Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակներում, հնարավորություն են ունենում ճանաչողական այցեր կատարել տարբեր ոլորտների ընկերություններ, որոնք նպաստում են նրանց մասնագիտության կողմնորոշման գործընթացին:

Այս անգամ աշակերտներն այցելեցին «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերություն, որի հիմնական ուղղվածությունը վեբ և մոբայլ հավելվածների պատրաստումն է և որակի վերահսկման և հաստատման ծառայություններ մատուցելը: Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:

Աշակերտները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Չափարյանի, մեր լավագույն շրջանավարտների՝ Ժոզեֆ Կարայանի, ով նաև դասավանդել է Մասնաճյուղում, Հասմիկ Դաբաղյանի, Նանե Համբարձումյանի, Արաքսյա Համբարյանի և այլոց հետ: Հ. Դաբաղյանը, ով արդեն բազում հաջողություններ է գրանցել իր կարիերայում և ունի հեռանկարային ապագա, աշակերտներին ներկայացրեց ՏՏ ոլորտի առավելությունները և պահանջարկները, նշեց, որ գոհ է իր ընտրած մասնագիտությունից, աշխատանքային գործընթացից և այնտեղ տիրող մթնոլորտից, որը խթան է հանդիսանում ավելի եռանդուն աշխատելու համար:

Ս. Չափարյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները:  Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Ս. Չափարյանը հավելեց նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:

Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում կազմակերպելու համար: