Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն իրենց ղեկավար Ա. Բալյանի հետ մասնակցեցին Digitec բնագիտա-տեխնիկական ստուգատեսին: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուրընկալ հարկի տակ նրանք երեք օր ներկա գտնվեցին վարպետաց դասերին, կատարեցին ֆիզիկայի և քիմիայի փորձեր, ծանոթացան եռաչափ տպիչի աշխատանքի սկզբունքներին: Ծանոթացան բրուտագործական արհեստանոցի աշխատանքներին, կրթահամալիրի աստղացույցում դիտեցին կայծակների վերաբերյալ ինտերակտիվ ֆիլմ, հաճույքով ազատ ժամանակն անցկացրեցին հրաձգարանում և մարզասրահում:
Ստուգատեսի երրորդ օրը նախատեսված էր ցուցադրություն, որտեղ մեր աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած ական փնտրող ռոբոտին, ինչպես նաև հետաքրքիր անիմացիաներ ֆիզիկա, քիմիա և ինֆորմատիկա առարկաներից:
Աշակերտներն առանձնահատուկ հպարտությամբ էին ներկայացնում նախորդ մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու հաջողությունները: Նրանք նշեցին, որ անցյալ տարի ևս մասնակցել են բնագիտա-տեխնիկական ստուգատեսին, ստացել գլխավոր մրցանակ: Մրցանակի գումարն օգտագործել են՝ խմբակի համար տարբեր սարքավորումներ գնելու նպատակով: Սարքավորումների օգնությամբ պատրաստել են ական փնտրող ռոբոտին և մասնակցել մրցույթի: Գարնանը, Ական փնտրող ռոբոտների մրցույթում ստացել են խրախուսական մրցանակ՝ 100.000 դրամ, այդ գումարով նրանք գնել են սնունդ և հիգիենայի պարագաներ և ուղարկել դիրքերում կանգնած մեր հերոս զինվորներին:
Ստուգատեսային օրերին ընթացքում աշակերտները ձեռք բերեցին շատ ընկերներ և տուն վերադարձան մեծ տպավորություններով: