Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Ապրիլի 3-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց երկարամյա աշխատակից, բազմավաստակ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանտ Գյուրջինյանի 90-ամյա հոբելյանը։

Դահլիճը լեցուն էր պրոֆեսորադասախոսական կազմով, նախկին և ներկա ուսանողներով, բարեկամներով և ընկերներով։ Հրանտ Գյուրջինյանը վաստակել է բոլորի սերն ու հարգանքը, շրջապատի համար բարության, բարեկրթության, իմաստության, տոկուն և ուժեղ լինելու օրինակ է։

Նրա աշխատանքը, որպես դասախոս ու գիտնական, անգնահատելի է, քանի որ նա ոչ միայն գիտելիքներ է փոխանցել ուսանողներին, այլև սովորեցրել է, թե ինչպես լինել ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու, ներշնչանքի աղբյուր է եղել սերունդների համար։ Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 130 գիտական հոդվածների, երկու դասագրքերի, երեք մենագրության, 10 ուսումնական ձեռնարկների և 11 մասնագիտական մեթոդական ցուցումների: Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` Հրանտ Գյուրջինյանը նաև ստեղծագործել է․ բազում բանաստեղծությունների ժողովածուների և գեղարվեստական գրքերի հեղինակ է։

Տոնական միջոցառումն առավել գեղեցիկ երանգ ստացավ, երբ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, կրտսեր Հրանտ Գյուրջինյանը կատարեցին Հրանտ Գյուրջինյանի ստեղծագործություններից։

Շնորհավորական ուղերձով հանդես եկան ՀԱՊՀ Վանաձորի Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, «Տեխնոլոգիաներ և  ճյուղային տնտեսագիտություն» ամբիոնի դոցենտ Միշա Սիմոնյանը, «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնի դոցենտ Էդիկ Հարոյանը, «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի վարիչ, դոցենտ Միքայել Նավոյանը, «Շինարարական Ճարտարագիտություն» ամբիոնի պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը, դոցենտ Վեներա Կլեկչյանը, դոցենտ Ալբերինա Գալստյանը, ովքեր մեծ երախտիքով խոսեցին Հրանտ Գյուրջինյանի հետ անցած ընկերության ուղու մասին, կարևորեցին Հրանտ Գյուրջինյանի մարդ տեսակն ու օրինակելի լինելը։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանը Մասնաճյուղի տնօրենության կողմից Հրանտ Գյուրջինյանին հանձնեց շնորհակալագիր և հուշանվեր։

Շնորհավորանքներին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով շնորհակալագրով և հուշանվերով պարգևատրեց պարոն Գյուրիջինյանին, դոցենտ Լուսինե Աղաբաբյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տաթևիկ Մարգարյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Հենզել Նազարյանը, ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։

Շնորհավորանքների տեղատարափ էր, շատ ու շատ մարդիկ հնչեցրին իրենց սրտի խոսքերն ու հարգանքի տուրք մատուցեցին պարոն Գյուրջինյանին։

Այս գեղեցիկ և կարևոր առիթը ամփոփեց Հրանտ Գյուրջինյանը՝ իր անսահման երախտիքի խոսքով, ասմունքով և երջանկությունից հուզվելով։