Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ մասնագիտությունների էքսպո՝ Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանի նախաձեռնությամբ, որի շրջանակներում Պոլիտեխնիկի տանիքի ներքո հավաքվել էին Վանաձոր քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցների 10, 11 և 12-րդ դասարանի աշակերտներ, տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտներ։
Հանդիպման նպատակը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտները ծանոթանան տարբեր մասնագիտությունների, կրթական ծրագրերի և կարիերայի հնարավորությունների հետ: Այս միջոցառումը հնարավորություն տվեց վերջիններիս հանդիպել համալսարանի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկություններ ստանան մասնագիտությունների պահանջների ու առկա աշխատաշուկայի պահանջների մասին:
ՊՈԼԻEXPO 2024-ում Մասնաճյուղի տարբեր ամբիոնները և մեր ավագ դպրոցը ներկայացրել են իրենց սեփական ներկայացուցչական տաղավարները, որտեղ ցուցադրել են իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, ուսումնական նյութերը, կիրառական նախագծերը, ինչպես նաև նորագույն սարքավորումները։ 200-ից ավել հյուրերը շրջեցին տաղավարներով, յուրաքանչյուր ամբիոնի ներկայացուցիչ, ինչպես նաև ընդգրկված ուսանողներ մանրամասն ներկայացրին իրնեց կողմից առաջարկվող մասնագիտությունները։ Մասնագիտական կողմնորոշումն իրականցվում էր ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարական ճարտարագիտություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն» և «Մեքենաշինություն և Նյութերի մշակում»։
ՊՈԼԻEXPO 2024-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ գործընկեր կազմակերպությունների տնօրենների և ներկայացուցիչների հետ, ովքեր լավագույնս ներկայացրին իրենց ընկերությունը, առկա թափուր աշխատատեղերը և պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև՝ ընդգծեցին ինժեներական կրթության կարևորությունը։ Նշենք, որ հրավիրված գործատուների մեծ մասը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հաջողակ կարիերայի ուղի կերտած շրջանավարտներն էին։
Հյուրընկալել էինք գործընկեր կազմակերպություններ՝ «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Զելըս» ՍՊԸ-ն, «Գուրուս» ՍՊԸ-ն և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչներին, ովքեր թիրախային ներկայացրին իրենց ոլորտը և պոտենցիալ դիմորդներին ուղղորդեցին դեպի Պոլիտեխնիկ։
Շրջայց կատարեցինք նաև STEM գիտելիքների խթանման նպատակով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում ՀԱՊՀ անմիջական օժանդակությամբ և USAID Armenia-ի աջակցությամբ ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Ռոբոտոտեխնիկայի և Ինժեներական լաբորատորիաներով, որտեղ և՛ արցախահայ աշակերտները, և՛ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները մասնակցելու են անվճար հիմունքներով կազմակերպվող դասընթացներին։
Վերջում 200-ից ավել մասնակիցներին բաժանվեցին Պոլիտեխնիկի բուկլետներ, թռուցիկներ, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ ուսումնասիրել և որոշումներ կայացնել իրենց կրթական ուղղվածության վերաբերյալ: