«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամն անչափ կարևորում է համագործակությունը Հայաստանի բոլոր բուհերի եւ կրթական հաստատությունների հետ։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում հիմնադրամը սերտ աշխատել է տարբեր բուհերի հետ, կազմակերպել ֆոկուս խմբեր, մասնակցել ներբուհական աշխատանքային տոնավաճառներին, փորձել առավելագույնս ներգրավված լինել բոլոր միջոցառումներում։ Բուհերը, որոնց հետ հիմնադրամն սերտ աշխատել է, նախ դարձել են գործընկեր, ապա ընկեր, իսկ այժմ խորացնում են այդ համագործակցությունը՝ ստորագրելով համագործակցության հուշագրեր։
Մարտի 15-ը նշանավորվեց ևս մեկ ստորագրված համաձայնագրով։ Այս անգամ կնքվեց համաձայնագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի հետ։ Համաձայնագիրը ստորագրվեց «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանի ու ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի կողմից։
Ստորագրման արարողությունից հետո նույն համալսարանում կազմակերպվել էր պրեզենտացիա, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել մեր ծրագիրը, դրա մանրամասներն ու առավելությունները։ Մենք շատ ոգևորված ենք, որ Վանաձորի շրջանավարտների ու ուսանողների շրջանում այդքան հետաքրություն է առաջացնում մեր ծրագիրը, եւ մեծ է մասնակցության ցանկությունը։ Բոլորին կոչ ենք անում դիմելու, քանի որ հայտադիմումների ընդուման երրորդ վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված մայրերի տոնին: Միջոցառումը նախաձեռնել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները աշակերտների մոտ ձևավորում են գեղագիտական ճաշակ և զարգացնում են նրանց ստեղծագործական միտքը: Միջոցառման ընթացքում աշակերտները ցուցադրեցին իրենց ունակությունները ասմունքի, երգի, պարի բնագավառներում, ինչպես նաև՝ ցուցադրեցին կախարդական գեղեցիկ հնարքներ:
Գարնանային օրերն ավելի են իմաստավորվում և շունչ առնում, երբ դրանք ասոցացնում ենք կնոջ, քրոջ և մայրիկի հետ, քանզի մեզ կյանք պարգևողները և այն գունեղ դարձնողները հենց մեր մայրերն են: Այս միջոցառման առանցքում ևս մայրն էր՝ իր ողջ քնքշությամբ և հմայքով: Աշակերտները իրենց սրտառուչ խոսքերը մայրերին ձոնելուց հետո նրանց նվիրեցին ծաղիկներ, ժպիտներ և գեղեցիկ հույզեր պարգևեցին իրենց մայրերին: Ուսուցիչները ևս արժանացան հարգանքի, քանզի նրանք նույնպես համարվում են կրթող և դաստիարակող մայրեր:
Միջոցառմանը հյուրընկալվել էին այլ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և փոխտնօրեններ, ովքեր իրենց երախտիքի խոսքն ասացին 10-րդ «ա» դասարանի դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանին՝ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Պոլիտեխնիկն ունի ոչ միայն ինժեներական և տեխնոլոգիական մտածողության կարողություն, այլև գեղագիտական և նրբաճաշակ վերաբերմունքի դրսևորում գեղեցիկի նկատմամբ:
Մարտի երկուսին, ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկայի ուսուցչուհի Արմանուշ Դիլբարյանի և ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհի Վարդուհի Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:
Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Մասնագիտական կողմնորոշման նպատակով արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունների ցանկը, խոսեց ակտիվ գործընկերային կապի մասին, Պոլիտեխնիկի շրջանավարտների ձեռքբերումների և հանրության շրջանում ունեցած իմիջի մասին: Աշակերտները ծանոթացան նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով խոսեց ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: Նման հանդիպումները ողջունելի են, քանի որ դրանք խթանում են բուհ-դպրոց համագործակցությանը:
Փետրվարի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի X բ դասարանը՝ դասղեկ Լուսինե Սարգսյանի օգնությամբ կազմակերպել էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառման նպատակն էր խթանել աշակերտների տրամաբանական մտածողությունը, հետաքրքրություն առաջացնել ինտելեկտուալ խաղերի նկատմամբ: Չնայած դպրոցը ֆիզմաթ ուղղվածություն ունի, հարցերը տարաբնույթ բովանդակություն ունեին: Աշակերտները կարողոցան դրսևորել իրենց գիտելիքները՝ պատասխանելով տարբեր բնագավառներից հնչած հարցերին: Ակտիվ խաղափուլերից հետո ԳԻՏԱԿՆԵՐ և ՀԱՆԴԻՍԱՏԵՍ պայքարում հաղթեցին ԳԻՏԱԿՆԵՐԸ: Բոլոր մասնակիցները տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Հուսով ենք՝ նմանատիպ նախաձեռնությունը լավ սկիզբ կլինի այլ հետաքրքիր միջոցառումների համար, որոնց շնորհիվ աշակերտների առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և բովանդակալից:
Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն իրենց ղեկավար Ա. Բալյանի հետ մասնակցեցին Digitec բնագիտա-տեխնիկական ստուգատեսին: Մխիթար Սեբաստացի կր
թահամալիրի հյուրընկալ հարկի տակ նրանք երեք օր ներկա գտնվեցին վարպետաց դասերին, կատարեցին ֆիզիկայի և քիմիայի փորձեր, ծանոթացան եռաչափ տպիչի աշխատանքի սկզբունքներին: Ծանոթացան բրուտագործական արհեստանոցի աշխատանքներին, կրթահամալիրի աստղացույցում դիտեցին կայծակների վերաբերյալ ինտերակտիվ ֆիլմ, հաճույքով ազատ ժամանակն անցկացրեցին հրաձգարանում և մարզասրահում:
Ստուգատեսի երրորդ օրը նախատեսված էր ցուցադրություն, որտեղ մեր աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած ական փնտրող ռոբոտին, ինչպես նաև հետաքրքիր անիմացիաներ ֆիզիկա, քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:
Աշակերտներն առանձնահատուկ հպարտությամբ էին ներկայացնում նախորդ մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու հաջողությունները: Նրանք նշեցին, որ անցյալ տարի ևս մասնակցել են բնագիտա-տեխնիկական ստուգատեսին, ստացել գլխավոր մրցանակ: Մրցանակի գումարն օգտագործել են՝ խմբակի համար տարբեր սարքավորումներ գնելու նպատակով: Սարքավորումների օգնությամբ
պատրաստել են ական փնտրող ռոբոտին և մասնակցել մրցույթի: Գարնանը, Ական փնտրող ռոբոտների մրցույթում ստացել են խրախուսական մրցանակ՝ 100.000 դրամ, այդ գումարով նրանք գնել են սնունդ և հիգիենայի պարագաներ և ուղարկել դիրքերում կանգնած մեր հերոս զինվորներին:
Ստուգատեսային օրերին ընթացքում աշակերտները ձեռք բերեցին շատ ընկերներ և տուն վերադարձան մեծ տպավորություններով:
Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Yandex ծրագրավորման դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Յանդեքս Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի կրթական ծրագրերի ղեկավար Սերգեյ Չեռնիշևը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, տեխնոլոգիական և գործարար համայնքների տարբեր ներկայացուցիչներ, ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: Ծրագրավորման դպրոցը Yandex-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) համատեղ կրթական ծրագիրն է` նախատեսված 9-11-րդ դասարանների աշակերտների համար:
Ծրագրի նպատակն է ուղորդել դպրոցականներին ծրագրավորման ոլորտ, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև խթանել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ բացվել է Yandex ծրագրավորման դպրոցը: Աշակերտները կսովորեն ամենահայտնի ծրագրավորման լեզուներից մեկը՝ Python-ը և կփորձեն իրենց ուժերը ոչ շատ մեծ նախագծերում: Ուսման ընթացքում մշտապես կիրականացվի աշակերտների առաջադիմության, տնային և ստուգողական աշխատանքների մոնիթորինգ, ինչի արդյունքում, դասընթացները հաջողությամբ ավարտած աշակերտները կստանան ավարտական վկայականներ: Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է: Արդեն իրականացվել է դպրոցի ընդունելություն, որի արդյուքնում 218 դիմորդներից վերջնական փուլ անցել են 28-ը, որից 8-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներ են:
Մեր ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վահե Ասլոյանը հաղթող է ճանաչվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից անցկացված KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթում:
Վահեն մրցույթին մասնակցել է եղբոր` Նարեկի հետ:
Հոկտեմբերին, երբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում դպրոցականների համար անցկացված KODU խաղերի ծրագրավորման դասընթացի ավարտին հայտարարվել է մրցույթի մասին, եղբայրները որոշել են՝ միասին կմասնակցեն մրցույթին:
Ասլոյան եղբայրները նախ մրցակցել են Լոռու մարզի տարբեր համայնքներից մրցույթին մասնակցող շուրջ 100 դպրոցականների հետ: Հոկտեմբերի 29-ին անցկացված մրցույթի առաջին փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 22 դպրոցական: Դեկտեմբերի 3-ին աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած խաղերը: Արդյունքում լավագույնն է ճանաչվել վանաձորցի Ասլոյան եղբայրների աշխատանքը, ինչի համար նրանք արժանացել են մրցանակի՝ դյուրակիր համակարգչի տեսքով:
«Մենք կարողացանք հաղթել մեր ուժերը միավորելու ու համատեղ աշխատելու շնորհիվ»,- ասում է Նարեկը: Հաղթանակի հասնելու համար եղբայրները 7 օրվա ընթացքում ստեղծել են խաղը, ապա շուրջ երկու շաբաթ փորձարկել ու կատարելագործել այն:
«Հույս ունեինք, որ կհաղթենք, որովհետև շատ էինք աշխատել, փորձել էինք օրիգինալ բան մտածել, մաքսիմալ լավ գրաֆիկական դիզայն ստանալ»,- նշում է Վահեն:
Հարցին՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ո՞ր կազմակերպությունում կցանկանար վաղն աշխատել, Վահեն պատասխանում է՝ կուզեի իմ սեփական կազմակերպությունն ստեղծել։
«Այսօր շատ մարդիկ կան, որ բարձրագույն կրթություն ունեն, բայց աշխատանք չունեն, չեն կարողանում գտնել: Ծրագրավորողի մասնագիտությունը քեզ թույլ է տալիս մշտապես ու նաև բարձր վարձատրվող աշխատանք ունենալ:
Ծրագրավորողի իր կարիերան Վահեն ցանկանում է շարունակել Վանաձորում, եթե միայն առաջիկայում մարզն իսկապես առաջընթաց գրանցի այդ ոլորտում:
Հաջողություն Վահեին և մեր դպրոցի բոլոր աշակերտներին` իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում «ՆԱՏՕ շաբաթ Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում և քննարկում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը կազմակերպել էր «Հայկական ատլանտյան ասոցիացիա» (ՀԱԱ) հասարակական կազմակերպությունը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը ողջունեց հյուրերին: Հանդիպումը վարում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ատլանտյան ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Թևան Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի դերն ու գործառույթները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնախնդիրները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործընթացում: 2007 թ.-ից ի վեր ՀԱԱ-ն ՆԱՏՕ-ի ամենամյա կրթարշավներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում:
ՀԱԱ-ի առաքելությունը Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացմանը նպաստելն է, մասնավորապես, հայ հասարակության մեջ մերօրյա աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ ընկալման և իրազեկության բարելավման միջոցով: 2001թ.-ից ՀԱԱ-ն Ատլանտյան դաշինքի ասոցիացիայի անդամ է: Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:
Ուզում եմ հրապարակավ շնորհավորել Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր պարոն Արմեն Խառատյանին և ահա թե ինչու…
Այսօր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղում հաջողությամբ ավարտվեց «Մեր համայնքը․ Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն շահերի ու փոխզիջումների» մոդելավորում-խաղերի ու դասընթացների եռօրյա շարքը, որ կազմակերպել էին գերմանական «CIVIC» Միջազգային կրթության ինստիտուտը, Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտը` Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ: Հայաստանում որպես գործընկեր հանդես էր գալիս ԵՊՀ-ի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ):
Մի քանի նկատառում.
Նախ, ուզում եմ գերմանացի մեր գործընկերների անունից կրկին շնորհակալություն հայտնել ինստիտուտի ռեկտոր, պարոն Արմեն Խառատյանին սեմինարը հյուրընկալելու, կազմակերպելու, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների ակտիվ մասնակացությունն ապահովելու համար՝ ելնելով սեմինարի կրթական բաղադրիչի կարևորությունից:
Սովորության համաձայն (գուցե և լավ սովորություն չէ ), երբ այցելում եմ որևէ կրթական հաստատություն, սկսում եմ ուշադիր հետևել շենքի ներքին հարդարանքի պահպանմանը, ուսանողների կարգապահությանն ու վարվելակերպին, բուհի տնտեսական աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակին և այլն …սուր աչք ունեմ , իմիջայլոց:
Խոստովանեմ, որ հաճելիորեն զարմացած եմ: Եթե ես լինեի դպրոցի ավարտական դասարանում, մեծ հաճույքով բարձրագույն կրթություն կստանայի Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում և ոչ միայն ուսուցման պայմանների ապահովման մակարդակով պայմանավորված:
Հարցն այն է, որ թե՝ իմ, թե Երևանի իմ գործընկերների և թե գերմանացի մասնագետների համար անակնկալ էր ինստիտուտի ուսանողների էրուդիցիան, ինչպես նաև անգլերենի իմացության մակարդակը: Այս հարցը չեմ ուզում առավել մանրամասնել, քանի որ կային համեմատություններ այլ հեռավոր բուհերի հետ,այդ պատճառով էլ սահմանափակվենք….
Այս առիթով ուզում եմ շնորհավորել պարոն Խառատյանին նման ուսանողներ ունենալու և նրանց կրթող դասախոսական կազմի համար: Վստահ եմ, որ մոտ ապագայում վանաձորցի երիտասարդների համար ևս տեխնիկական կրթությունը լինելու է առաջնային, ինչպես դա նկատվում է մայրաքաղաքում:
Էդիկ Հովսեփյան
Հաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտները հանդիպում ունեցան Մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: Աշակերտները նաև ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև, տեղեկացան բուհի միջազգային կապերին, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությանը, զեղչային համակարգին և այլ մանրամասներին:
Պոլիտեխնիկը մշտապես պատրաստ է հյուրընկալելու աշակերտների, ովքեր մտադիր են մեծ հեռնակրներով ապագա ունենալ, զբաղվել տեխնոլոգիական նորաստեղծությամբ՝ սովորելով և ավարտելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: