ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ովքեր, լինելով մեր շրջանավարտները, եկել էին կիսվելու իրենց փորձով և հաջողություններով:
Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:
Ընկերության տնօրեն Սամվել Պետրոսյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները: Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Նշենք նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:
Քննարկվեցին բազում հանդիպումներ, դասընթացներ, վերապատրաստումներ իրականացնելու հեռանկարային ծրագրեր, որոնք երկուստեք փոխշահավետ նպատակ կհետապնդեն:
Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում իրականացնելու համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկեց «Ստեղծարար միտք» ծրագրի «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասընթացը: Դասընթացին մասնակցեցին 32 մասնակիցներ, դասընթացն իրականացնում էր Մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը:
«Ստեղծարար միտք» ծրագրի դասընթացները նախատեսված են համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար և նպատակ ունեն փոխանցելու Բրիտանական թագավորության փորձը տվյալ ոլորտում: «Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:
Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: Հայաստանում ստեղծարար ձեռնարկության կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հաշվի առնելով ոլորտում Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը, «Ստեղծարար Միտք» (Creative Speak) ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել համապատասխան հմտություններ` բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում:
Ծրագրով ակնկալվում է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրական և անգլերենի հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել և առաջ մղել սեփական բիզնեսը` միաժամանակ աջակցելով ստեղծարար ոլորտի զարգացմանը, խթանել համագործակցությունը Միացյալ Թագավորության և նշված երկրների մասնագետների միջև:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում պարբերաբար հանդիպումներ են իրականացվում ՎՏԿ-ում տեղակայված “Archidutch” և “ArDesk” ընկերությունների ղեկավարության և աշխատակիցների հետ: Ստեղծվել է համատեղ մի խումբ, որն աշխատում է կրթական ծրագրերի փոփոխման վրա, որպեսզի ծրագրերն առավել համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: Ընկերությունն արդեն իսկ համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ, համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անվճար անցնել ճարտարապետության, նախագծման և մոդելավորման պարտադիր դասեր՝ “Autodesk-Revit” ծրագրի շրջանակներում։
“ICN GROUP”-ը Հոլանդիայում ՏՏ ոլորտի 3 առաջատարներից է՝ ճարտարապետության, նախագծման և մոդելավորման ոլորտում, ունի ավելի քան 25 տարվա փորձառություն, կիրառվում է BIM/Building Information Modeling/ ծրագրակազմը։ Հիմնադիրներ Լաուրենս Լիքեթի և Նատաշա Միրզոյանցի գլխավորությամբ կարևորագույն ներդրում է կատարվել Հայաստանում, մասնավորապես՝ Վանաձորում՝ մարզի զարգացմանը նպաստելու նպատակով: Նշենք, որ Նատաշա Միրզոյանցը ծնունդով Վանաձորից է և ջանք ու եռանդ չի խնայում՝ հայրենի քաղաքը շենացնելու իր տեսլականը իրականացնելու համար:
Այդ իսկ նպատակով Վանաձորում արդեն հիմնադրվել են “Archidutch” և “ArDesk” ընկերությունները, որտեղ աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի ուսանողներ և շրջանավարտներ են: Համագործակցության արդյուքնում այդ թիվը հավակնում է աճելու: Ընկերության գործունեության նպատակն է հայ ճարտարապետներին եվրոպական փորձի և գիտելիքների փոխանցումը, այդ ոլորտում ուսանողներին անվճար կրթելը։ “Archidutch” և “ArDesk” ընկերությունների աշխատակիցները, ստանալով համապատասխան կրթություն եվրոպացի մասնագետների կողմից, հետագայում իրենց գիտելիքներով և փորձառությունով կկիսվեն ուսանողների և այլ մասնագետների հետ՝ կազմակերպելով բազմաբնույթ դասընթացներ:
Նշենք նաև, որ “ArDesk” ընկերությունն այս պահին “Autodesk” միջազգային ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայստանում։ Այն ներկայացնում է ՀՀ-ում “HP” ընկերության սարքավորումները, կազմակերպում է “Autodesk-Revit”, “Inventor”, “3DS Max” դասընթացներ։
Արդյունքում՝ ուսանողներին կրթելով և զինելով “BIM”, “3D Modeling” եվրոպական աշխատաշուկայում խիստ պահանջարկ ունեցող գիտելիքներով՝ լուծվում է Լոռու մարզի համար շատ կարևոր խնդիրներից մի քանիսը. ստեղծվում են աշխատատեղեր, ստեղծվում է նոր հարթակ դեպի եվրոպական շուկա, որը նվազեցնում է արտագաղթի ցուցանիշը։
Այսօր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում հյուրընկալեցինք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Նաիրա Էվոյանին: Ուսանողներին և ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում մարդկային ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև՝ ՄՌԿ աշխատակցի գործառույթները, աշխատակազմի որոնման ուղիները, ընտրության ուղիները, հարցազրույցի տեսակները, ուսուցումը և մոտիվացիան:
Ներկայացվեց նաև՝ ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրական, ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին և որոշակի հետաքրքրություն առաջացնել գործատուի մոտ: Խոսվեց ուղեկցող նամակ գրելու օրինաչափություններից, կառուցվածքից և բովանդակությունից: Մեր խոսնակն անդրադարձավ նաև էլեկտրոնային նամակ գրելու օրինակելի ձևաչափին:
Հանդիպման նպատակն ուսանողներին և աշակերտներին գործատուին պատշաճ ներկայանալուն նախապատրաստելն էր: Զեկույցն ավարտեցինք Կոկո Շանելի հայտնի ցիտումով. «Դուք երբեք չեք ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորությունը»:
Վերջում տեղի ունեցավ մտքերի և հարցերի ակտիվ փոխանակում:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրին «Դասավանդիր Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը և հետագա գործունեությունը։
Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն իսկապես առանձնացել են իրենց մասնագիտական որակներով, կարողություններով և ստեղծագործական ունակություններով: Նշենք, որ բացի դասավանդվող առարկաներից՝ ունակ են ղեկավարել նաև ռոբոտաշինական, ձեռնարկատիրական և այլ խմբակներ:
Այս ծրագրի ծրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն կերտելու իրենց կարիերան, դառնալու կայացած մասնագետներ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչներ: «Դասավանդիր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչներ, այնուհետև երկու տարով գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցիչների կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է՝ պարտադիր չէ, որ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է ունենալ դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են վերապատրաստումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը լուծում է ծրագիրը: «Դասավանդիր Հայաստան» ծրագիրը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասն է կազմում, բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։
Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:
2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀԱՊՀ-ում տեղի ունեցավ համալսարանի 85- ամյակին նվիրված տարեկան գիտաժողովը, որին զեկուցումով մասնակցեցին նաև Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:
Գիտաժողովին ներկայացվեց «Լոռու մարզում ագրոտեխնոպարկի ստեղծման անհրաժեշտությունը և տնտեսական հիմնավորումը» թեմայով զեկույց (հեղ. տ.գ.թ., դոցենտ Միքայել Նաջարյան, Նելսոն Մամուլյան, մագ. Անժելա Հովհաննիսյան, բակ. Աստղիկ Առաքելյան), որտեղ դիտարկվում է Լոռու մարզում Ագրոտեխնոպարկի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման խթան: Բերված են առաջարկվող Ագրոտեխնոպարկի կառուցվածքի առանձին բաղադրիչները և դրանց ստեղծման տնտեսական հիմնավորումը: Նշված են կանխատեսվող փոփոխությունները:
Աշխատանքը կարևորվում է նաև նրանով, որ հետազոտական գործունեությունն իրականացրել են մասնաճյուղի ուսանողները, որոնք ընգրկված են մասնաճյուղում վաղուց արդեն ավանդույթ դարձած թիմային աշխատանքներում: Հետազոտական աշխատանքի արդյունքները ներկայացված է Վանաձորի Առևտրաարդյունաբերական պալատին և ՉԻՆՎԱՆ ՍՊԸ-ին, որպես ներդրումային ծրագիր:
Ներկայացված նյութը երաշխավորվել է տպագրության ՀԱՊՀ «Լրաբեր» ամենամյա Գիտական հոդվածների ժողովածույում:
Կատարված աշխատանքների մի հատված ուսանողները ներառելու են իրենց ավարտական աշխատանքներում:
Աշխատանքը հաջորդիվ կներկայացվի Վանաձորում 2019թ. փետրվարին նախատեսված ներդրումային ֆորումին:
Աշխատանքային խմբի ղեկավար, տ.գ.թ.,
դոցենտ Միքայել Նաջարյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ համալսարանի 85-ամյակին նվիրված տարեկան գիտաժողով, որին մասնակցեցին նաև Վանաձորի մասնաճյուղի դասախոս` Արուսյակ Մադոյանը և «Տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Արփինե Ղարաքեշիշյանը:
«Արդվին» ԲԲԸ-ի համար կատարվող աշխատանքը կրել է շարունական բնույթ: 2017թ. գիտաժողովին ներկայացվել է «Արդվին» ԲԲԸ–ի արտադրած սինքրոն էլեկտրոշարժիչների պահանջարկի հետազոտումը ՀՀ ջերմոցային տնտեսություններում» թեմայով զեկույցը, որտեղ ընկերությանն առաջարկվել էր ՀՀ-ում իրացման նոր շուկա: 2018թ. գիտաժողովին ներկայացվեց «Արևային կայանի ներդրումը որպես «Արդվին» ԲԲԸ-ի մարքեթինգային ծախսերի փոխհատուցում» թեմայով զեկույցը, որը ներդնելով՝ ընկերությունը ստանում է ոչ միայն մաքուր էներգիա, այլև փոխհատուցում է իր մարքեթինգային ծախսերը՝ ՀՀ շուկա մուտք գործելու համար: Վերջինս ընդունվել է ընկերության կողմից և այժմ միջոցառումներ են ձեռնարկվում առաջարկն իրականություն դարձնելու համար:
Թեման բավական արդիական է, քանի որ մեքենաշինական ձեռնարկությունների զարգացումը զգալի դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում:
Ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Աշակերտներին ուղեկցում էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արեն Երանոսյանը, ով «Դասավանդի´ր Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում սույն դպրոցում դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն:
Աշակերտները շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, այցելեցին ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Մինչ լաբորատոր փորձեր կատարելը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց Պոլիտեխնիկը՝ իր հնարավորություններով և հեռանկարներով հանդերձ, նշեց նաև ինժեներական կրթության կարևորության մասին: Ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, դասախոս Մարինե Մանուկյանը նորագույն սարքավորումների վրա կատարեց լաբորատոր փորձեր. մեխանիկական տատանումների ուսումնասիրության լաբորատոր հարթակի վրա փորձերի կատարման ժամանակ աշակերտները գործնականորեն կիրառեցին և ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները մաթեմատիկական, ֆիզիկական ճոճանակների տատանումների մասին: Ռոբոտաշինության լսարանում խմբակի վարիչ Արաքսյա Բալյանը աշակերտներին ծանոթացրեց ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին, աշակերտների պատրաստած ռոբոտներին:
Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնի երրորդ կուրսի ուսանողների հետ «Ներդրումների և նորամուծությունների կառավարում» առարկայից տեղի ունեցավ գործարար խաղ՝ «Քարի մշակման արտադրամասի ընդլայնման համար նոր հաստոցների ձեռքներման տեխնիկոտնտեսական հիմնավորումը» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր դասախոս Արևիկ Մադոյանը, ով նշեց, որ խաղի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել թիմում աշխատելու ունակություններ, սերմանել աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև՝ տեսական գիտելիքների պրակտիկ կիրառություն։
Աշխատանքը կազմված էր մի քանի մասից։ Ակզբում ներկայացվեցին արտադրամասի պատմությունը և առանձնահատկությունները։ Աշխատանքի կատարման համար ստեղծվել էին աշխատանքային խմբեր, որոնք զբաղվել էին կոնկրետ խնդրի ուսումնասիրությամբ և լուծումով։ «Կոմերցիոն» բաժինն զբաղվում էր անհրաժեշտ սարքավորումների պարամետրերի ուսումնասիրությամբ և հաստոցների ձեռքբերման ամենանպատակահարմար տարբերակի ընտրությամբ: Այն հիմնավորեց ներդրումների անհրաժեշտությունը: «Հաշվարկային» բաժինը, ուսումնասիրելով «Կոմերցիոն» բաժնի կողմից ներկայացված հաստոցների ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային միջոցների հայթհայթման ուղիները՝ հիմնավորեց նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունք ստանալու տարբերակը, ինչպես նաև՝ անհրաժեշտ վարկային մրջոցների մարումները արտադրանքի ծավալների փոփոխման և նոր սարքավորումների ներդրման պարագայում՝ հաշվի առնելով մարդկային գործոններ մինիմալացումը։ «Մարքեթինգային» բաժինն առաջարկեց արտադրանքի իրացման նոր շուկաներ գրավելու տարբերակ, նաև տարբերակներ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով ընկերությունը ներկայանալի դարձնելու և ոլորտում շահեկան դիրք գրավելու համար։
Աշխատանքն ամփոփեցին տնտ.գ․թ․, դոցենտ Լուսինե Աղաբաբյանը, դասախոս Կալիպսե Մնացականյանը և Էմիլյա Մովսիսյանը, ովքեր նշեցին, որ նման թիմային աշխատանքները շատ կարևոր են մասնագիտական գիտեիքների խորացման համար, նշեցին նաև թեմայի արդիականության և ժամանակից պահանջներին համապատասխանության մասին։
Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի փոխտնօրեն տեխնիկական գիտությունների դոկտոր Միշա Մամիկոնի Սիմոնյանը և ուսումնամեթոդական բաժնի վարիչ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Թովմասի Նաջարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով: