Ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Աշակերտներին ուղեկցում էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արեն Երանոսյանը, ով «Դասավանդի´ր Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում սույն դպրոցում դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն:
Աշակերտները շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, այցելեցին ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Մինչ լաբորատոր փորձեր կատարելը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց Պոլիտեխնիկը՝ իր հնարավորություններով և հեռանկարներով հանդերձ, նշեց նաև ինժեներական կրթության կարևորության մասին: Ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, դասախոս Մարինե Մանուկյանը նորագույն սարքավորումների վրա կատարեց լաբորատոր փորձեր. մեխանիկական տատանումների ուսումնասիրության լաբորատոր հարթակի վրա փորձերի կատարման ժամանակ աշակերտները գործնականորեն կիրառեցին և ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները մաթեմատիկական, ֆիզիկական ճոճանակների տատանումների մասին: Ռոբոտաշինության լսարանում խմբակի վարիչ Արաքսյա Բալյանը աշակերտներին ծանոթացրեց ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին, աշակերտների պատրաստած ռոբոտներին:
Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում: