Արտադրական պրակտիկայի շրջանակներում «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտություն» ֆակուլտետի ՇՇԻԿԱ մասնագիտության ՎՇՇ 411Բ ակադեմիական խմբի ուսանողներն ամբիոնի վարիչ Ա.Գյուրջինյանի ղեկավարությամբ իրենց արտադրական պրակտիկան անցկացրին «Կանակա» ՓԲԸ–ի Տավուշի մարզի Հաղարծին համայնքի մոտ գտնվող վերակառուցվող կառույցում: Աշխղեկ Արսեն Խուդինյանը, ով նույն մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտ է, մանրամասն և բովանդակալից բացատրեց շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիան: Անվտանգության կանոններին և նախագծերին ծանոթանալուց հետո ուսանողները հնարավորություն ստացան որոշ աշխատանքներ կատարել ինքնուրույն, գեոդեզիական չափումների օգնությամբ ճշտվեցին հիմքերի տեղադրման նիշերը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ պրակտիկա կազմակերպելու հարցում օժանդակելու համար:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մայիսի 20-24-ը մասնակցեցին «Ֆինանսական նորարարություններ ազգային զարգացման համար» ֆորումին՝ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ Կենտրոնական բանկի համագործակցությամբ: Ֆորումն անց էր կացվում անգլերենով, մասնակցում էին Երևանի և մարզերի բուհերից շուրջ 120 ուսանող, ովքեր 5 օրվա ընթացքում փորձելու էին գտնել բանաձևեր, լուծումներ ֆինանսական խնդիրների համար, ինչպես նաև առաջարկելու էին նորարարկան գաղափարներ՝ ոլորտի զարգացման համար: Հիմնական ուղղվածությունը կապված էր գյուղական համայնքների ֆինանսական իրազեկման զարգացման հետ, այսինքն՝ նպաստել մարդկանց ֆինանսապես ավելի իրազեկված լինելուն:
Կազմվել էր 12 հանձնաժողով, ովքեր փորձելու էին գտնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից առաջադրված 12 տարբեր ակտուալ խնդիրների լուծումներ: Խնդիրների շուրջ ուսանողների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ՀՀ Կենտրոնական Բանկին, ինչպես նաև՝ կներկայացվեն ԵԵՊ միջազգային գրասենյակին: Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը միջազգային սեսիաներում: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից նախաձեռնած «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագրի նպատակն է հասարակության շրջանում անձնական ֆինանսների կառավարման կարևորումը և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացումը։ Վերջում լավագույն խմբերը պարգևատրվեցին մրցանակներով, որոնց շարքում տեղ էին զբաղեցնում նաև մեր ուսանողները:
Միջոցառումների շրջանակում Առնո Բաբաջանյանի համերգասրահում կազմակերպվեց համերգ, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Պոլիտեխնիկցի Մերի Արզումանյանը՝ Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությամբ:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Տեխնոլոգիաներ և ճյուղային տնտեսագիտութուն» ֆակուլտետի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» ամբիոնի դասախոսներ Միշա Սարգսյանը, Էդուարդ Շահինյանը, ավագ լաբորանտ Էլյա Տիսինյանը և սույն ֆակուլտետի ուսանողներ ճանաչողական այց կատարեցին «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ:
Ուսանողները գործարանում ծանոթացել են սննդամթերքի փաթեթավորման համար արտադրվող ալյումինե թիթեղի պատրաստման տեխնոլոգիական գործընթացին, այնուհետև այցելել են ձուլման արտադրամաս, ծանոթացել որակի հսկողության համակարգին:
Ուսանողների շրջանում հետաքրքրություն են առաջացրել հատկապես δ=6,5×10-3 մմ հաստություն ունեցող 10 տն զանգվածով փաթույթների պատրաստումը և նորագույն գերմանական հաստոցները: Արդյունքում ուսանողները կարողացան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, նաև տեղեկացան, թե ինչպես կարող են տեսական գիտելիքները կիրառել գործնականում:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի աշխատակազմին և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ճանաչողական այցը կազմակերպելու հարցում օժանդակելու համար:
Մայիսի 03-05-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Ներկայացվեց 83 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը նշելով՝ պատահական չէ, որ գիտաժողովը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մասնաճյուղի 20 ուսանողներ ծառայել են սահմանային դիրքերում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին՝ հերոսաբար պաշտպանելով մեր հայրենիքը: Իսկապես անգնահատելի են մեր զինվորների քաջագործությունները: Գիտաժողովի մասնակիցները ծափողջյուններով մեծարեցին և հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա հերոս պոլիտեխնիկցիներին:
Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.
- Վանիչկա Ղազարյան. «Ղարաբաղյան քառօրյա պատերազմը. նոր սերունդ, նոր հերոսներ»: Ներկայացվեց քառօրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերը, հայ զինվորների անկոտրում պայքարը, ինչպես նաև այն 20 ուսանողների անունները, ովքեր հերոսաբար մասնակցել են քառօրյա պատերազմին: Պոլիտեխնիկն անմասն չի մնացել այդ գործին՝ փորձելով հնարավորինս օգնության հասնել սահմանում գտնվող հայ զինվորին:
- Էդիտա Հովհաննիսյան, Անժելա Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան. «Լոռու մարզի գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայանների ստեղծման ծրագիր»: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել մի գաղափար, որի նպատակն է Լոռու մարզում թիրախային 3 շրջաններում հիմնել գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարավորություն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել օգտագործելով համապատասխան գյուղտեխնիկա: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն հիմք ունենալով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ անցած տարիների համագործակցության փորձը, առաջարկեց մասնաճյուղին մասնակցելու նախագծի իրականացման աշխատանքներին: Ստացված տվյալների հիման վրա ընտրված տարածաշրջանների համար` կախված ցանքատարածություններից և մշակաբույսերի առանձնահատկություններից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսական աշխատանքները կդարձնեն ավելի արդյունավետ: Ներկայումս նախագիծը ներկայացված է «Innovation Matching Grants» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` ֆինանսավորում ստանալու համար Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղնախարարությունում, այն քննարկման փուլում է: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների համար մեքենատրակտորային կայաններում աշխատելու հնարավորություն կստեղծվի:
- Մարգարիտա Մարուքյան. «Նոր մոտեցումներ աղացների մանրացնող բեռնվածքի դինամիկական պարամետրերի որոշման ուղղությամբ»: Ուսումնասիրվել է ռադիոազդանշանային եղանակների կիրառմամբ թրթռաղացներում մանրացնող մարմինների և մանրացվող նյութի բարդ ցիրկուլյացիոն շարժման օրինաչափությունների և մանրացնող մարմինների դինամիկական պարամետրերի մասին ինֆորմացիան, ինչը թույլ կտա ինտենսիֆիկացնել և բարելավել նյութերի մանրացման գործընթացը: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել նաև մեր մասնաճյուղի «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի աշխատակիցների կողմից: Մի շարք հավասարումներ և կախվածություններ են ստացվել, որոնք ընդլայնել են թրթռաղացների կիրառման շրջանակները, նախագծել, պատրաստել և ներդնել դրանք մի շարք ձեռնարկություններում, այդ թվում նաև Վանաձորի «ԳԻՊԿ» ՓԲԸ-ում և Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքի «Տաշիր» ընկերությունների խմբի ձեռնարկությունում:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:
Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության:
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Լոռու մարզի պատասխանատու Արման Աքուլյանը Երևանի իր գործընկերների հետ հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց պրեզենտացիա՝ «Ապահովագրություն, ապահովագրական գործակալ» թեմայով: Ուսանողները մանրամասն տեղեկացան ապահովագրական ընկերությունների, մատուցվող ծառայությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գործակալի գործառույթների մասին, ինչպես նաև՝ համաձայնության դեպքում, ընդգրկել վերջիններիս ապահովագրական աշխատանքների մեջ: Խոսվեց նաև «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական դպրոցում անվճար սովորելու հնարավորության մասին:
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր հանգամանորեն պատասխանեցին նրանց բոլոր հարցերին:
Ուսանողներից շատերը համաձայնեցին ընդգրկվել գործակալի ծավալած աշխատանքներում և իրենց առաջին քայլերն անել՝ գումար վաստակելու համար:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլի հայ ունենք» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր մասնաճյուղի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Սարգսյանը, ով իր խոսքում նշեց.
-Այո՛, ցավով ենք հիշում, սակայն չենք մոռանում, որ այսօր, դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մաքրել արցունքները, անհրաժեշտ է, ոչ թե խնդրել, ոչ թե աղաչել, այլ բողոքի ձայն բարձրացնել, բարձրաձայնել մեր պահանջը, լինել հետևողական և համառ: Միջոցառման անվանումը «էլի հայ ունենք» պատահական չէ: Եվ այսօր, որպես մի հայ մարդ, ցանկանում եմ գալիք սերնդի մեջ ամրապնդել պահանջատիրոջ հոգեբանությունը, այլ ոչ կոտորվածի:
Աշակերտները ոչ միայն հիշեցին և հարգեցին 1915 թվականի անմեղ նահատակների հիշատակը, այլև ևս մեկ անգամ ի լուր աշխարհի լսելի դարձրին իրենց հոգու ճիչը: Եվ վստահ էին, որ յուրաքանչյուր հայի պահանջը կստիպի վերջապես ընդունել Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչումը և պատմական Հայաստանի վերամիավորումը: Դասղեկը և աշակերտները նկարահանել էին տեսաֆիլմ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, որտեղ ծաղիկներ դրեցին և իրենց սրտի խոսքն ասացին զոհերի հիշատակին:
Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն սերմանելու և մեր պատմությունը սերնդեսերունդ փոխանցելու համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կրթության ժամանակն է» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների կողմից: «Կրթության ժամանակն է» աշխատաժողովը վարում էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Մերի Հայրապետյանը: Ուսանողները խմբային խաղերի և ակտիվ քննարկումների միջոցով անդրադաձան ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Քննարկվեցին հետևյալ հարցերը. ժամանակի արդյունավետ կառավարման հիմնարար հասկացություններ, հասանելի նպատակների սահմանում կոնկրետ ժամանակահատվածի համար, կարևոր և երկրորդային նպատակների տարբերակում ուսումնառության ընթացքում, կիսամյակի կտրվածքով ժամանակացույցի ձևավորում, շաբաթական և օրական ժամանակացույցի կազմում, ժամանակի արդյունավետ կառավարման խոչընդոտները, ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ռազմավարություններ:
Էրազմուս+ փորձագետների թիմը փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանության, կրթության որակի ապահովման, ուսումնառության արդյունքների փոխճանաչման և բարձրագույն կրթության արդիականացման այլ ուղղությունների շուրջ։ Փորձագետները տպավորված էին Պոլիտեխնիկի ուսանողների ստեղծագործական և նորարական մտածելակերպով, տրամաբանությամբ և արագ կողմնորոշվելու, ինչպես նաև խնդիրներ վեր հանելու և ճիշտ լուծումներ տալու ունակությամբ: Փորձագետները նշեցին, որ հագեցած, ակտիվ և դրական լիցքերով լի օր են ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում:
Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց «Բաց դռների օր»: Հանդիպման նպատակը ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշումն էր: Արդեն ավանդույթ է դարձել հյուրընկալել տարբեր դպրոցների աշակերտներին: Այս անգամ մեր հյուրն էին Վանաձորի 11-րդ ավագ դպրոցի աշակերտները:
Նրանք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:
Մասնակցեցին մասնաճյուղի դասախոս Շավարշ Ոսկանյանի կողմից անցկացվող ֆիզիկայի ընդհանրական դասին և ծանոթացան ժամանակակից սարքավորումներին: Մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտներին տեղեկություններ հայտնեց ռոբոտների, ռոբոտաշինության խմբակի աշակերտների նվաճումների և մրցանակների մասին: Այնուհետև նրանք ականատես եղան ռոբոտների կատարած աշխատանքներին: Ապագա մասնագիտության ընտրության հարցում աշակերտներին իրենց ելույթներով օգնեցին «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնի վարիչ, ընդունելության պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, արտաքին կապերի պատասխանատու Տաթևիկ Մարգարյանը:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ հանդիպման ընթացքում խոսվեց Պոլիտեխնիկի ձեռքբերումների, ինժեներական և տեխնոլոգիական կրթության կարևորության և արդիականության մասին: «Թեթև արդյունաբերության ճարտարագիտություն և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի վարիչ Ալբերինա Գալստյանը կատարեց քիմիական փորձեր և անցկացրեց ինտերակտիվ քննարկում: Աշակերտները դիտեցին նաև Պոլիտեխնիկի մասին պատմող տեսաֆիլմ: Տեսաֆիլմի դիտումից հետո աշակերտները ճեմասրահում ուսումնասիրեցին Պոլիտեխնիկի պատմությանը վերաբերող պաստառները: Հանդիպեցին նաև ամբիոնների վարիչների, դասախոսների հետ՝ նրանց ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:
Ապրիլի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ ESPAQ Tempus նախագծի շրջանակներում մեկնարկվեց ուսանողական աշխատաժողով: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան ապրիլի 10-13-ը Հայաստանում հյուրընկալել է 16 ուսանողների ԵՄ երկրներից և Շոտլանդիայից: Աշխատաժողովներ են անցկացվել Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մայրաքաղաքի երեք բուհերից հետո մարզային միակ աշխատաժողովը տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում:
ESPAQ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման բարձրացումն է: Այս փուլում իրականացվում է ուսանողների փոխանակումներ Եվրոպական ուսանողական միության և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջև: Ծրագրի նպատակն է նաև ստեղծել փորձի փոխանակման հարթակ, որտեղ ուսանողները կձևավորեն որակի ապահովման վերաբերյալ իրենց տեսակետները և կզարգացնեն որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման վերաբերյալ հմտություններ: Հյուրերին ողջունեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: Այնուհետև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխտնօրեն Սարգիս Աստարյանցը ներկայացրեց ծրագիրը և նպատակները, նշելով, որ հիմնական նպատակն է մասնակիցներին տալ պատկերացումներ ՀՀ-ում ընթացող որակի ապահովման գործընթացների մասին, ինտերակտիվ մեթոդներով մասնակիցների մոտ ձևավորել որակի ապահովման գործընթացներում մասնակցելու անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՈԻԱԱ-ի փորձը որակի ապահովման գործընթացներում:
Իռլանդիայի, Շոտլանդիայի, Լիտվայի, Լեհաստանի ներկայացուցիչները նույնպես մեր ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձով: Այնուհետև կազմակերպվեց խմբային աշխատանք, որում ակտիվ մասնակցություն ունեցան Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:
Սարգիս Ասատրյանցը, հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին Վանաձորի մասնաճյուղում կազմակերպված աշխատաժողովի վերաբերյալ, կարևորեցին տարածաշրջանում նման հանդիպումների կազմակերպումը և ուսանողների ընդգրկվածությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում: Վերջում կազմակերպվեց հյուրերի շրջայց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: