ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով, պարբերաբար անց է կացնում միջոցառումներ և բաց դռների օրեր:
Մարտի 2-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի աշակերտների հետ։ Միջոցառման նպատակը վերջիններիս մասնագիտորեն կողմնորոշելն էր՝ ըստ երեք թիրախային մասնագիտությունների, այն է՝ «Շինարարություն», «Տրանսպորտային համակարգեր» և «Մեքենաշինություն և Նյութերի մշակում»։ Այս առումով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր համապատասխան գործընկեր կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ՝ լավագույնս ներկայացնելու իրենց ընկերությունը, պահանջվող գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև՝ գործատուի կողմից ընդգծելու ինժեներական կրթության կարևորությունը։ Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեններին և ներկայացուցիչներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը և մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը ներկա գտնվելը։
Մեր գործընկեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված «Թաֆբիլթ Արմենիա» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում ամենապահանջված մասնագիտությունը ինժեների մասնագիտությունն է, իսկ տարածաշրջանում ինժեներ պատրաստում է միայն ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը։
Հյուրընկալել էինք նաև ճարտարապետաշինարարական ընկերություն «Արխիդաչ» և «Արդեսկ» ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի սաներն են։ Վերջիններս նշեցին, որ իրենց ընկերությունում գերակշռող մասը կազմում են Պոլիտեխնիկի ուսանողներն ու շրջանավարտները։
Վերջում «Օմնի Լոջիսթիքս» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանն աշակերտներին ներկայացրեց, թե ՀՀ-ում ինչ լայն տարածում է գտնում ուղևորաբեռնափոխադրումները, թե ինչպես են դրանք իրականացվում, և թե ինչ հմտություններ են անհրաժեշտ տվյալ ոլորտում աշխատելու համար։
Ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կարողացան ընդլայնել գիտելիքները ինժեներական ոլորտում, կողմնորոշվեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց ներուժը տվյալ ոլորտում: