ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում պարբերաբար հանդիպումներ են իրականացվում ՎՏԿ-ում տեղակայված “Archidutch” և “ArDesk” ընկերությունների ղեկավարության և աշխատակիցների հետ: Ստեղծվել է համատեղ մի խումբ, որն աշխատում է կրթական ծրագրերի փոփոխման վրա, որպեսզի ծրագրերն առավել համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: Ընկերությունն արդեն իսկ համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ, համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անվճար անցնել ճարտարապետության, նախագծման և մոդելավորման պարտադիր դասեր՝ “Autodesk-Revit” ծրագրի շրջանակներում։
“ICN GROUP”-ը Հոլանդիայում ՏՏ ոլորտի 3 առաջատարներից է՝ ճարտարապետության, նախագծման և մոդելավորման ոլորտում, ունի ավելի քան 25 տարվա փորձառություն, կիրառվում է BIM/Building Information Modeling/ ծրագրակազմը։ Հիմնադիրներ Լաուրենս Լիքեթի և Նատաշա Միրզոյանցի գլխավորությամբ կարևորագույն ներդրում է կատարվել Հայաստանում, մասնավորապես՝ Վանաձորում՝ մարզի զարգացմանը նպաստելու նպատակով: Նշենք, որ Նատաշա Միրզոյանցը ծնունդով Վանաձորից է և ջանք ու եռանդ չի խնայում՝ հայրենի քաղաքը շենացնելու իր տեսլականը իրականացնելու համար:
Այդ իսկ նպատակով Վանաձորում արդեն հիմնադրվել են “Archidutch” և “ArDesk” ընկերությունները, որտեղ աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի ուսանողներ և շրջանավարտներ են: Համագործակցության արդյուքնում այդ թիվը հավակնում է աճելու: Ընկերության գործունեության նպատակն է հայ ճարտարապետներին եվրոպական փորձի և գիտելիքների փոխանցումը, այդ ոլորտում ուսանողներին անվճար կրթելը։ “Archidutch” և “ArDesk” ընկերությունների աշխատակիցները, ստանալով համապատասխան կրթություն եվրոպացի մասնագետների կողմից, հետագայում իրենց գիտելիքներով և փորձառությունով կկիսվեն ուսանողների և այլ մասնագետների հետ՝ կազմակերպելով բազմաբնույթ դասընթացներ:
Նշենք նաև, որ “ArDesk” ընկերությունն այս պահին “Autodesk” միջազգային ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայստանում։ Այն ներկայացնում է ՀՀ-ում “HP” ընկերության սարքավորումները, կազմակերպում է “Autodesk-Revit”, “Inventor”, “3DS Max” դասընթացներ։
Արդյունքում՝ ուսանողներին կրթելով և զինելով “BIM”, “3D Modeling” եվրոպական աշխատաշուկայում խիստ պահանջարկ ունեցող գիտելիքներով՝ լուծվում է Լոռու մարզի համար շատ կարևոր խնդիրներից մի քանիսը. ստեղծվում են աշխատատեղեր, ստեղծվում է նոր հարթակ դեպի եվրոպական շուկա, որը նվազեցնում է արտագաղթի ցուցանիշը։