- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթության ընդունելություն հետևյալ կրթական ծրագրերով.
Դասիչ | Կրթական ծրագիր | Քննություններ | տեղեր | ա.թ. բ.զ. | Ուսման վարձ, դրամ | |||
Մրցութային | Ոչ մրցութային | |||||||
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ | 70 | 6 | ||||||
031101.01.6 | Տնտեսագիտություն | Մ | Ֆ** | Հլգ* | 20 | 2 | 288000 | |
071601.03.6 | Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում | Մ/Ֆ | Ֆ**/Մ** | Հլգ* | 14 | 1 | 240000 | |
061102.01.6 | Ծրագրային ճարտարագիտություն | Մ | Ֆ** | Հլգ* | 14 | 1 | 288000 | |
071101.01.6 | Քիմիական տեխնոլոգիա | Մ/Ֆ/Ք | Ֆ**/Ք**/Մ** | Հլգ* | 8 | 1 | 240000 | |
073201.01.6 | Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն | Մ/Ֆ | Ֆ**/Մ** | Հլգ* | 14 | 1 | 252000 |
* – ով նշված ոչ մրցութային գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
** – ով նշված առարկաների համար՝ թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները կրթական ծրագրերի և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
- Դիմորդը կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին՝ հանձնելով սահմանված քննությունները: Ընդունելության մրցույթը կատարում է՝ ըստ կրթական ծրագրերի, հատկացված տեղերի և միավորների: Դիմորդը կարող է դիմել մինչև երեք կրթական ծրագրի հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով:
- Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից,
- 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
- Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
- Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ կրթական ծրագրերի նախարարության կողմից հաստատված տեղերի:
- Դիմումի հետ ներկայացվում են`
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
- 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
- տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
- «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր:
- Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
- 4-րդ և 5-րդ կետերում նշված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
- Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Ընդունելության քննությունների վճարից ազատվում են 4-5-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մինչև սեպտեմբերի 25-ը, յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:
Հասցե` Շինարարների փող. 12, Հեռ. (0322) 5-69-29,
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Ընդունող հանձնաժողով
Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Սեպտեմբերի 1-ը Պոլիտեխնիկում ազդարարեց ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրը առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որը վերջերս ստացել է միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը, աշակերտական խորհրդի նախագահ Աստղիկ Ալիխանյանը: Ավագ դպրոցի փոխտնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր: Պարգևատրվեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Yandex ծրագրավորման դպրոցը հաջողությամբ ավարտած և ռոբոտաշինության մրցույթներում լավագույն մասնակցություն ունեցած մեր աշակերտները:
Վերջում ֆակուլտետի դեկաններ Միշա Սիմոնյանը և Էդիկ Հարոյանը ողջունեցին առաջին կուրսի ուսանողներին և հանձնեցին ուսանողական տոմսերը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը ճանապարհեց առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի 100-ից ավելի շրջանավարտների: Դիպլոմների հանձման օրը առավել հանդիսավոր էր, քանի որ այս տարի Պոլիտեխնիկական համալսարանը անցել է միջազգային հավատարմագրում:
Մասնաճյուղը թողարկում է մասնագետներ 10-ից ավելի մասնագիտությունների գծով, որոնք պահանջված մասնագիտություններ են ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլ նաև՝ արտերկրում: Բուհը ծավալում է իր գործունեությունը միջազգային գիտատեխնիկական չափորոշիչներին համապատասխան, ներմուծում է նոր մասնագիտություններ, ապահովում պրակտիկայի անցկացումները հայտնի ընկերություններում, ինչպես նաև՝ կազմակերպում բազմաթիվ գործատու-ուսանող հանդիպումներ, որի արդյունքում շատ ուսանողներ կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով.
«Սիրելի´ շրջանավարտներ, դուք ավարտում եք Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բուհը։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ Ուսման տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված եք մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։
Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ։ Պատգամում եմ՝ ձեր հետագա գործունեության ընթացքում բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները»։
Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան տեղին օգտագործել տարիների ընթացքում կուտակած գիտելիքները և միշտ բարձր պահել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակներում, հնարավորություն են ունենում ճանաչողական այցեր կատարել տարբեր ոլորտների ընկերություններ, որոնք նպաստում են նրանց մասնագիտության կողմնորոշման գործընթացին:
Այս անգամ աշակերտներն այցելեցին «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերություն, որի հիմնական ուղղվածությունը վեբ և մոբայլ հավելվածների պատրաստումն է և որակի վերահսկման և հաստատման ծառայություններ մատուցելը: Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:
Աշակերտները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Չափարյանի, մեր լավագույն շրջանավարտների՝ Ժոզեֆ Կարայանի, ով նաև դասավանդել է Մասնաճյուղում, Հասմիկ Դաբաղյանի, Նանե Համբարձումյանի, Արաքսյա Համբարյանի և այլոց հետ: Հ. Դաբաղյանը, ով արդեն բազում հաջողություններ է գրանցել իր կարիերայում և ունի հեռանկարային ապագա, աշակերտներին ներկայացրեց ՏՏ ոլորտի առավելությունները և պահանջարկները, նշեց, որ գոհ է իր ընտրած մասնագիտությունից, աշխատանքային գործընթացից և այնտեղ տիրող մթնոլորտից, որը խթան է հանդիսանում ավելի եռանդուն աշխատելու համար:
Ս. Չափարյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները: Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Ս. Չափարյանը հավելեց նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:
Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում կազմակերպելու համար:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Գայանե Սոխակյանի և Տաթև Մարգարյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններ:
«Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը ուսանողներին ներկայացրեց ընկերությունում առկա ցանցային սարքավորումերը, այնուհետև ուսանողներն այցելեցին սենսորային սարքավորումների նախագծման լաբորատորիա և ծանոթացան նոր մոնտաժվող սարքերին:
Ա. Եսայանը ուսանողների հետ խոսեց «Իրերի համացանց»-ի (Internet of Things, IoT) գործառույթների և դրա զարգացման որոշ նախապայմանների մասին: Նշեց, որ ներկայումս համացանցի զարգացումը ստեղծում է մի իրավիճակ, երբ խելացի սարքավորումները կարող են հաղորդակցվել իրար հետ առանց մարդկային միջամտության: Սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում աշխարհում կարող է լինել միլիարդավոր սարքեր, որոնք կաշխատեն ու կհաղորդակցվեն առանց մարդու միջամտության: Պրոցեսորների նվազեցման, ցանցերի ընդլայնման, էներգիայի աղբյուրների ավելացման հետ շատ կարճ ժամանակում ամեն ինչ մեր շուրջը` ականջակալներից մինչև աթոռը, համակարգիչ կդառնան:
BNS ընկերությունում խոսվեց կիբեռհանցագործության (Cyber Crime), կիբեռնետիկական պատերազմի (Cyber War), բոտնետի (Robot Network), կիբեռանվտանգության (Cyber Security) և Tor ծրագրային փաթեթի մասին: Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե ինչ են իրենցից ներկայացնում Բլոկչեյնը (Blockchain), Բիթքոյն (Bitcoin) կրիպտոարժույթը և ինչպես են իրականացվում դրանց գործառույթները:
Ուսանողները բավարարված էին 2 ընկերություններում ձեռք բերված արժեքավոր և անհրաժեշտ գիտելիքներով, որը հետագայում մեծ խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում իրենց մասնագիտացման հարցում:
Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններին՝ ուսանողների համար արդյունավետ և տեղեկատվական դասընթաց և խորհրդատվություն կազմակերպելու համար: Շնորհակալ ենք նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ուսանողների և դասախոսների այցը Երևան կազմակերպելու համար:
Հուսով ենք, որ հետագայում ևս կունենանք շարունակական այցեր և արդյունավետ համագործակցություն:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված OmniCode ՍՊԸ-ն ՏՏ ընկերություն է, որը ծրագրավորման անվճար դասընթացներ է կազմակերպում աշակերտների և ուսանողների համար: Ընկերության հետ համատեղ հիմնել են նաև E-Academy-ն, որի առաքելությունն է ծրագրավորման ոլորտում իրականացնել անվճար հիմունքներով խորացված դասընթացներ՝ նպաստելով Հայաստանի հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աջակցել տաղանդավոր երիտասարդներին՝ մուտք գործել աշխատանքային շուկա:
Ընկերության դասընթացները մեկնարկել են 2017թ.-ի մարտից. 145 աշակերտներ և ուսանողներ անցել են թեստավորում, 28-ը գրանցել են բարձր արդյունք և անվճար հիմունքով 11 ամիս սովորել են web ծրագրավորում, որից 15-ն անցել են վճարովի պրակտիկա, իսկ 12-ն ընդունվել են աշխատանքի:
Ինչպես նշում է ընկերության համահիմնադիր Յուրի Վիրաբյանը, շրջանավարտների և աշխատանքի անցածների մեծամասնությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշակերտներ և ուսանողներ են: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների հետ հանդիպման ժամանակ Յ. Վիրաբյանը նշեց, որ ծրագրավորումը հեռանկարային և արագ զարգացող ոլորտ է և Պոլիտեխնիկի ուսանողներն ունեն լայն հնարավորություն սովորելու, պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու ՎՏԿ-ում տեղակայված ընկերություններում:
Զրույց ունեցանք ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովսեփյանի հետ, ով հիմա ընկերությունում գտնվում է պրակտիկայի փուլում և շուտով կանցնի աշխատանքի և արդեն աշխատանքի անցած 4-րդ կուրսի ուսանող Արայիկ Գրիգորյանի հետ, ովքեր նշեցին, որ հնարավորություն են ունեցել անվճար ծրագրավորում սովորելու, իրենց գիտելիքներն ամրապնդելու ՏՏ ոլորտում, խորացնելու պոլիտեխնիկցուն բնորոշ ստեղծագործական մտածողությունը և ամենակարևորը՝ իրենց սեփական գումարը վաստակելու:
Շնորհակալություն ենք հայտնում OmniCode ընկերությանը՝ մեզ հետ համագործակցելու, ուսանողների ու աշակերտների համար նման հնարավորություններ ստեղծելու համար:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին «Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման հարցում աշակերտներին ճիշտ ուղղորդելն էր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, ուստի այս նպատակով ծրագրեր են իրականացվում աշկերտներին կողմնորոշելու դեպի ՏՏ ոլորտը:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ողջունելով և շնորհավորելով աշակերտներին միջոցառման առիթով, հայտնեց բարի լուր այն մասին, որ Հայսատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման որոշում: Սա բուհի համար կարևոր գնահատանք և իրադարձություն է, միևնույն ժամանակ պարտավորեցնող՝ ավելի լավ և որակյալ կրթական ծառայություններ մատուցելու համար:
Վիկտորինային մասնակցում էին «Ինֆոմաններ» և «404» թիմերը. մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «404» թիմը: Աշակերտները ներկայացրին իրենց ունակությունները ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ ստեղծագործական ոլորտում, որը զարգացրեց սովորողների ստեղծագործական ունակությունները, հասարակական ակտիվությունը և մեծացրեց նրանց հետաքրքրությունն ընտրած մասնագիտության նկատմամբ:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Շինարարություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, ամբիոնի վարիչ Աշոտ Գյուրջինյանի ուղեկցությամբ, տեղեկատվական նպատակով այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Վանարխ» ՍՊԸ: Դասը վարեց Պոլիտեխնիկի շրջանավարտ Սասուն Ղազարյանը, ով ընկերության գլխավոր ինժեներն է և աչքի է ընկնում ճարտարապետին հատուկ ունակություններով:
Նմանատիպ հանդիպումները կրում են մշտական բնույթ, որոնց նպատակն է ուսանողներին իրազեկել տվյալ ոլորտի գործունեության և հեռանակարային ծրագրերի մասին: Մեր շրջանավարտ Սասուն Ղազարյանը մշտապես պատրաստ է Պոլիտեխնիկի ուսանողներին փոխանցել իր գիտելիքները և կիսվել մասնագիտական փորձով, ինչպես նաև՝ իր ներդրումն ունենալ «Ճարտարապետություն» դասընթացի կուրսային աշխատանքների կատարման գործում:
Ուսանողները ծանոթացան «Քաղաքացիական և արդյունաբերական նախագծում, նախահաշիվների կազմում, ծավալների հաշվարկ և տարածքների չափագրում» թեմաների հետ: Ծանոթացան նաև շինարարական ոլորտում կիրառվող ArchiCad ծրագրին, գործիքակազմին, որը նախատեսվում է ճարտարապետական նախագծերի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում ուսանողներին հետաքրքրող հարցերը ստացան ինֆորմատիվ և բովանդակալից պատասխաններ:
Առաջարկություն եղավ «Համակարգչային ճարտարապետական նախագծում» դասընթացում ներառել դասաժամեր ArchiCad ծրագրի վերաբերյալ:
Նմանատիպ հանդիպումները խթանում են ուսանողների ներգրավածությանը ճարտարապետական տարբեր ծրագրերին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենի 4-ամսյա անվճար դասընթաց: Դասընթացը վարում է Խաղաղության կորպուսի կամավոր Մայքլ Հուբենը, ով մասնագիտությամբ ուսուցիչ է և ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Կրթությունը զարգացման միակ ճանապարհն է: Մեր ժամանակներում ամենահեռանկարային և ամենամրցունակ ճանապարհը կրթությունն է, այն միակ արժեքն է, որը մարդը չի կարող կորցնել: Որքան ավելի կրթված է մարդը, այնքան ավելի մրցունակ է: Կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, քանի որ օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն և միջոց է: Լեզվի իմացությունն այսօր անհրաժեշտ պահանջ է, որը մեր առջև բացում է լայն հնարավորություններ:
Այս դասընթացը Պոլիտեխնիկի աշակերտների և ուսանողների համար օտար լեզվով ավելի լավ հաղորդակցվելու լրացուցիչ միջոց և մեթոդաբանություն է:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ներկա գտնվելով առաջին դասին, նշեց. «Պոլիտեխնիկցիներն առանձնանում են տեխնիկական գիտելիքներով և նորաստեղծային հատկանիշներով, ուստի կարևորում ենք զարգացնել նաև լեզվական հմտությունները: Ճարտարագետների լեզվական հմտություններն էլ ավելի կխթանեն նրանց մասնագիտական զարգացմանը, կնպաստեն ուսանողների մասնակցությանը փոխանակման տարբեր ծրագրերին և մրցունակ կարիերայի ձևավորմանը »:
Տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների և աշակերտների տեղեկատվական հերթական հանդիպումը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Հանդիպումը վարում էր ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախնինյանը, ով խոսեց բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք ՎՏԿ-ն ընձեռում է Պոլիտեխնիկի ուսանողներին և աշակերտներին: Կենտրոնը պատրաստ է աջակցել երիտասարդներին աշխատել ըստ մասնագիտւթյան, իրագործել իրենց նորարար գաղափարները և դառնալ հաջողակ ձեռներեց:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ուսանողները և աշակերտները կարող են մասնակցել թեմատիկ սեմինարներին և տարաբնույթ միջոցառումներին, որոնք անց են կացվում Հայաստանի և արտասահմանյան լավագույն մասնագետների կողմից, կարող են բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ մասնակցելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներին: Նրանք տեղեկացան կենտրոնում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաների, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայի մասին, որը բացառիկ հնարավորություն է ստեղծում ճարտարագիտական ոլորտում նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների, լուծումների մշակման համար:
ՎՏԿ-ում տեղակայված ընկերությունների՝ Hi-Tech Gateway, Omni Code, Elpida Electronics, Teams, Renderforest(Վանաձորի մասնաճյուղ) ներկայացուցիչներն ուսանողներին ծանոթացրին առկա բազմաթիվ հնարավորությունների և թափուր աշխատատեղերի հետ՝ օրինակ բերելով Պոլիտեխնիկի այն շրջանավարտներին, ովքեր արդեն իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտել վերոնշյալ ընկերություններում:
ՎՏԿ դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը ողջունեց Մասնաճյուղի ուսանողների այցը ՎՏԿ՝ խրախուսելով առավել ակտիվ գտնվել նոր դասընթացներին մանսակցելու մեջ:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումն իրականացնելու, ուսանողներին և աշակերտներին իրենց հնարավորությունների մասին իրազեկելու համար: Պարոն Խառատյանը ողջունեց և կարևորեց Մասնաճյուղի և ՎՏԿ-ի հաջող համագործակցությունը: