Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում «ՆԱՏՕ շաբաթ Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում և քննարկում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը կազմակերպել էր «Հայկական ատլանտյան ասոցիացիա» (ՀԱԱ) հասարակական կազմակերպությունը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը ողջունեց հյուրերին: Հանդիպումը վարում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ատլանտյան ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Թևան Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի դերն ու գործառույթները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնախնդիրները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործընթացում: 2007 թ.-ից ի վեր ՀԱԱ-ն ՆԱՏՕ-ի ամենամյա կրթարշավներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում:
ՀԱԱ-ի առաքելությունը Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացմանը նպաստելն է, մասնավորապես, հայ հասարակության մեջ մերօրյա աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ ընկալման և իրազեկության բարելավման միջոցով: 2001թ.-ից ՀԱԱ-ն Ատլանտյան դաշինքի ասոցիացիայի անդամ է: Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում: