Ս.թ. նոյեմբերի 26-ին սկսվեց ՀԱՊՀ հոբելյանական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի հոբելյաններին:
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գերասիմի Խառատյանը պարգևատրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:
Արմեն Խառատյանի կյանքի ուղին անմնացորդ կապված է Պոլիտեխնիկի հետ: Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, 1975թ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ: Ինստիտուտում եղել է Լենինյան թոշակառու: Ավարտելով ԵրՊի ասպիրանտուրան, հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ կրկին վերադարձել է հարազատ կրթօջախ և անցել աշխատանքային կարիերայի բոլոր աստիճաններով՝ ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն: Բոլոր պաշտոններում աշխատել է անմնացորդ նվիրումով՝ ի նպաստ Պոլիտեխնիկի:
Ուրախ ենք, որ այսօր ստեղծվել է կրթության, գիտության, նորաստեղծության մի գեղեցիկ միջավայր, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ ուսանելու և ստեղծագործելու համար:
Մասնաճյուղի հանրույթը, ուսանողությունն ու աշակերտությունը սրտանց շնորհավորում են սիրելի տնօրենին՝ ըստ արժանվույն պարգևատրման համար: Այս պարգևը Մասնաճյուղի տնօրենի երկարամյա և բեղմնավոր գործունեության գնահատանքն է: