Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է 10000-ից ավելի շրջանավարտ: Նրանց շարքում են ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային համայնքների ղեկավարներ, գործարանների տնօրեններ, արտադրության կազմակերպիչներ, մեքենաշինության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բանկային համակարգերի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների գլխավոր ճարտարագետներ, առաջատար մասնագետներ:

Մասնաճյուղը Լոռու տարածաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտական կրթության և գիտության կենտրոնն է: Առաքելությունն է  կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով նպաստել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գերակա ուղղություններում արդյունաբերության վերականգնմանը, ինչպես նաև՝ Լոռու մարզի արդյունաբերության զարգացման և աշխատաշուկայի կարիքներին համահունչ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արդի այլ ճյուղերի, տարածաշրջանի ճարտարագիտական և հետազոտական ներուժի զարգացմանը: Լոռու մարզում ստեղծվել է մի յուրատեսակ տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ գործում են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, նրա ավագ դպրոցը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Այս միջավայրը կրթության, արտադրության, գիտության, տեխնոլոգիական նորաստեղծության մի համալիր է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին, ուսանողներին կերտել իրենց ճարտարագիտական կարիերան՝ սկսած աշակերտական նստարանից մինչև բարձրակարգ մասնագետներ՝ ապահովված բարձր վարձատրվող աշխատատեղերով:

Մասնաճյուղում աշխատում են 53 դասախոսներ, նրանցից 21-ն ունեն գիտական աստիճան, այդ թվում՝ 4 դոկտորներ: Լավագույն շրջանավարտներն ուսումը շարունակում են մագիստրատուրայում, ասպիրանտու­րայում, ինչպես նաև արտերկրում՝ ստա­նալով մագիստրոսի, ճարտարագետ-հետազոտողի որակավորում:

Մասնաճյուղն ունի տարածաշրջանային գործընկերների մեծ ցանց՝ ավելի քան 55 ձեռնարկություններ:

 Մասնաճյուղում գործում են համակարգչային, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի, շինանյութերի, քիմիայի, տրանսպորտային միջոցների կառուցվածքի, ճանապարհային երթևեկության կանոնների, տեքստիլ նյութագիտության, թեթև արդյունաբերության տեխնոլոգիայի, մեքենաշինության տեխնոլոգիայի, արգելակային սարքավորումների և հարմարանքների ուսումնագիտական արհեստանոց-լաբորատորիա, շփագիտության գիտահետազոտական լաբորատորիա, սմարթ լաբորատորիա, գրաֆիկայի, երկրաբանության կաբինետներ, անգլիախոսների ակումբ, տեխնոլոգիական կարողություններով լսարաններ, էլեկտրոնային ընթերցասրահ, ռոբոտատեխնիկական խմբակ, փակ և բացօթյա մարզահրապարակներ: Բոլոր մասնաշենքերում առկա է Wi-Fi ինտերնետային կապ: Հարութ Պրոնոզյանի անվան լսարանն ունի տեխնիկական հնարավորություններ՝ on-line կապ ստեղծելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի և տարածաշրջանային մասնաճյուղերի միջև: Գործում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գերժամանակակից Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) մասնաճյուղը՝ մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի գծով, որը ստեղծվել է «Արդիական, միասնական Պոլիտեխնիկ» դրամաշնորհի շրջանակներում: 

Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը գործում է 1996 թվականից: Շրջանավարտների գերակշիռ մասը համալրել և համալրում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական համակազմը: Շրջանավարտներից 5-ը գիտությունների թեկնածու են դարձել: Ավագ դպրոցում ակտիվ գործում է ռոբոտաշինության խմբակ, որն ունեցել է բազմաթիվ նվաճումներ և հաղթանակներ:

Մասնաճյուղն ակտիվ մասնակցություն և հարուստ փորձ ունի նաև միջազգային ծրագրերում (DIUSAS, PICQA, ARARAT, INARM):

Մասնաճյուղում ավանդույթ են դարձել ուսանողական ամենամյա գիտաժողովների կազմակերպումը և լավագույն աշխատանքների խրախուսումը:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հատկապես կարևորում է համագործակցությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ: ՎՏԿ-ն բարենպաստ միջավայր է ստեղծում բուհի համար նորարար մտքերի, գաղափարների իրագործման, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքները նոր բնագավառներում օգտագործելու համար: Պոլիտեխնիկի ուսանողները պրակտիկայի ընթացքում օգտվում են կենտրոնում առկա «Մետաղամշակման ճարտարագիտական» և «Եռաչափ տպիչների ճարտարագիտական» լաբորատորիաներից: Ավագ դպրոցի ընտրված աշակերտները սովորում են Yandex-ի Ծրագրավորման դպրոցում, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Yandex-ի Ծրագրավորման դպրոցի համատեղ կրթական ծրագիր է` նախատեսված 9-11-րդ դասարանների աշակերտների համար: