Ապրիլի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ ESPAQ Tempus նախագծի շրջանակներում մեկնարկվեց ուսանողական աշխատաժողով: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան ապրիլի 10-13-ը Հայաստանում հյուրընկալել է 16 ուսանողների ԵՄ երկրներից և Շոտլանդիայից: Աշխատաժողովներ են անցկացվել Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Մայրաքաղաքի երեք բուհերից հետո մարզային միակ աշխատաժողովը տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում:
ESPAQ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման բարձրացումն է: Այս փուլում իրականացվում է ուսանողների փոխանակումներ Եվրոպական ուսանողական միության և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի միջև: Ծրագրի նպատակն է նաև ստեղծել փորձի փոխանակման հարթակ, որտեղ ուսանողները կձևավորեն որակի ապահովման վերաբերյալ իրենց տեսակետները և կզարգացնեն որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման վերաբերյալ հմտություններ: Հյուրերին ողջունեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը: Այնուհետև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխտնօրեն Սարգիս Աստարյանցը ներկայացրեց ծրագիրը և նպատակները, նշելով, որ հիմնական նպատակն է մասնակիցներին տալ պատկերացումներ ՀՀ-ում ընթացող որակի ապահովման գործընթացների մասին, ինտերակտիվ մեթոդներով մասնակիցների մոտ ձևավորել որակի ապահովման գործընթացներում մասնակցելու անհրաժեշտ կարողություններ: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՈԻԱԱ-ի փորձը որակի ապահովման գործընթացներում:
Իռլանդիայի, Շոտլանդիայի, Լիտվայի, Լեհաստանի ներկայացուցիչները նույնպես մեր ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձով: Այնուհետև կազմակերպվեց խմբային աշխատանք, որում ակտիվ մասնակցություն ունեցան Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:
Սարգիս Ասատրյանցը, հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին Վանաձորի մասնաճյուղում կազմակերպված աշխատաժողովի վերաբերյալ, կարևորեցին տարածաշրջանում նման հանդիպումների կազմակերպումը և ուսանողների ընդգրկվածությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում: Վերջում կազմակերպվեց հյուրերի շրջայց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: