Մայիսի 03-05-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Ներկայացվեց 83 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը նշելով՝ պատահական չէ, որ գիտաժողովը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մասնաճյուղի 20 ուսանողներ ծառայել են սահմանային դիրքերում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին՝ հերոսաբար պաշտպանելով մեր հայրենիքը: Իսկապես անգնահատելի են մեր զինվորների քաջագործությունները: Գիտաժողովի մասնակիցները ծափողջյուններով մեծարեցին և հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա հերոս պոլիտեխնիկցիներին:
Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.
- Վանիչկա Ղազարյան. «Ղարաբաղյան քառօրյա պատերազմը. նոր սերունդ, նոր հերոսներ»: Ներկայացվեց քառօրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերը, հայ զինվորների անկոտրում պայքարը, ինչպես նաև այն 20 ուսանողների անունները, ովքեր հերոսաբար մասնակցել են քառօրյա պատերազմին: Պոլիտեխնիկն անմասն չի մնացել այդ գործին՝ փորձելով հնարավորինս օգնության հասնել սահմանում գտնվող հայ զինվորին:
- Էդիտա Հովհաննիսյան, Անժելա Հովհաննիսյան, Աստղիկ Միքայելյան. «Լոռու մարզի գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայանների ստեղծման ծրագիր»: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն առաջ է քաշել մի գաղափար, որի նպատակն է Լոռու մարզում թիրախային 3 շրջաններում հիմնել գյուղտեխնիկայի վարձակալության և սպասարկման կայաններ, որոնք հնարավորություն կտան ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել օգտագործելով համապատասխան գյուղտեխնիկա: Վանաձորի «ՉԻՆՎԱՆ» ՍՊԸ-ն հիմք ունենալով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ անցած տարիների համագործակցության փորձը, առաջարկեց մասնաճյուղին մասնակցելու նախագծի իրականացման աշխատանքներին: Ստացված տվյալների հիման վրա ընտրված տարածաշրջանների համար` կախված ցանքատարածություններից և մշակաբույսերի առանձնահատկություններից, կատարվել է համապատասխան սարքավորումների ընտրություն, որոնք կնպաստեն գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը և գյուղատնտեսական աշխատանքները կդարձնեն ավելի արդյունավետ: Ներկայումս նախագիծը ներկայացված է «Innovation Matching Grants» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` ֆինանսավորում ստանալու համար Աշխատանքային խմբի կողմից մշակված բիզնես պլանը գտնվում է գյուղնախարարությունում, այն քննարկման փուլում է: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների համար մեքենատրակտորային կայաններում աշխատելու հնարավորություն կստեղծվի:
- Մարգարիտա Մարուքյան. «Նոր մոտեցումներ աղացների մանրացնող բեռնվածքի դինամիկական պարամետրերի որոշման ուղղությամբ»: Ուսումնասիրվել է ռադիոազդանշանային եղանակների կիրառմամբ թրթռաղացներում մանրացնող մարմինների և մանրացվող նյութի բարդ ցիրկուլյացիոն շարժման օրինաչափությունների և մանրացնող մարմինների դինամիկական պարամետրերի մասին ինֆորմացիան, ինչը թույլ կտա ինտենսիֆիկացնել և բարելավել նյութերի մանրացման գործընթացը: Այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել նաև մեր մասնաճյուղի «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնի աշխատակիցների կողմից: Մի շարք հավասարումներ և կախվածություններ են ստացվել, որոնք ընդլայնել են թրթռաղացների կիրառման շրջանակները, նախագծել, պատրաստել և ներդնել դրանք մի շարք ձեռնարկություններում, այդ թվում նաև Վանաձորի «ԳԻՊԿ» ՓԲԸ-ում և Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքի «Տաշիր» ընկերությունների խմբի ձեռնարկությունում:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:
Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության: