Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մասնաճյուղը ճանապարհեց մի սերունդ՝ գիտելիքով զինված և ապագայի հանդեպ վստահությամբ լեցուն։



Տոնական օրն սկսվեց ՀՀ և Պոլիտեխնիկի օրհներգներով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Արմեն Խառատյանը․
-Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ։ Դուք այն նոր սերնդի մասնագետներն եք, ովքեր իրենց ձեռք բերած ինժեներական գիտելիքներով, նորաստեղծային կարողություններով կնպաստեն մեր երկրի գիտատեխնիկական և տնտեսական զարգացմանը։ Պոլիտեխնիկը եղել է և կմնա մեր երկրի տեխնոլոգիական առաջատարը, որը միտված է հզորացնելու մեր երկիրը, իսկ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է, ուստի դուք ունեք մեծ առաքելություն՝ մեր երկիրը դարձնելու առավել հզոր։



Շրջանավարտներին շնորհավորանքի խոսք ասացին Մասնաճյուղի Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գյուրջինյանը, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լավագույն կարիերա կերտած շրջանավարտներից՝ Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի, արտաքին հարաբերությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ՝ Լիլյա Դավթյանը, ում անցած ճանապարհը լավագույն կարիերայի ուղեցույց է մեր ներկայիս շրջանավարտների համար։
Շնորհավորանքներին միացան նաև Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի վարիչ Արուսյակ Մադոյանը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը, նախկին և ներկա ուսանողական խորհրդի նախագահները։ Ուսանողներին, ովքեր ողջ ուսումնական տարին ցուցաբերել էին բարձր առաջադիմություն, շնորհվեց սպիտակ դիպլոմներ։



Օրն առավել տոնական դարձրեց «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Մարիամ Զոհրանյանն իր գեղեցիկ երգեցողությամբ։
Կրկին ու կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, մաղթում բարի երթ՝ նոր կյանքի ճանապարհին։
