Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկեց «Ստեղծարար միտք» ծրագրի «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասընթացը: Դասընթացին մասնակցեցին 32 մասնակիցներ, դասընթացն իրականացնում էր Մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը:
«Ստեղծարար միտք» ծրագրի դասընթացները նախատեսված են համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար և նպատակ ունեն փոխանցելու Բրիտանական թագավորության փորձը տվյալ ոլորտում: «Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:
Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: Հայաստանում ստեղծարար ձեռնարկության կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հաշվի առնելով ոլորտում Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը, «Ստեղծարար Միտք» (Creative Speak) ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել համապատասխան հմտություններ` բիզնես գաղափարների մշակման փուլից մինչև բիզնես ծրագրի ձևավորում և իրականացում:
Ծրագրով ակնկալվում է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրական և անգլերենի հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ստեղծագործել և առաջ մղել սեփական բիզնեսը` միաժամանակ աջակցելով ստեղծարար ոլորտի զարգացմանը, խթանել համագործակցությունը Միացյալ Թագավորության և նշված երկրների մասնագետների միջև: