ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն ամեն տարի հյուրընկալում է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին։ Այցի նպատակը ուսանողներին իրազեկելն է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի առաքելության, դիմելու կարգի և ծրագրի առավելությունների մասին։
Սկզբում տեղի ունեցավ հանդիպում Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով կարևորեց Մասնաճյուղի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համագործակցությունը և դրա շարունակությունը և նշեց, որ վերջինս կատարում է հայրենանվեր աշխատանք։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ Այս նպատակով, իր թիմում ընդգրում է տարբեր մասնագիտությունների լավագույն ուսանողներին՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։
Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն աչքի են ընկել իրենց ինժեներական և ստեղծագործ հմտություններով և մտածողությամբ: Նշենք, որ մեր շրջանավարտները բացի դասավանդվող առարկաներից՝ ունակ են ղեկավարել նաև ռոբոտաշինական, ձեռնարկատիրական և այլ խմբակներ:
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչ-առաջնորդներ, այնուհետև երկու տարով գործուղում՝ Հայաստանի մարզային դպրոցներ։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրն ունի մի գերնպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։
Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները: