ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մարտի 21-ին կազմակերպվել էր օլիպիադա մաթեմատիկա առարկայից՝ նվիրված մասնաճյուղի հիմնադրման 65-ամյակին։ Մաթեմատիկայի օլիպիադային մասնակցեցին Վանաձոր քաղաքի հիմնական դպրոցների 9-րդ դասարանների 45 աշակերտ։
Օլիմպիադան նրանց հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց մաթեմատիկական մտածողությունն ու տրամաբանությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո լավագույն
աշակերտները կպարգևատրվեն։ Իսկ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում ուսումը շարունակել ցանկացողներին ընդունելության ժամանակ կտրվի նախապատվություն։
Փետրվարի 15֊ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի վաղեմի գործընկեր, Zealous (նախկին՝ Instigate Mobile) ընկերության ծրագրերի ղեկավար Նելսոն Մամուլյանի, ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների միջև։
Ինտերակտիվ քննարկման ընթացքում վերլուծվեցին ՏՏ ոլորտում առկա մասնագիտական ուղղությունները և կարծիքներ փոխանակվեցին ուսանողների մասնագիտական հետաքրքրություններից։
Ներկայացվեց ընկերության ու բուհի համագործակցության նախապատմությունը, այդ թվում նաև, 12 տարի առաջ բուհում Instigate Mobile֊ի համահիմնադիրների կողմից առաջին դասընթացների մասին, որի արդյունքում բուհի ուսանողներից ընկերությունը ձեռք բերեց իր առաջին աշխատակիցներին, ովքեր այսօր Zealous֊ի մենեջերներն ու առաջատար մասնագետներն են։ Ակտիվ քննարկում եղավ հատկապես ընկերության՝ Վանաձորում իրականացվող կրթական ծրագրի՝ գերազանցության կենտրոնի մասին։
Ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալիքները, առանձնահատկությունները, մուտքային նախապայմաններն ու ժամկետները։ Անդրադարձ եղավ նաև այդ ամենի արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ներդրման հնարավորություններին, մասնավորապես, թե ինչպես կարող են համայնքն ու տարածաշրջանը, ինչպես նաև ընկերությունը, բուհն ու այլ հավանական գործընկերներ շահել դրանից։ Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը, ուսանողները ցանկություն հայտնեցին այցելել նաև ընկերության գրասենյակ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է խոսակցական անգլերենի անվճար դասընթաց՝ ամերիկացի լեզվակիրների հետ: Դասընթացը վարում են ամերիկացի կամավորներ Դեյվիդը և Սինդին։
Ինչպես գիտենք, կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն և միջոց է, որը մեր առջև բացում է լայն հնարավորություններ:
Ուստի, այս դասընթացի նպատակն է բարելավել ուսանողների անգլերենի իմացության մակարդակը, խթանել ուսանողների մասնակցությանը փոխանակման, միջազգային տարբեր ծրագրերին։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը բազմիցս նշում է. «Պոլիտեխնիկցիներն առանձնանում են տեխնիկական գիտելիքներով և նորաստեղծային հատկանիշներով, ուստի կարևորում ենք զարգացնել նաև լեզվական հմտությունները: Ճարտարագետների լեզվական հմտություններն էլ ավելի են խթանում վերջիններիս մասնագիտական զարգացմանը, նպաստում են ուսանողների մասնակցությանը փոխանակման տարբեր ծրագրերին և մրցունակ կարիերայի ձևավորմանը»:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը փորձում է անել լավագույնը՝ ի նպաստ ուսանողների։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն ամեն տարի հյուրընկալում է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին։ Այցի նպատակը ուսանողներին իրազեկելն է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի առաքելության, դիմելու կարգի և ծրագրի առավելությունների մասին։
Սկզբում տեղի ունեցավ հանդիպում Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով կարևորեց Մասնաճյուղի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համագործակցությունը և դրա շարունակությունը և նշեց, որ վերջինս կատարում է հայրենանվեր աշխատանք։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ Այս նպատակով, իր թիմում ընդգրում է տարբեր մասնագիտությունների լավագույն ուսանողներին՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։
Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն աչքի են ընկել իրենց ինժեներական և ստեղծագործ հմտություններով և մտածողությամբ: Նշենք, որ մեր շրջանավարտները բացի դասավանդվող առարկաներից՝ ունակ են ղեկավարել նաև ռոբոտաշինական, ձեռնարկատիրական և այլ խմբակներ:
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչ-առաջնորդներ, այնուհետև երկու տարով գործուղում՝ Հայաստանի մարզային դպրոցներ։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրն ունի մի գերնպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։
Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր տանիքի ներքո հավաքել էր Վանաձոր քաղաքի տարբեր ավագ դպրոցների 11 և 12-րդ դասարանի աշակերտներին։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտները։ Հանդիպման նպատակը ծանոթացումն էր մասնագիտությունների հետ և ավագ դպրոցի աշակերտների կողմնորոշումը դեպի Պոլիտեխնիկ։
Մասնագիտական կողմնորոշումն իրականցվեց ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն» և «Մեքենաշինություն և նյութերի մշակում»։ Այս առումով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր համապատասխան գործընկեր կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ՝ լավագույնս ներկայացնելու իրենց ընկերությունը, պահանջվող գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև՝ գործատուի կողմից ընդգծելու ինժեներական կրթության կարևորությունը։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեններին և ներկայացուցիչներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը և միջոցառմանը ներկա գտնվելը։ Նշեց, որ նմանօրինակ միջոցառումներն իրականացվում են իշահ մեր վաղվա ուսանողի, որպեսզի նա ունենա բավականաչափ տեղեկություն՝ իր գիտելիքներն ու ներուժը ճիշտ տեղում օգտագործելու համար։
Մեր գործընկեր «Թաֆբիլթ Արմենիա» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը ներկայացրեց իր ընկերությունը և նշեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում ամենապահանջված մասնագիտությունը ինժեների մասնագիտությունն է, մասնավորապես իր ղեկավարած ընկերությունում ունեն մեխանիկ ինժեներների կարիք։
Հյուրընկալել էինք նաև ճարտարապետաշինարարական «Արխիդաչ և Արդեսկ» ընկերությունների Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Անի Ասատրյանին և մեր շրջանավարտ, ներկայիս դասախոս Յուրի Հարությունյանին, ովքեր հանգամանալից ներկայացրին ընկերությունը և իրենց կատարած նախագծերը։ Վերջիններս նշեցին, որ իրենց ընկերությունում գերակշռող մասը կազմում են Պոլիտեխնիկի ուսանողներն ու շրջանավարտները։
Հյուրընկալել էինք նաև «Զելըս» ընկերության աշխատակիցներ՝ ավագ ծրագրավորողներ Նանե Համբարձումյանին և Արաքսյա Համբարյանին։ Նրանք մեր լավագույն շրջանավարտներից են։ Նանեն մոտիվացրեց աշակերտներին զինվել գիտելիքներով և լինել մրցունակ, ներկայացրեց, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ ՏՏ ոլորտում աշխատելու համար։
Մեզ մոտ առաջին անգամ հյուրընկալել էինք Ստեփանավանում կառուցվող հայ-չեխական թեթև ինքնաթիռների արտադրության գործարանի տնօրեն Կամո Ղարաջյանին։ Նա նշեց, որ հեռանկարային շատ ծրագրեր ունեն մեր «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության ուսանողների հետ, որն իր մեջ ներառում է մասնագիտական պրակտիկաներ Չեխիայում և աշխատանքի մեծ հնարավորություններ ավիացիոն ընկերությունում։
Հյուրերին ողջունեց «Հումանիտար առարկաների և տնտեսագիտություն» ամբիոնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը, ներկայացնելով նաև «Տնտեսագիտություն» մասնագիտությունը։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանն իր ելույթում հորդորեց աշակերտներին ուշադրություն դարձնել իրենց գիտելիքների շարունակաբար վերազինման վրա, լինել մրցունակ և վստահաբար ասաց, որ այդ գործընկեր կազմակերպություններում գերակշիռ մաս են կազմելու մեր դպրոցի աշակերտները՝ ըստ իրենց ստացած ինժեներական կրթության։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ամփոփելով միջոցառումը, կարևորեց նաև աշակերտների կողմից օտար լեզվի իմացությունը, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ մասնակցել տարբեր փոխանակման ծրագրերի։
Հանդիպման վերջում համագործակցության համաձայնագիր կնքվեց ԿԳՄՍՆ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ։
Հուսով ենք, որ ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կկարողանան մասնագիտորեն ճիշտ կողմնորոշվել:
2023թ. նոյեմբերի 16-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Շինարարական ճարտարագիտություն» ամբիոնում, ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր» սեկցիայի գիտական կոնֆերանսը, որին մասնակցում էին նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի համապատասխան ամբիոնի և Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Համաձայն գիտաժողովի ծրագրի, ներկայացվեցին 8 գիտական հոդվածներ, զեկույցներից հետո տեղի ունեցան բովանդակային քննարկումներ և հանձնաժողովը որոշեց 8 գիտական հոդվածները երաշխավորել տպագրության՝ ՀԱՊՀ տարեկան ԼՐԱԲԵՐ գիտական հոդվածների ժողովածույում:
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի հանրային իրազեկման շրջանակներում պարբերաբար իրականացվել են բնապահպանական կրթության դասընթացներ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում։ Նշենք, որ ծրագրին ինտեգրված են նաև Մասնաճյուղի դասախոսներ և ամբիոնի վարիչներ։
Այս անգամ ծրագրի փորձագետ Արմեն Բոդոյանը Մասնաճյուղի ուսանողների հետ անցկացրեց Կոշտ կենցաղային թափոնների կառավարման դասընթաց։
Վերջում տեղի ունեցավ մտքերի և հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվեց ՊԵԿ-ում առկա աշխատատեղերի, անվճար կազմակերպվող դասընթացների և դիմելու ընթացակարգի մասին։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, կարևորելով բուհ-գործատու համագործակցությունը, առանցքային ուշադրություն է դարձնում նմանօրինակ հանդիպումների կազմակերպմանը, որը նպաստում է ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցին։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի ներկայացուցիչները ուսանողների հետ ունեցան հարցուպատասխան, քննարկվեցին ոլորտային հարցեր և հետաքրքրվեցին դեկտեմբերին անվճար դասընթացներին մասնակցելու հնարավորության մասին։
Նշենք, որ 4-5 շաբաթ տևողությամբ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր, որը կգործի երեք տարի։
Ներկայացված հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկի գերակշիռ մասը Պոլիտեխնիկի մասնագիտություններն են։
Հանդիպմանը հրավիրվել էին նաև Մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև, մասնագիտական կողմնորոշման և իրազեկման հանդիպումների ընթացքում բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի ավագ դպրոցներից ավարտական դասարանի աշակերտներ։ Նպատակը՝ խթանել ինժեներական կրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման գործընթացը։
Հետագայում ակնկալում ենք ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև սերտ համագործակցություն։
Օրերս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ էին այցելել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ TACEESM «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM Erasmus+ Project) նախագծի ներկայացուցիչները։ Վերջիններս հանդիպում-քննարկում ունեցան Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Շինարարության ամբիոնի վարիչ Աշոտ Գյուրջինյանի, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանի և շինարարության ոլորտի այլ դասախոսների հետ` նախանշելով համագործակցության նոր հնարավորություններ։ TACEESM նախագիծը մեկնարկել է 2020թ․ նոյեմբերի 15-ին և միտված է ապահովել բարձրագույն կրթության որակը գործընկեր երկրներում՝ ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտներում և բարձրացնել դրա արդիականությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Նախագիծը համակարգվում է Իտալիայի Գ․Դ․ Անուզիոյի համալսարանի կողմից, իսկ կոնսորցիումը ընդգրկում է գործընկեր բուհեր նաև Բոստնիա և Հերցեգովինայից և Սլովենայից։ Հայաստանյան բուհերից նախագծում ընդգրկված են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` մասնավորապես Վանաձորի մասնաճյուղը։
Նախագծի արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկեր համալսարան պետք է բարելավի ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտների առնվազն 2 առարկայական ծրագրեր (1 բակալավրիատի և 1 մագիստրատուրայի)՝ հիմնվելով աշխատաշուկայի կարիքների վերլուծության վրա: Ուսումնական պլանները պետք է լրամշակվեն ներկայումս դասավանդվող նորացված կամ լիովին նոր առարկաներով, որոնց ցանկը առաջարկված է նախագծի կողմից: Նախագծի շրջանակներում մշակվել են նաև համապատասխան ուսումնամեթոդական նյութեր։ Նախագծի շրջանակներում մշակված պլատֆորմի հիմնական շահառուներից են նաև Վանաձորի մասնաճյուղի շինարարական մասնագիտության ուսանողները և շրջանավարտները։
Այցի ընթացքում հայ և արտասահմանցի հյուրերը շրջայց արեցին Արխիդաչ ընկերություն, ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Անի Ասատրյանը հանգամանալից ներկայացրեց իրենց գործունեությունը և հեռանկարները, եղան նաև ինժեներական լաբորատորիայում` ծանոթանալով վերջինիս հնարավորություններին։
Սեպտեմբերի 1-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների, բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների հետ: Այսօր Պոլիտեխնիկում մեկնարկեց ուսումնական տարին։ Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը և Պոլիտեխնիկի հիմնը:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի օրվա առթիվ: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ մեծ ձեռքբերումների համար։ Պոլիտեխնիկի դերը առավել կարևոր է պետության զարգացման ու հզորացման գործընթացում»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտների գրանցած հաջողություններն ու նվաճումները և հորդորեց վերջիններիս լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային:
Շնորհավորանքներին միացան ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը, Մասնաճյուղի ավագ դպրոցի սան, Մասնաճյուղի շրջանավարտ, ներկայիս դասախոս, ՎՏԿ-ի կրթական մասնագետ Ինեսա Մկրտչյանը, ով ներկաներին պատմեց իր հաջողության ուղու մասին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կապիտան Կարեն Հովսեփյանը, ով կարևորեց ինժեներական կրթության դերը հայկական բանակի հզորացման գործում։
Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2023-2024 տարվա ուսումնական գործընթացը:
Բոլորին մաղթում ենք արդյունավետ ուսումնական տարի։