Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները, «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակներում, հնարավորություն են ունենում ճանաչողական այցեր կատարել տարբեր ոլորտների ընկերություններ, որոնք նպաստում են նրանց մասնագիտության կողմնորոշման գործընթացին:

Այս անգամ աշակերտներն այցելեցին «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերություն, որի հիմնական ուղղվածությունը վեբ և մոբայլ հավելվածների պատրաստումն է և որակի վերահսկման և հաստատման ծառայություններ մատուցելը: Ընկերությունը նպատակ ունի մեծացնել ինժեներական ներուժը ՀՀ շրջաններում. այս կապակցությամբ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթացներ, և ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Դրանց թվում գերակշռող մաս են կազմում Մասնաճյուղի ուսանողները:

Աշակերտները հանդիպում ունեցան «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Չափարյանի, մեր լավագույն շրջանավարտների՝ Ժոզեֆ Կարայանի, ով նաև դասավանդել է Մասնաճյուղում, Հասմիկ Դաբաղյանի, Նանե Համբարձումյանի, Արաքսյա Համբարյանի և այլոց հետ: Հ. Դաբաղյանը, ով արդեն բազում հաջողություններ է գրանցել իր կարիերայում և ունի հեռանկարային ապագա, աշակերտներին ներկայացրեց ՏՏ ոլորտի առավելությունները և պահանջարկները, նշեց, որ գոհ է իր ընտրած մասնագիտությունից, աշխատանքային գործընթացից և այնտեղ տիրող մթնոլորտից, որը խթան է հանդիսանում ավելի եռանդուն աշխատելու համար:

Ս. Չափարյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը, գործունեությունը և հեռանկարները:  Նշեց, որ ընկերության և Մասնաճյուղի սերտ կապը ունի տարիների պատմություն և կարևորեց այդ բեղմնավոր համագործակցությունը: Սկզբնական շրջանում ընկերության կողմից կազմակերպված դասընթացները անց են կացվել Մասնաճյուղում, որի արդյունքում շատ ուսանողներ մասնակցել են դասընթացներին, հետագայում անցել աշխատանքի և ձեռք են բերել մեծ փորձ՝ Ինստիգեյթ ՓԲԸ-ում ներդրված սարքերի ծրագրային ապահովման մշակման և իրականացման ոլորտներում։ Ս. Չափարյանը հավելեց նաև, որ ընկերությունում աշխատողների գերակշռող մասը Պոլիտեխնիկի շրջանավարտներ և ուսանողներ են:

Շնորհակալություն ենք հայտնում «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությանը՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում կազմակերպելու համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Գայանե Սոխակյանի և Տաթև Մարգարյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանում  «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններ:

«Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը ուսանողներին ներկայացրեց ընկերությունում առկա ցանցային սարքավորումերը, այնուհետև ուսանողներն այցելեցին սենսորային սարքավորումների նախագծման լաբորատորիա և ծանոթացան նոր մոնտաժվող սարքերին:

Ա. Եսայանը ուսանողների հետ խոսեց «Իրերի համացանց»-ի (Internet of Things, IoT) գործառույթների և դրա զարգացման որոշ նախապայմանների մասին: Նշեց, որ ներկայումս համացանցի զարգացումը ստեղծում է մի իրավիճակ, երբ խելացի սարքավորումները կարող են հաղորդակցվել իրար հետ առանց մարդկային միջամտության: Սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում աշխարհում կարող է լինել միլիարդավոր սարքեր, որոնք կաշխատեն ու կհաղորդակցվեն առանց մարդու միջամտության: Պրոցեսորների նվազեցման, ցանցերի ընդլայնման, էներգիայի աղբյուրների ավելացման հետ շատ կարճ ժամանակում ամեն ինչ մեր շուրջը` ականջակալներից մինչև աթոռը, համակարգիչ կդառնան:

BNS ընկերությունում խոսվեց կիբեռհանցագործության (Cyber Crime), կիբեռնետիկական պատերազմի (Cyber War), բոտնետի (Robot Network), կիբեռանվտանգության (Cyber Security)  և Tor ծրագրային փաթեթի մասին: Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե ինչ են իրենցից ներկայացնում Բլոկչեյնը (Blockchain),  Բիթքոյն (Bitcoin)  կրիպտոարժույթը և ինչպես են իրականացվում դրանց գործառույթները:

Ուսանողները բավարարված էին 2 ընկերություններում ձեռք բերված արժեքավոր և անհրաժեշտ գիտելիքներով, որը հետագայում մեծ խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում իրենց մասնագիտացման հարցում:

Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններին՝ ուսանողների համար արդյունավետ և տեղեկատվական դասընթաց և խորհրդատվություն կազմակերպելու համար: Շնորհակալ ենք նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ուսանողների և դասախոսների այցը Երևան կազմակերպելու համար:

Հուսով ենք, որ հետագայում ևս կունենանք շարունակական այցեր և արդյունավետ համագործակցություն:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված OmniCode ՍՊԸ-ն ՏՏ ընկերություն է, որը ծրագրավորման անվճար դասընթացներ է կազմակերպում աշակերտների և ուսանողների համար: Ընկերության հետ համատեղ հիմնել են նաև E-Academy-ն, որի առաքելությունն է ծրագրավորման ոլորտում իրականացնել անվճար հիմունքներով խորացված դասընթացներ՝ նպաստելով Հայաստանի հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աջակցել տաղանդավոր երիտասարդներին՝ մուտք գործել աշխատանքային շուկա:

Ընկերության դասընթացները մեկնարկել են 2017թ.-ի մարտից. 145 աշակերտներ և ուսանողներ անցել են թեստավորում, 28-ը գրանցել են բարձր արդյունք և անվճար հիմունքով 11 ամիս սովորել են web ծրագրավորում, որից 15-ն անցել են վճարովի պրակտիկա, իսկ 12-ն ընդունվել են աշխատանքի:

Ինչպես նշում է ընկերության համահիմնադիր Յուրի Վիրաբյանը, շրջանավարտների և աշխատանքի անցածների մեծամասնությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշակերտներ և ուսանողներ են: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների հետ հանդիպման ժամանակ Յ. Վիրաբյանը նշեց, որ ծրագրավորումը հեռանկարային և արագ զարգացող ոլորտ է և Պոլիտեխնիկի ուսանողներն ունեն լայն հնարավորություն սովորելու, պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու ՎՏԿ-ում տեղակայված ընկերություններում:

Զրույց ունեցանք ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովսեփյանի հետ, ով հիմա ընկերությունում գտնվում է պրակտիկայի փուլում և շուտով կանցնի աշխատանքի և արդեն աշխատանքի անցած 4-րդ կուրսի ուսանող Արայիկ Գրիգորյանի հետ, ովքեր նշեցին, որ հնարավորություն են ունեցել անվճար ծրագրավորում սովորելու, իրենց գիտելիքներն ամրապնդելու ՏՏ ոլորտում, խորացնելու պոլիտեխնիկցուն բնորոշ ստեղծագործական մտածողությունը և ամենակարևորը՝ իրենց սեփական գումարը վաստակելու:

Շնորհակալություն ենք հայտնում OmniCode ընկերությանը՝ մեզ հետ համագործակցելու, ուսանողների ու աշակերտների համար նման հնարավորություններ ստեղծելու համար:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին «Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման հարցում աշակերտներին ճիշտ ուղղորդելն էր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, ուստի այս նպատակով ծրագրեր են իրականացվում աշկերտներին կողմնորոշելու դեպի ՏՏ ոլորտը:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ողջունելով և շնորհավորելով աշակերտներին միջոցառման առիթով, հայտնեց բարի լուր այն մասին, որ Հայսատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման որոշում: Սա բուհի համար կարևոր գնահատանք և իրադարձություն է, միևնույն ժամանակ պարտավորեցնող՝ ավելի լավ և որակյալ կրթական ծառայություններ մատուցելու համար:

Վիկտորինային մասնակցում էին «Ինֆոմաններ» և «404» թիմերը. մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «404» թիմը: Աշակերտները ներկայացրին իրենց ունակությունները ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ ստեղծագործական ոլորտում, որը զարգացրեց սովորողների ստեղծագործական ունակությունները, հասարակական ակտիվությունը և մեծացրեց նրանց հետաքրքրությունն ընտրած մասնագիտության նկատմամբ:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Շինարարություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, ամբիոնի վարիչ Աշոտ Գյուրջինյանի ուղեկցությամբ, տեղեկատվական նպատակով այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Վանարխ» ՍՊԸ: Դասը վարեց Պոլիտեխնիկի շրջանավարտ Սասուն Ղազարյանը, ով ընկերության գլխավոր ինժեներն է և աչքի է ընկնում ճարտարապետին հատուկ ունակություններով: 

Նմանատիպ հանդիպումները կրում են մշտական բնույթ, որոնց նպատակն է ուսանողներին իրազեկել տվյալ ոլորտի գործունեության և հեռանակարային ծրագրերի մասին: Մեր շրջանավարտ Սասուն Ղազարյանը մշտապես պատրաստ է Պոլիտեխնիկի ուսանողներին փոխանցել իր գիտելիքները և կիսվել մասնագիտական փորձով, ինչպես նաև՝ իր ներդրումն ունենալ «Ճարտարապետություն» դասընթացի կուրսային աշխատանքների կատարման գործում:

Ուսանողները ծանոթացան «Քաղաքացիական և արդյունաբերական նախագծում, նախահաշիվների կազմում, ծավալների հաշվարկ և տարածքների չափագրում» թեմաների հետ: Ծանոթացան նաև շինարարական ոլորտում կիրառվող ArchiCad ծրագրին, գործիքակազմին, որը նախատեսվում է ճարտարապետական նախագծերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում ուսանողներին հետաքրքրող հարցերը ստացան ինֆորմատիվ և բովանդակալից պատասխաններ: 

Առաջարկություն եղավ «Համակարգչային ճարտարապետական նախագծում» դասընթացում ներառել դասաժամեր ArchiCad ծրագրի վերաբերյալ:

Նմանատիպ հանդիպումները խթանում են ուսանողների ներգրավածությանը ճարտարապետական տարբեր ծրագրերին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենի 4-ամսյա անվճար դասընթաց: Դասընթացը վարում է Խաղաղության կորպուսի կամավոր Մայքլ Հուբենը, ով մասնագիտությամբ ուսուցիչ է և ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Կրթությունը զարգացման միակ ճանապարհն է: Մեր ժամանակներում ամենահեռանկարային և ամենամրցունակ ճանապարհը կրթությունն է, այն միակ արժեքն է, որը մարդը չի կարող կորցնել: Որքան ավելի կրթված է մարդը, այնքան ավելի մրցունակ է: Կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, քանի որ օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն և միջոց է: Լեզվի իմացությունն այսօր անհրաժեշտ պահանջ է, որը մեր առջև բացում է լայն հնարավորություններ:

Այս դասընթացը Պոլիտեխնիկի աշակերտների և ուսանողների համար օտար լեզվով ավելի լավ հաղորդակցվելու լրացուցիչ միջոց և մեթոդաբանություն է:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ներկա գտնվելով առաջին դասին, նշեց. «Պոլիտեխնիկցիներն առանձնանում են տեխնիկական գիտելիքներով և նորաստեղծային հատկանիշներով, ուստի կարևորում ենք զարգացնել նաև լեզվական հմտությունները: Ճարտարագետների լեզվական հմտություններն էլ ավելի կխթանեն նրանց մասնագիտական զարգացմանը, կնպաստեն ուսանողների մասնակցությանը փոխանակման տարբեր ծրագրերին և մրցունակ կարիերայի ձևավորմանը »:

Տեղի ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների և աշակերտների տեղեկատվական հերթական հանդիպումը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Հանդիպումը վարում էր ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախնինյանը, ով խոսեց բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք ՎՏԿ-ն ընձեռում է Պոլիտեխնիկի ուսանողներին և աշակերտներին: Կենտրոնը պատրաստ է աջակցել երիտասարդներին աշխատել ըստ մասնագիտւթյան, իրագործել իրենց նորարար գաղափարները և դառնալ հաջողակ ձեռներեց:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ուսանողները և աշակերտները կարող են մասնակցել թեմատիկ սեմինարներին և տարաբնույթ միջոցառումներին, որոնք անց են կացվում Հայաստանի և արտասահմանյան լավագույն մասնագետների կողմից, կարող են բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ մասնակցելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներին: Նրանք տեղեկացան կենտրոնում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաների, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայի մասին, որը բացառիկ հնարավորություն է ստեղծում ճարտարագիտական ոլորտում նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների, լուծումների մշակման համար:

ՎՏԿ-ում տեղակայված ընկերությունների՝ Hi-Tech Gateway, Omni Code, Elpida Electronics,  Teams, Renderforest(Վանաձորի մասնաճյուղ) ներկայացուցիչներն ուսանողներին ծանոթացրին առկա բազմաթիվ հնարավորությունների և թափուր աշխատատեղերի հետ՝ օրինակ բերելով Պոլիտեխնիկի այն շրջանավարտներին, ովքեր արդեն իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտել վերոնշյալ ընկերություններում:

ՎՏԿ դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը ողջունեց Մասնաճյուղի ուսանողների այցը ՎՏԿ՝ խրախուսելով առավել ակտիվ գտնվել նոր դասընթացներին մանսակցելու մեջ:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումն իրականացնելու, ուսանողներին և աշակերտներին իրենց հնարավորությունների մասին իրազեկելու համար: Պարոն Խառատյանը ողջունեց և կարևորեց Մասնաճյուղի և ՎՏԿ-ի հաջող համագործակցությունը:

 

Ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ Վանաձորի թիվ 11 դպրոցի 50 աշակերտներ այցելեցին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, այցելեցին ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նրանք տեղեկացան հեռավար ուսուցման մասին, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև: Մինչ լաբորատոր փորձեր կատարելը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը աշակերտներին ներկայացրեց Պոլիտեխնիկը՝ իր հնարավորություններով և հեռանկարներով հանդերձ, նշեց նաև ինժեներական կրթության կարևորության մասին:

Մեքենագիտության և էլեկտրատեխնիկայի լաբորատորիայի վարիչ, դասախոս Շավարշ Ոսկանյանը, ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, դասախոս Մարինե Մանուկյանը նորագույն սարքավորումների վրա կատարեցին լաբորատոր փորձեր: Մեխանիկական տատանումների ուսումնասիրության լաբորատոր հարթակի վրա փորձերի կատարման ժամանակ աշակերտները գործնականորեն կիրառեցին և ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները մաթեմատիկական, ֆիզիկական ճոճանակների տատանումների մասին, երկրաչափական օպտիկա լաբորատոր հարթակի վրա ուսումնասիրեցին երկրաչափական օպտիկայի հիմնական օրենքները: Մագնետիզմ և էլեկտրամագնետիզմ լաբորատոր հարթակի վրա ուսումնասիրեցին մագնիսական դաշտի հատկությունները, տրանսֆորմատորի գործառույթը: Ռոբոտաշինության լսարանում խմբակի վարիչ Արաքսյա Բալյանը աշակերտներին ծանոթացրեց ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին, աշակերտների պատրաստած ռոբոտներին, տեղեկացրեց խմբակի ձեռքբերումների, նվաճումների մասին, ինչպես նաև՝ հետագա պլանների մասին:

Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը մասնագիտական կողմնորոշման նպատակով պարբերաբար անց է կացնում բաց դռների օրեր:

 

 

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, այն համարվում է նաև ուսանողների խորհրդանշական համախմբման օր:

Ամենամյա այս տոնը յուրաքանչյուր բուհ նշում է իր մտահղացումներով ու պայծառ գաղափարներով: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, ունենալով տեխնիկական ուղղվածություն, նույնպես անմասն չմնաց այս իրադարձությունից: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի  ուսանողական խորհուրդը, նշելով ուսանողության տոնը, մի սկզբունք է որդեգրել, այն է՝ տոնի առթիվ սրտաբուխ շնորհավորել մեկը մյուսին, բացահայտել նոր տաղանդներ, մշակութային եռուզեռ, տոնական տրամադրություն հաղորդել բոլորին:

Տոնը կարծես թե ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը: Տոնը թերևս ամենապայծառ, ամենալավատեսական տոներից մեկն է, քանի որ մեր ազգի լավագույն մասը կազմում են հենց ուսանողները, ովքեր ոչ միայն ազգի հույսն են, այլև վաղվա օրն ու գալիքի՝ պայծառ ապագայի երաշխիքը:

Տոնի առիթով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները կազմակերպել էին համերգային ծրագիր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որոնք արժանացան պրոֆեսորադասախոսական անձնակազմի, հանդիսատեսի հավանությանը և բարձր գնահատմանը:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհավորեց ուսանողությանը, նշելով. «Ուսանողությունը երկրի շարժիչ ուժն է, նոր գաղափարները, նոր աշխատանքները գեներացվում են ուսանողների կողմից: Պոլիտեխնիկի ուսանող լինելը մեծ արժեք և պարտավորություն է ազգի, երկրի ու հասարակության հանդեպ: Մաղթում եմ, որ ուսանողական տարիները ուսանողները լավագույնս օգտագործեն իրենց ուսումնառության, գիտելիքների զարգացման համար, որպեսզի կարողանան հետագայում իրենց ուժը ներդնել հայրենիքի զարգացման գործում:  Մաղթում եմ նաև համալսարանական գիտակից ու անմոռաց տարիներ, ստեղծագործական մեծ եռանդ և բեղուն գործունեություն, այս տարիները թող լինեն բովանդակալից, ունենաք գեղեցիկ և բերկրալից կյանք»:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները և աշակերտները, թերևս ստանում են տեխնիկական կրթություն, սակայն այս օրը նրանք աչքի ընկան իրենց ստեղծագործական հմտություններով և տաղանդներով:

Սիրելի ուսանողներ

Մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և

ղեկավար կազմի կողմից ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները

Ուսանողության միջազգային օրվա առթիվ:

Թող որ ուսանողական տարիները լինեն

նորանոր գիտելիքների ձեռքբերման,

արդյունավետ ուսումնառության և

անմոռաց ուսանողական կյանքի բերկրալից տարիներ:

Տնօրեն`  Ա.Խառատյան