«Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամն անչափ կարևորում է համագործակությունը Հայաստանի բոլոր բուհերի եւ կրթական հաստատությունների հետ։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում հիմնադրամը սերտ աշխատել է տարբեր բուհերի հետ, կազմակերպել ֆոկուս խմբեր, մասնակցել ներբուհական աշխատանքային տոնավաճառներին, փորձել առավելագույնս ներգրավված լինել բոլոր միջոցառումներում։ Բուհերը, որոնց հետ հիմնադրամն սերտ աշխատել է, նախ դարձել են գործընկեր, ապա ընկեր, իսկ այժմ խորացնում են այդ համագործակցությունը՝ ստորագրելով համագործակցության հուշագրեր։
Մարտի 15-ը նշանավորվեց ևս մեկ ստորագրված համաձայնագրով։ Այս անգամ կնքվեց համաձայնագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի հետ։ Համաձայնագիրը ստորագրվեց «Դասավանդի´ր, Հայաստան»-ի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանի ու ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի կողմից։
Ստորագրման արարողությունից հետո նույն համալսարանում կազմակերպվել էր պրեզենտացիա, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել մեր ծրագիրը, դրա մանրամասներն ու առավելությունները։ Մենք շատ ոգևորված ենք, որ Վանաձորի շրջանավարտների ու ուսանողների շրջանում այդքան հետաքրություն է առաջացնում մեր ծրագիրը, եւ մեծ է մասնակցության ցանկությունը։ Բոլորին կոչ ենք անում դիմելու, քանի որ հայտադիմումների ընդուման երրորդ վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր։