Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի

Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 

Մայիսի 2-ից 10-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում անց է կացվելու ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված է Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 65-ամյակին:

Մայիսի 2-ին մեկնարկեց ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողովը։ Հոբելյանական պլենար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։ Պարոն Խառատյանն իր խոսքում նշեց, որ Մասնաճյուղի հիմնադրումը կենսական կարևորություն է ունեցել Լոռու մարզի տնտեսական զարգացման հարցում: Պոլիտեխնիկը այն հիմնական սնուցող զարկերակն է, որը տարածաշրջանին ապահովում է ժամանակակից ինժեներական կրթությամբ: Ինչպես նաև հավելեց, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրագործվող գիտահետազոտական աշխատանքներ: Պարոն Խառատյանը կարևորում է նաև անգլերեն լեզվի իմացությունը, որն ինժեներին ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, այս առումով պլենար նիստում ընդգրկված էր անգլերեն լեզվով ելույթ, որն, ի դեպ, մեր ուսանողը լավագույնս ներկայացրեց։

Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.

  • Բաբայան Մարտուն․ “Graphic design”-ի գաղափարը և իրականացումը։
  • Երվանդ Հարությունյան․ “Artifical intelligence: Progress or regress?”․
  • Կարապետյան Հովհաննես․ «Չինաստանի տնտեսության ֆենոմենը. որքանո՞վ է ընդօրինակելի նրա փորձը ՀՀ-ի համար»։

Յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էին տարատեսակ հարցեր և ուսանողների և դասախոսների միջև տեղի էր ունենում քննարկումներ՝ վերոնշյալ թեմաների շուրջ։

Հետաքրքիր թեմաներ են սպասվում նաև տարբեր ամբիոնների առանձին սեկցիաներում:

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք օգնում են հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, նպաստում են, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

Լավագույն աշխատանքները հետագայում կներկայացվեն տպագրության:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում հյուրընկալեցինք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Նաիրա Էվոյանին, ով անցկացրեց երկօրյա դասընթաց  փափուկ հմտությունների (Soft Skills) վերաբերյալ։

Ուսանողներին և ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին ներկայացվեց, թե ինչ են իրենցից ներկայացնում փափուկ հմտությունները, աշխատակազմի որոնման ուղիները, ընտրության ուղիները, հարցազրույցի տեսակները, ուսուցումը և մոտիվացիան:

Ներկայացվեց նաև՝ ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրական, ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին կամ դիմել որևէ ծրագրի, ինչպես որոշակի հետաքրքրություն առաջացնել գործատուի մոտ, ինչպես գրել ճիշտ ուղեկցող նամակ, որպեսզի մեր դրդապատճառները լինեն համոզիչ միջազգային, փոխանակման ծրագրերում մրցունակ լինելու համար:

Խոսվեց ուղեկցող նամակ գրելու օրինաչափություններից, կառուցվածքից և բովանդակությունից: Այս դասընթացի նպատակն է ուսանողներին արդյունավետ դարձնել կրթության և աշխատանքի ոլորտում, զարգացնել կարիերայում և կյանքում այդքան անհրաժեշտ ճկուն հմտությունները և գրանցել նոր հաջողություններ այդ ոլորտներում։ Դասընթացը կխթանի ուսանողների մոտ զարգացնել նաև վերլուծական և կառուցողական մտածողությունը, որոշումներ կայացնելու և բարդ իրավիճակներում ելք գտնելու կարողությունը, ավելի արդյունավետ կառավարել սեփական ժամանակը և շատ այլ հմտություններ։

Վերջում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մարտի 21-ին կազմակերպվել էր օլիպիադա մաթեմատիկա առարկայից՝ նվիրված մասնաճյուղի հիմնադրման 65-ամյակին։ Մաթեմատիկայի օլիպիադային մասնակցեցին Վանաձոր քաղաքի հիմնական դպրոցների 9-րդ դասարանների 45 աշակերտ։

Օլիմպիադան նրանց հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց մաթեմատիկական մտածողությունն ու տրամաբանությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո լավագույն
աշակերտները կպարգևատրվեն։ Իսկ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում ուսումը շարունակել ցանկացողներին ընդունելության ժամանակ կտրվի նախապատվություն։

Փետրվարի 15֊ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի վաղեմի գործընկեր, Zealous (նախկին՝ Instigate Mobile) ընկերության ծրագրերի ղեկավար Նելսոն Մամուլյանի, ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների միջև։

Ինտերակտիվ քննարկման ընթացքում վերլուծվեցին ՏՏ ոլորտում առկա մասնագիտական ուղղությունները և կարծիքներ փոխանակվեցին ուսանողների մասնագիտական հետաքրքրություններից։

Ներկայացվեց ընկերության ու բուհի համագործակցության նախապատմությունը, այդ թվում նաև, 12 տարի առաջ բուհում Instigate Mobile֊ի համահիմնադիրների կողմից առաջին դասընթացների մասին, որի արդյունքում բուհի ուսանողներից ընկերությունը ձեռք բերեց իր առաջին աշխատակիցներին, ովքեր այսօր Zealous֊ի մենեջերներն ու առաջատար մասնագետներն են։ Ակտիվ քննարկում եղավ հատկապես ընկերության՝ Վանաձորում իրականացվող կրթական ծրագրի՝ գերազանցության կենտրոնի մասին։

Ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալիքները, առանձնահատկությունները, մուտքային նախապայմաններն ու ժամկետները։ Անդրադարձ եղավ նաև այդ ամենի արդյունքում ձեռք բերված գիտելիքների ու կարողությունների ներդրման հնարավորություններին, մասնավորապես, թե ինչպես կարող են համայնքն ու տարածաշրջանը, ինչպես նաև ընկերությունը, բուհն ու այլ հավանական գործընկերներ շահել դրանից։ Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը, ուսանողները ցանկություն հայտնեցին այցելել նաև ընկերության գրասենյակ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է խոսակցական անգլերենի անվճար դասընթաց՝ ամերիկացի լեզվակիրների հետ: Դասընթացը վարում են ամերիկացի կամավորներ Դեյվիդը և Սինդին։

Ինչպես գիտենք, կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն և միջոց է, որը մեր առջև բացում է լայն հնարավորություններ:

Ուստի, այս դասընթացի նպատակն է բարելավել ուսանողների անգլերենի իմացության մակարդակը, խթանել ուսանողների մասնակցությանը փոխանակման, միջազգային տարբեր ծրագրերին։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը բազմիցս նշում է. «Պոլիտեխնիկցիներն առանձնանում են տեխնիկական գիտելիքներով և նորաստեղծային հատկանիշներով, ուստի կարևորում ենք զարգացնել նաև լեզվական հմտությունները: Ճարտարագետների լեզվական հմտություններն էլ ավելի են խթանում վերջիններիս մասնագիտական զարգացմանը, նպաստում են ուսանողների մասնակցությանը փոխանակման տարբեր ծրագրերին և մրցունակ կարիերայի ձևավորմանը»:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը փորձում է անել լավագույնը՝ ի նպաստ ուսանողների։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն ամեն տարի հյուրընկալում է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին։ Այցի նպատակը ուսանողներին իրազեկելն է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի առաքելության, դիմելու կարգի և ծրագրի առավելությունների մասին։  

Սկզբում տեղի ունեցավ հանդիպում Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի հետ, ով կարևորեց Մասնաճյուղի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համագործակցությունը և դրա շարունակությունը և նշեց, որ վերջինս կատարում է հայրենանվեր աշխատանք։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ունենա հնարավորություն՝ բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով։ Այս նպատակով, իր թիմում ընդգրում է տարբեր մասնագիտությունների լավագույն ուսանողներին՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

Տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ Պոլիտեխնիկի շրջանավարտներն աչքի են ընկել իրենց ինժեներական և ստեղծագործ հմտություններով և մտածողությամբ: Նշենք, որ մեր շրջանավարտները բացի դասավանդվող առարկաներից՝ ունակ են ղեկավարել նաև ռոբոտաշինական, ձեռնարկատիրական և այլ խմբակներ:

 «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչ-առաջնորդներ, այնուհետև երկու տարով գործուղում՝ Հայաստանի մարզային դպրոցներ։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրն ունի մի գերնպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

            Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները:

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն իր տանիքի ներքո հավաքել էր Վանաձոր քաղաքի տարբեր ավագ դպրոցների 11 և 12-րդ դասարանի աշակերտներին։ Ներկա էին նաև մեր ավագ դպրոցի աշակերտները։ Հանդիպման նպատակը ծանոթացումն էր մասնագիտությունների հետ և ավագ դպրոցի աշակերտների կողմնորոշումը դեպի Պոլիտեխնիկ։

Մասնագիտական կողմնորոշումն իրականցվեց ըստ մեր 5 մասնագիտությունների, այն է՝ «Տնտեսագիտություն», «Շինարարություն», «Համակարգչային ճարտարագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն»  և «Մեքենաշինություն և նյութերի մշակում»։ Այս առումով ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր համապատասխան գործընկեր կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ՝ լավագույնս ներկայացնելու իրենց ընկերությունը, պահանջվող գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև՝ գործատուի կողմից ընդգծելու ինժեներական կրթության կարևորությունը։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեններին և ներկայացուցիչներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը և միջոցառմանը ներկա գտնվելը։ Նշեց, որ նմանօրինակ միջոցառումներն իրականացվում են իշահ մեր վաղվա ուսանողի, որպեսզի նա ունենա բավականաչափ տեղեկություն՝ իր գիտելիքներն ու ներուժը ճիշտ տեղում օգտագործելու համար։

Մեր գործընկեր «Թաֆբիլթ Արմենիա» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը ներկայացրեց իր ընկերությունը և նշեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում ամենապահանջված մասնագիտությունը ինժեների մասնագիտությունն է, մասնավորապես իր ղեկավարած ընկերությունում ունեն մեխանիկ ինժեներների կարիք։

Հյուրընկալել էինք նաև ճարտարապետաշինարարական «Արխիդաչ և Արդեսկ» ընկերությունների Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Անի Ասատրյանին և մեր շրջանավարտ, ներկայիս դասախոս Յուրի Հարությունյանին, ովքեր հանգամանալից ներկայացրին ընկերությունը և իրենց կատարած նախագծերը։ Վերջիններս նշեցին, որ իրենց ընկերությունում գերակշռող մասը կազմում են Պոլիտեխնիկի ուսանողներն ու շրջանավարտները։

Հյուրընկալել էինք նաև «Զելըս» ընկերության աշխատակիցներ՝ ավագ ծրագրավորողներ  Նանե Համբարձումյանին և Արաքսյա Համբարյանին։ Նրանք մեր լավագույն շրջանավարտներից են։ Նանեն մոտիվացրեց աշակերտներին զինվել գիտելիքներով և լինել մրցունակ, ներկայացրեց, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ ՏՏ ոլորտում աշխատելու համար։

Մեզ մոտ առաջին անգամ հյուրընկալել էինք Ստեփանավանում կառուցվող հայ-չեխական թեթև ինքնաթիռների արտադրության գործարանի տնօրեն Կամո Ղարաջյանին։ Նա նշեց, որ հեռանկարային շատ ծրագրեր ունեն մեր «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության ուսանողների հետ, որն իր մեջ ներառում է մասնագիտական պրակտիկաներ Չեխիայում և աշխատանքի մեծ հնարավորություններ ավիացիոն ընկերությունում։

Հյուրերին ողջունեց «Հումանիտար առարկաների և տնտեսագիտություն» ամբիոնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը, ներկայացնելով նաև «Տնտեսագիտություն» մասնագիտությունը։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանն իր ելույթում հորդորեց աշակերտներին ուշադրություն դարձնել իրենց գիտելիքների շարունակաբար վերազինման վրա, լինել մրցունակ և վստահաբար ասաց, որ այդ գործընկեր կազմակերպություններում գերակշիռ մաս են կազմելու մեր դպրոցի աշակերտները՝ ըստ իրենց ստացած ինժեներական կրթության։

Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ամփոփելով միջոցառումը, կարևորեց նաև աշակերտների կողմից օտար լեզվի իմացությունը, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ մասնակցել տարբեր փոխանակման ծրագրերի։

Հանդիպման վերջում համագործակցության համաձայնագիր կնքվեց ԿԳՄՍՆ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ։

Հուսով ենք, որ ավագ դպրոցի աշակերտները տեղեկատվական հանդիպման ընթացքում կկարողանան մասնագիտորեն ճիշտ կողմնորոշվել:

2023թ. նոյեմբերի 16-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Շինարարական ճարտարագիտություն» ամբիոնում, ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ «Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր» սեկցիայի գիտական կոնֆերանսը, որին մասնակցում էին նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի համապատասխան ամբիոնի և Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

Համաձայն գիտաժողովի ծրագրի, ներկայացվեցին 8 գիտական հոդվածներ, զեկույցներից հետո տեղի ունեցան բովանդակային քննարկումներ և հանձնաժողովը որոշեց 8 գիտական հոդվածները երաշխավորել տպագրության՝ ՀԱՊՀ տարեկան ԼՐԱԲԵՐ գիտական հոդվածների ժողովածույում:

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի հանրային իրազեկման շրջանակներում պարբերաբար իրականացվել են բնապահպանական կրթության դասընթացներ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում։ Նշենք, որ ծրագրին ինտեգրված են նաև Մասնաճյուղի դասախոսներ և ամբիոնի վարիչներ։

Այս անգամ ծրագրի փորձագետ Արմեն Բոդոյանը Մասնաճյուղի ուսանողների հետ անցկացրեց Կոշտ կենցաղային թափոնների կառավարման դասընթաց։

Վերջում տեղի ունեցավ մտքերի և հարց ու պատասխանի ակտիվ փոխանակում։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվեց ՊԵԿ-ում առկա աշխատատեղերի, անվճար կազմակերպվող դասընթացների և դիմելու ընթացակարգի մասին։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, կարևորելով բուհ-գործատու համագործակցությունը, առանցքային ուշադրություն է դարձնում նմանօրինակ հանդիպումների կազմակերպմանը, որը նպաստում է ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցին։

ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի ներկայացուցիչները ուսանողների հետ ունեցան հարցուպատասխան, քննարկվեցին ոլորտային հարցեր և հետաքրքրվեցին դեկտեմբերին անվճար դասընթացներին մասնակցելու հնարավորության մասին։

Նշենք, որ 4-5 շաբաթ տևողությամբ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր, որը կգործի երեք տարի։

Ներկայացված հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկի գերակշիռ մասը Պոլիտեխնիկի մասնագիտություններն են։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155950

Հանդիպմանը հրավիրվել էին նաև Մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև, մասնագիտական կողմնորոշման և իրազեկման հանդիպումների ընթացքում բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի ավագ դպրոցներից ավարտական դասարանի աշակերտներ։ Նպատակը՝ խթանել ինժեներական կրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման գործընթացը։

 Հետագայում ակնկալում ենք ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև սերտ համագործակցություն։