Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների հետ ներդրումների և նորամուծությունների կառավարում առարկայից տեղի ունեցավ գործարար խաղ «ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների պահանջմունքների բավարարման համար` ներդրումային նախագծի մշակում» թեմայով։

Աշխատանքի հեղինակն էր դասախոս Արուսյակ Մադոյանը, ում խոսքերով, խաղի նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցման հմտություն, սերմանել աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն, փոխօգնություն, նաև՝ տեսական գիտելիքների պրակտիկ կիրառություն։
Առանձնահատկությունն այն էր, որ բոլոր ուսանողներն ունեին համահավասար դեր` վերջնական արդյուք ստանալու մեջ, որն ընտրված էր իրենց խառնվածքը և նախասիրությունները հաշվի առնելով։

Ուսանողները, կատարելով հարցումներ, պարզել էին, որ Մասնաճյուղի ուսանողները կարիք ունեն արագ սննդի կետի, որից կարող են գնել թարմ և համեղ սնունդ։ Երկու թիմերն էլ նույն պահանջմունքի բավարարման համար ներկայացրել էին 2 միանգամայն տարբեր նախագծեր։ Առաջին թիմը ներկայացրել էր համալսարանի ներսի ճաշարանը շահագործելու նախագիծ, որը` բացի սննդի կետ լինելուց, նաև ուսանողներին առաջարկում է զանազան խաղեր, ինտերակտիվ ժամանց և օնլայն պատվերի հնարավորություն։
Երկրորդ թիմը առաջարկում էր շարժական արագ սննդի կետ, որը առանձնանում էր նմանատիպ նախագծերից սպասարկման մոտեցմամբ և ուտեստների նորարարական տեսականիով: Հիմնական առանձնահատկությունն այն էր, որ հերթերից խուսափելու համար սննդի կետը բաժանված էր 2 մասի, մեկը՝ ըմպելիքներ և քաղցրավենիք, մյուսը՝ տաք սնունդ։

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ելույթ ունեցան ՀՃԱ իսկական անդամ, տ․գ․թ․ դոցենտ տնօրեն Արմեն Խառատյանը, տնտ․գ․թ․ դոցենտ ամբիոնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը, դասախոս Կալիպսե Մնացականյանը և Ասյա Հովհաննիսյանը, ովքեր նշեցին, որ նման թիմային աշխատանքները շատ կարևոր են մասնագիտական գիտեիքների խորացման համար, խոսեցին թեմայի արդիականության և ժամանակից պահանջներին համապատասխանության մասին։

Ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:

Աշակերտները շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, այցելեցին ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Մինչ լաբորատոր փորձեր կատարելը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց Պոլիտեխնիկի հնարավորությունները, գործընկերային կապերը, աշխատանքի տեղավորման հեռանկարները: Մեքենագիտության, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի լաբորատորիայում աշակերտներն ականատես եղան նորագույն սարքավորումների փորձերին: Ռոբոտաշինության լսարանում խմբակի վարիչ Արաքսյա Բալյանը աշակերտներին ծանոթացրեց ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին, աշակերտները ծանոթացան նաև «Ռոբոտեքս 2019»  միջազգային ռոբոտաշինական մրցույթին մասնակցած «Վալի» ռոբոտի և դրա գործունեության հետ:

Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում: Վերջում այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, այնտեղ տեղակայված ընկերություններ, որտեղ մեծամասամբ աշխատում են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշակերտները, ուսանողները և շրջանավարտները:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ՝ նվիրված քարտային մշակույթին։

Ուսանողների համար կազմակերպված տեսական ու միաժամանակ կիրառական նշանակություն ունեցող դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան քարտերի ծագման պատմությանն ու դրանց կիրառելիությանը, դեբետային և կրեդիտային  վճարային քարտերի տարբերություններին։

Բանկի աշխատակիցները խոսեցին նաև Idram Rocket Visa քարտի մասին, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց բուհի ուսանողների շրջանում։ Ակտիվ հարց ու պատասխանից հետո, որի ընթացքում բանկի աշխատակիցները կիսվեցին նաև իրենց աշխատանքային փորձով, ուսանողները բանկի կողմից որպես նվեր ստացան Idram Rocket Visa քարտերը։ Բանկը նաև անակնկալ նվեր էր պատրաստել, որը բաժին հասավ մեկ  երջանիկի։

  Բուհը ողջունում է նմանատիպ նախաձեռնություններն ու նախատեսում է հետագայում ևս նմանատիպ այլ դասախոսություններ անցկացնել։ Շնորհակալություն ենք հայտնում  «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին՝ համագործակցության համար։

 

 

 

Գիտելիքի և դպրության տոնին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր դռներն էր բացել  բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիների, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Այսօր Պոլիտեխնիկում ազդարարվեց  ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Առանձնակի ջերմությամբ շնորհավորեցինք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով:

Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրը առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Դուք ընդունվել եք Հայաստանի հզորագույն ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը, որն ունի միջազգային հավատարմագրում: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»: 

Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեց  նաև Հայ-Թեք Գեթվեյ ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Պոլիտեխնիկի շրջանավարտ Սվետա Ջաղացպանյանը, ով ներկայացրեց իր հաջողության ուղին և ոգևորեց Պոլիտեխնիկի ուսանողներին լինել առաջադեմ, նպատակասլաց և հեռանկարային: Շնորհավորանքներին միացան ավագ դպրոցի տնօրեն Արմեն Սիրադեղյանը, ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը, Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի ղեկավար Վահան Մամյանը:

Ավագ դպրոցի փոխտնօրենը բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնեց գովասանագրեր:

Միջոցառման ավարտից հետո Մասնաճյուղում մեկնարկեց 2019-2020 տարվա ուսումնական գործընթացը: 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը ճանապարհեց առկա և հեռակա համակարգում սովորող բակալավրի, մագիստրատուրայի 100-ից ավելի շրջանավարտների: Այս օրը առավել հանդիսավոր էր, քանի որ շրջանավարտներին իրենց դիլոմները հանձնեց Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: 

Մասնաճյուղը թողարկում է մասնագետներ 10-ից ավելի մասնագիտությունների գծով, որոնք պահանջված մասնագիտություններ են ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլ նաև՝ արտերկրում: Բուհը ծավալում է իր գործունեությունը միջազգային գիտատեխնիկական չափորոշիչներին համապատասխան, ներմուծում է նոր մասնագիտություններ, ապահովում պրակտիկայի անցկացումները հայտնի ընկերություններում, ինչպես նաև՝ կազմակերպում բազմաթիվ գործատու-ուսանող հանդիպումներ, որի արդյունքում շատ ուսանողներ կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ:

Ուսանողներին ողջունեց և շնորհավորեց Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ովքեր նշեցին, որ շրջանավարտներն ավարտում են Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բուհը։ Պոլիտեխնիկն այնպիսի մասնագիտություններով է օժտում իր սաներին, որոնք հարատև են, կենսական և մշտապես արդիական։ 

Ուսման տարիներին ուսանողները ձեռք են բերել ոչ միայն որակյալ գիտելիքների պաշար՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, այլև օժտված են մարդկային, ազգային բարձր արժեքներով, որոնք շատ կարևոր են մեր հասարակության և պետականության կերտման հարցում։ Շրջանավարտներից մի քանիսը, ովքեր Մասնաճյուղի աջակցությամբ արդեն գործընկեր կազմակերպություններում իրենց մասնագիտությամբ  գտել են աշխատանք, շնորհակալություն հայտնեցին ուսումնական տարիների, ձեռք բերած գիտելիքների և փորձառության համար և խոստացան բարձր պահել պոլիտեխնիկցիների վեհ անունն ու արժանիքները:

Հունիսի 10-ին և 11-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողովը, որը նվիրված էր Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակին:

Հոբելյանական պլենար նիստում ընդգրկված էին գործընկեր կազմակերպություններում աշխատող մեր ուսանողների զեկույցները՝ ընկերությունների տնօրենների ղեկավարությամբ, որն ընդգծում էր բուհ-գործատու սերտ կապը և արդյունավետությունը:

Գիտաժողովին ներկայացվեց 47 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, նշելով, որ Մասնաճյուղի հիմնադրումը կենսական կարևորություն է ունեցել Լոռու մարզի տնտեսական զարգացման հարցում: Պոլիտեխնիկը այն հիմնական սնուցող զարկերակն է, որը տարածաշրջանին ապահովում է ժամանակակից ճարտարագետներով:

Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 4 ելույթ.

  • Անժելա Ազարյան. «Մաքառումների և հաղթանակների 60-ամյա ուղի», որտեղ ամփոփված էր Մասնաճյուղի ամբողջ պատմությունը:
  • Սարգիս Հակոբջանյան. «Գրավիր նոր բարձունքներ Արդեսկ և Արխիդաչ ընկերությունների հետ»:
  • Անժելա Հովհաննիսյան, Աստղիկ Առաքելյան. «Ագրոտեխնոպարկի ստեղծումն իբրև գյուղատնտեսության ոլորտում տնտեսական հեղափոխության խթան»:
  • Աշխեն Ամիրխանյան. IօT(Internet of Things) համակարգեր

Հետաքրքիր թեմաներ էին սպասվում նաև առանձին սեկցիաներում:

Շնորհակալություն ենք հայտնում Ախիդաչ և Արդեսկ, Հայթեք Գեթվեյ ընկերություններին՝ իրենց մասնակցության և համագործակցության համար: Պոլիտեխնիկն ունի համագործակցության լայն շրջանակ, որի շնորհիվ ուսանողներն ու շրջանավարտները հեշտությամբ կարողանում են աշխատանքի անցնել գործընկեր կազմակերպություններում:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք օգնում են հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, նպաստում են, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Լավագույն աշխատանքները կներկայացվեն տպագրության:

 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաները՝ իրենց ղեկավար Արաքսյա Բալյանի հետ, ՀԱՊՀ ղեկավարության աջակցությամբ, հնարավորություն ստացան այցելելու Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ։ ՀԱՃԼ-ում նրանք ունկնդրեցին «Ո՞վ է ինժեները» թեմայով դասախոսությունը և մասնակցեցին էլեկտրատեխնիկայի գործնական դասընթացին, որը վարեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը։ Շուրջ 2 ժամ տևած ինտերակտիվ դասախոսության ընթացքում աշակերտները քննարկեցին ինժեներությանը վերաբերող բազմապիսի հարցեր։ Նրանք տեղեկացվեցին, որ գոյություն ունի մոտ 200 տիպի ինժեներություն՝ սկսած քիմիկ ինժեներից, մեխանիկ ինժեներից, վերջացրած ռազմածովային, ավիատիեզերական ինժեներներով։

Դասընթացից հետո աշակերտներն աշխատեցին ՀԱՃԼ-ի ռոբոտներով, ծանոթացան նրանց աշխատանքի սկզբունքներին և ծրագրային ապահովմանը։ Այնուհետև նրանք շրջայց կատարեցին ՀԱՃԼ-ի ճշգրիտ չափումների և սխեմատեխնիկայի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան ուսանողների գիտական նախագծերին։

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում ՀԱՊՀ ուսանողների ստեղծած խելացի ջերմոցի, խելացի տան, Cartbot-ի, Cub-ի, խելացի շախմատի և այլ նախագծերի կառուցվածքները։

Օրվա երկրորդ կեսին աշակերտներին առաջորդեցին ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնական կենտրոն, որտեղ նրանք դարձյալ հետաքրքիր դասախոսություն լսեցին տարբեր անօդաչու թռչող սարքերի մասին, իսկ վերջում՝ աշխատեցին անօդաչու թռչող սարքի հետ։

Տեղկատվությամբ հագեցած օրվա վերջում աշակերտները գնացին Վոլտերման ֆիրմա, ուր ծանոթացան հայկական ապրանքանիշ հանդիսացող խելացի դրամապանակի ստեղծողների հետ։ Այստեղ նույնպես մեծ էր նրանց ոգևորությունը, քանի որ հասկացան, որ ընդամենը 2 տարում կարելի է կյանքի կոչել ամենաանհավանական թվացող ցանկացած նորարարական գաղափար, միայն պետք է աշխատել և սովորել։

Շնորհակալության բոլոր մասնագետներին և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրինությանը՝ աշակերտների օրն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մայիսի 10–ին տեղի ունեցավ «Մատչելի միջավայր. համընդհանուր (ունիվերսալ) դիզայն» թեմայով դասընթաց:

Ծրագրի ղեկավարի օգնական Գայանե Գրիգորյանը ներկայացրեց դասընթացի նպատակը, այն է՝ ուսանողներին ծանոթացնել համընդհանուր դիզայնի սկզբունքներին, խոսեց նաև դասընթացի ուղղությունների, հիմնական շեշտադրումների մասին:

«Ագաթ» ՀԿ-ի համակարգող, դասընթացավար Մարինե Ավետիսյանը ներկայացրեց այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնվեն հաշմանդամություն ունեցող տարբերի խմբերի անձանց համար՝ մատչելի շենք-շինություններ կառուցելիս:

Տեսական գիտելիքներ ստանալուց հետո, Մասնաճյուղի «Շինարարություն» բաժնի ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում մշակել Շիրակի մարզպետարանի մուտքի թեքահարթակի նախագիծը: Դասընթացի ժամանակ տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում և քննարկում: Յուրաքանչյուր աշակերտ ազատ էր նախագծերի վերաբերյալ արտահայտելու իր տեսակետն ու կարծիքը: Սույն բաժնի ուսանողներ Դավիթ Գալստյանը, Խաչատուր Ղազարյանը և Վիտալի Այվազյանը նախագիծը բերեցին վերջնական տեսքի:

Դասընթացը վարում էր «Ագաթ» ՀԿ-ի համակարգող, դասընթացավար Մարինե Ավետիսյանը: Դասընթացն անցակացվեց «Ագաթ» ՀԿ-ի կողմից՝ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հ/Հ

Մասնագիտությունը

Ընդունելության քննությունները Տեղերը Ուսման վարձը հազ. դրամ
Մրցութային Ոչ մրցութ. Անվճար

Վճարովի

1 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Մ(գ) Ֆ(գ)** Հլգ(գ)* 5 20 360
2 ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐ­ՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Մ(գ) Ֆ(գ)** Հլգ(գ)* 7 18 360
3 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 315
4 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 300
5 ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ Մ(գ) կամ Ֆ(գ) Ֆ(գ)** կամ Մ(գ)** Հլգ(գ)* 5 10 300
  Ընդամենը 27 68  

* – նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:

** – դիմորդներն անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրանց բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Մրցութային առարկաներից բոլոր միասնական քննություններ հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են.

1-ին փուլ – 2019թ. մայիսի 5-ից մինչև  հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 1800-ն: Նշված ժամանա­կահատվածում փաստաթղթեր կարող են հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, նախորդ տարի զորացրված դիմորդները:

2-րդ փուլ – հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը մինչև ժամը 1800-ն:

3-րդ փուլ– հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը:

Կատարվում է նաև ընդունելություն հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրով՝ տնտեսագիտություն և շինարարություն:

Կատարվում է նաև ընդունելություն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարանցիների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եվրոպական հավատարմագրում անցած առաջատար տեխնոլոգիական համալսարան է:

Ունենք արդյունավետ համագործակցություն ՏՏ և կա­պի ոլորտի գործընկերների հետ` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, կենտրոնում գործող ընկերությունների, Ինստիգեյթի և այլ ընկերությունների հետ: Տեխնոլոգիական կենտրոնի բոլոր լաբորատորիաները և լսարանները համագործակցության համաձայնագրի հիման վրա տրամադրվում են Պոլիտեխնիկի ուսանողներին և դասախոսներին:

Բոլոր հարցերով դիմել` ք.Վանաձոր, Շինարարների փող. 12, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ,

հեռ. 5-69-29, 5-68-25:

 ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ապրիլի 13-ին առաջին անգամ անցկացվեց ռուսաց լեզվի «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչն էր «Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնը Գյումրի քաղաքում»:

«Համընդհանուր թելադրություն»-ն անց է կացվում 16-րդ անգամ աշխարհի 80 երկրներում: Հայաստանում սույն միջոցառումն անց է կացվել 5 անգամ միայն Երևանում, այս տարի ակցիային միացան նաև Վանաձորն ու Գյումրին: Վանաձորում «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական միջոցառմանը մասնակցեց մոտ 60 մասնակից, որոնց թվում էին նաև Պոլիտեխնիկի ուսանողներ, դասախոսներ և ավագ դպրոցի աշակերտներ: Միջոցառումն իրականացավ Պոլիտեխնիկի անձնակազմի աջակցությամբ:

Վերջում աջակիցներին, մասնակիցներին կենտրոնի կողմից հանձնվեցին մասնակցության վկայագրեր, իսկ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը արժանացավ շնորհակալական նամակի, որը 

պաշտոնապես հանձնեց կազմակերպության համակարգող Վախթանգ Մելիքսեթյանը: