Լրացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Պանդուխտի Հարոյանի ծննդյան 65-ամյակը, նաև մասնաճյուղում գիտամանկավարժական գործունեության 40-ամյակը:
Բնական գիտությունների նկատմամբ առանձնահատուկ սերը, հակումը նրա մոտ ի հայտ են գալիս դպրոցական վաղ տարիներին: Էդիկ Հարոյանը 1996 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտելով՝ ընդունվում է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Ինչպես դպրոցական, այնպես էլ համալսարանական տարիները իրենց խորը, իմաստալից, անփոխարինելի հետքը թողեցին նրա՝ որպես մասնագետ, մարդ և քաղաքացի ձևավորման բնականոն ընթացքի վրա: Այդ տարիներին նա նորովի է կարդում և յուրովի ուսումնասիրում հայ և համաշխարհային դասականներին: Էդիկ Հարոյանը հաճախում է Երվանդ Քոչարի և Մինաս Ավետիսյանի արվեստի դասերին: Համալսարանն ավարտելուց հետո՝ որպես երիտասարդ մասնագետ, գործուղվում է աշխատելու Մոսկվայի ատոմային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Երևանի նորաբաց մասնաճյուղում, որն իր կարևորագույն և անուրանալի դերն է ունեցել Մեծամորի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում:
1976 թվականից Է. Հարոյանը աշխատում է ԵրՊԻ (ՀԱՊՀ) Վանաձորի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում: Այս և հետագա տարիներին հոբելյարի գործունեությունը ամբողջովին կենտրոնանում է նույն մասնաճյուղում, որտեղ նա սկզբում եղել է լաբորատորիայի վարիչ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, իսկ 2010-ին ընտրվում է ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան: Է. Հարոյանը ասպիրանտական տարիները անցկացրել է Խորհրդային միության լավագույն կրթօջախներից և գիտական կենտրոններից մեկում` Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) պետական համալսարանում, որտեղ էլ <<Տոպոլոգիական կիսախմբերի գծային և երկգծային արտապատկերումները>> թեմայով 1987 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը և ստանում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավարներն էին պրոֆ. Մ.Լեսոխինը և հանրաճանաչ գիտնական, դոկտորական թեզերի պաշտպանության խորհրդի նախագահ Մ.Բորևիչը): 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո տնակային, անհավատալի պայմաններում Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը, այդ թվում և Է. Հարոյանը շարունակեցին իրենց նվիրյալ աշխատանքը: Հասարակածային Գվինեայում (Կոնակրիի համալսարան) աշխատելու համար Է. Հարոյանը, ԽՍՀՄ արտաքին կապերի կոմիտեի կողմից դասախոսական աշխատանքի գործուղվելու նպատակով, 1989-90 թվականներին անցել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում կազմակերպված ֆրանսերենի մեկամյա դասընթացը: Գիտամանկավարժական ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել մասնաճյուղի և համալսարանի տարաբնույթ միջոցառումներին, ՀԱՊՀ-ի գիտական խորհրդի անդամ է, ֆակուլտետի խորհրդի նախագահ: 2002-2007 թվականներին եղել է թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: Պարգևատրվել է համալսարանի և մասնաճյուղի վաստակագրով, շնորհակալագրերով: Ամուսնացած է, ունի 4 երեխա և ութ թոռնիկ:
Հարգելի´ պարոն Հարոյան, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմը, երախտիքի զգացումով, շնորհավորում է Ձեր 65-ամյակը: Ձեր անմնացորդ նվիրումը բուհական կրթության և մատաղ սերնդի դաստիարակման գործին մշտապես իր արձագանքն է գտել գործընկերների և ուսանողների սրտերում: Մենք գնահատում ենք այն ավյունն ու ավանդը, որ ներդրել եք մեր ուսանողների կրթության և դաստիարակության մեջ: Ձեզ երկար, առողջ տարիների կյանք և արգասավոր աշխատանք: