Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ԵՄ Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագրի («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն») ամփոփիչ համաժողովը՝ ի ցույց հանելով այն արդյունքը, ձեռքբերումները, որոնք Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով նպատակաուղղված են ապահովելու բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և նախանշելու ստեղծված համագործակցության շարունակականությունը: «Ամփոփիչ համաժողովին ներկա էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դոցենտ Արմեն Խառատյանը, «Որակի ապահովում և վերահսկում» բաժնի վարիչ Վահան Մամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը, ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Ծրագրի արդյունքում բուհերում ստեղծվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցության միավորներ՝ միասնանալով ընդհանուր ցանցում, մշակվել են ցանցի գործունեության կանոնակարգը և էլեկտրոնային հարթակը, կանոնակարգվել է դրանում ուսանողների մասնակցությունը, կրթության և աշխատաշուկայի կապն արդյունավետ իրականացնելու նպատակով հզորացվել են գործընկերների կարողությունները, ըստ 3 ոլորտների գործատուների և այլ շահակիցների հետ քննարկվել և մշակվել են ոլորտային որակավորումների բնութագրեր, պատրաստվել է ոլորտային որակավորումների մշակման մեթոդաբանություն և կիրառման ընթացակարգ։
Համաժողովը շարունակվեց առանձին թեմատիկ ուղղություններով՝ «Կարողությունների ձևավորում», «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի ստեղծում», «Տվյալների բազայի հիմնում և գործիքակազմի մշակում», «Որակավորումների ոլորտային շրջանակի գործարկում», «Որակի ապահովում և մշտադիտարկում»: Ելույթ ունեցան Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լատվիայի և մեր հանրապետության շահառու համալսարանների ներկայացուցիչները»։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը ակտիվ մասնակցում է միջազգային ծրագրերին և գրանցում է բարձր արդյունք: