ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսներ Գայանե Սոխակյանի և Տաթև Մարգարյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններ:
«Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը ուսանողներին ներկայացրեց ընկերությունում առկա ցանցային սարքավորումերը, այնուհետև ուսանողներն այցելեցին սենսորային սարքավորումների նախագծման լաբորատորիա և ծանոթացան նոր մոնտաժվող սարքերին:
Ա. Եսայանը ուսանողների հետ խոսեց «Իրերի համացանց»-ի (Internet of Things, IoT) գործառույթների և դրա զարգացման որոշ նախապայմանների մասին: Նշեց, որ ներկայումս համացանցի զարգացումը ստեղծում է մի իրավիճակ, երբ խելացի սարքավորումները կարող են հաղորդակցվել իրար հետ առանց մարդկային միջամտության: Սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում աշխարհում կարող է լինել միլիարդավոր սարքեր, որոնք կաշխատեն ու կհաղորդակցվեն առանց մարդու միջամտության: Պրոցեսորների նվազեցման, ցանցերի ընդլայնման, էներգիայի աղբյուրների ավելացման հետ շատ կարճ ժամանակում ամեն ինչ մեր շուրջը` ականջակալներից մինչև աթոռը, համակարգիչ կդառնան:
BNS ընկերությունում խոսվեց կիբեռհանցագործության (Cyber Crime), կիբեռնետիկական պատերազմի (Cyber War), բոտնետի (Robot Network), կիբեռանվտանգության (Cyber Security) և Tor ծրագրային փաթեթի մասին: Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե ինչ են իրենցից ներկայացնում Բլոկչեյնը (Blockchain), Բիթքոյն (Bitcoin) կրիպտոարժույթը և ինչպես են իրականացվում դրանց գործառույթները:
Ուսանողները բավարարված էին 2 ընկերություններում ձեռք բերված արժեքավոր և անհրաժեշտ գիտելիքներով, որը հետագայում մեծ խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում իրենց մասնագիտացման հարցում:
Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ տեխնոլոգիաներ» և BNS ընկերություններին՝ ուսանողների համար արդյունավետ և տեղեկատվական դասընթաց և խորհրդատվություն կազմակերպելու համար: Շնորհակալ ենք նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենությանը՝ ուսանողների և դասախոսների այցը Երևան կազմակերպելու համար:
Հուսով ենք, որ հետագայում ևս կունենանք շարունակական այցեր և արդյունավետ համագործակցություն: