնվել է՝ ի շնորհիվ քաղաքում հայտնի մասնագետների, որոնք կազմում են ամբիոնի կորիզը: Արդեն 5-րդ տարին է, որ այս մասնագիտությամբ շրջանավարտները համալրում են հանրապետության և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող տարբեր ձեռնարկությունների աշխատողների շարքերը:
Ուսումնական պրոցեսում լայնորեն օգտագործվում են ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված երեք լաբորատորիանների, ինտերակտիվ գրատախտակներով (Smartboard) կահավորված On-line լսարանի հնարավորությունները: Մոտ ապագայում նախատեսված է համալսարանի համակարգչային հնարավորությունները ընդլայնել արդիական տեխնիկական միջոցներով:
Արդեն գործում է «Ինտերնետ» լաբորատորիան, որն ուսանողների մեջ հայտնի է որպես Wi-Fi լաբորատորիա: Այս լաբորատորիան ուսանողներին և մասնաճյուղի աշխատողներին ապահովում է մատչելի, հուսալի և գերարագ ինտերնետով, այդ թվում նաև՝ լաբորատորիայի շրջակայքում 50 մետր շառավղով անլար (Wi-Fi) ինտերնետով: Այս հնարավորությունները դրականորեն են անդրադարձել ոչ միայն ինֆորմատիկայի գծով մասնագիտացող, այլ նաև մյուս մասնագիտությունների ուսանողների առաջադիմության որակի վրա:
«Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի դասախոսները չեն սահմանափակվում միայն լսարանային գործունեությամբ: Արդեն ավանդական դարձած գարնանային ուսանողական գիտական կոնֆերանսներում ամբիոնը ներկայանում է առանձին սեկցիայով, իսկ ամբիոնի դասախոսների կողմից ղեկավարած աշխատանքները արժանանում են ամենաբարձր գնահատականների: Որպես կանոն, կոնֆերանսներում ներկայացված թեմաները, կիրառական և արդիական լինելով, շարունակություն են ստանում կուրսային և ավարտական աշխատանքներում:
2007թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը համալրեցին դասախոսներ Սերժիկ Ղազարյանը, Սամվել Արզումանյանը, Վահան Մամյանը, Վաղարշակ Եղիազարյանը:
Ինֆորմատիկայի ճյուղը ներկայացնող ամբիոնի դասախոսների քրտնաջան և տևական աշխատանքի շնորհիվ 2011 թվականին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) կողմից կազմակերպված ինֆորմատիկա առարկայի ուսանողական միջբուհական օլիմպիադայում մեր 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներից բաղկացած թիմը արժանացավ թիմային պատվոգրի: Սա աննախադեպ իրադարձություն էր մեր մասնաճյուղի համար: Ամբիոնը այս հաջողությունը ավանդույթ դարձնելու ակնկալիքներ ունի :
Մասնաճյուղի համար հաճելի իրադարձություն էր համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաներում առաջատար «Ինստիգեյթ» ձեռնարկության հետ: Այս ձեռնարկության մասնագետները մեկ տարի շարունակ նեղ մասնագիտական դասընթացներ են վարում ինֆորմատիկայի գծով մասնագիտացող մեր ամբիոնի ուսանողների հետ: Այս տարվա շրջանավարտներից մի քանի հոգի ընդունվել են աշխատանքի այդ կազմակերպությունում և այժմ արդեն իրենք են վարում վերոհիշյալ մասնագիտական դասընթացները:
2014թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի վարիչ նշանակվեց նույն ամբիոնի դասախոս ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական ձեռնարկների հեղինակ Ռուբիկ Դալլաքյանը:
2016թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը համալրվեց նոր երիտասարդ կադրերով. Անահիտ Կիրակոսյան, Սեյրան Ալավերդյան, Գայանե Սոխակյան, Հայկուհի Մամիկոնյան, Մանուշ Արզումանյան:
2018թ.-ից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը վերանվանվել է «Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության» ամբիոն: Այժմ «Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության» ամբիոնը համալրվել է նոր երիտասարդ դասախոսներով: