Սեպտեմբերի 1-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների հետ: Այսօր Պոլիտեխնիկում մեկնարկեց ուսումնական տարին։ Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի օրվա առթիվ: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ մեծ ձեռքբերումների համար։ Պոլիտեխնիկի դերը առավել կարևոր է պետության զարգացման ու հզորացման գործընթացում»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտների գրանցած հաջողություններն ու նվաճումները և հորդորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային:
Շնորհավորանքներին միացան ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը, Մասնաճյուղի ավագ դպրոցի սան, Մասնաճյուղի շրջանավարտ, ներկայիս դասախոս, ՎՏԿ-ի կրթական մասնագետ Ինեսա Մկրտչյանը, ով ներկաներին պատմեց իր հաջողության ուղու մասին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կապիտան Կարեն Հովսեփյանը, ով կարևորեց ինժեներական կրթության դերը հայկական բանակի հզորացման գործում։
Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2023-2024 տարվա ուսումնական գործընթացը:
Բոլորին մաղթում ենք արդյունավետ ուսումնական տարի։