Փետրվարի 15֊ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի վաղեմի գործընկեր, Zealous (նախկին՝ Instigate Mobile) ընկերության ծրագրերի ղեկավար Նելսոն Մամուլյանի, ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների միջև։
Ինտերակտիվ քննարկման ընթացքում վերլուծվեցին ՏՏ ոլորտում առկա մասնագիտական ուղղությունները և կարծիքներ փոխանակվեցին ուսանողների մասնագիտական հետաքրքրություններից։
Ներկայացվեց ընկերության ու բուհի համագործակցության նախապատմությունը, այդ թվում նաև, 12 տարի առաջ բուհում Instigate Mobile֊ի համահիմնադիրների կողմից առաջին դասընթացների մասին, որի արդյունքում բուհի ուսանողներից ընկերությունը ձեռք բերեց իր առաջին աշխատակիցներին, ովքեր այսօր Zealous֊ի մենեջերներն ու առաջատար մասնագետներն են։ Ակտիվ քննարկում եղավ հատկապես ընկերության՝ Վանաձորում իրականացվող կրթական ծրագրի՝ գերազանցության կենտրոնի մասին։
Ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալիքները, առանձնահատկությունները, մուտքային նախապայմաններն ու ժամկետները։ Անդրադարձ եղավ նաև այդ ամենի արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ներդրման հնարավորություններին, մասնավորապես, թե ինչպես կարող են համայնքն ու տարածաշրջանը, ինչպես նաև ընկերությունը, բուհն ու այլ հավանական գործընկերներ շահել դրանից։ Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը, ուսանողները ցանկություն հայտնեցին այցելել նաև ընկերության գրասենյակ։