Մայիսի 2-ից 10-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում անց է կացվելու ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված է Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 65-ամյակին:
Մայիսի 2-ին մեկնարկեց ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողովը։ Հոբելյանական պլենար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Վարդան Շերմազանյանը։ Պարոն Խառատյանն իր խոսքում նշեց, որ Մասնաճյուղի հիմնադրումը կենսական կարևորություն է ունեցել Լոռու մարզի տնտեսական զարգացման հարցում: Պոլիտեխնիկը այն հիմնական սնուցող զարկերակն է, որը տարածաշրջանին ապահովում է ժամանակակից ինժեներական կրթությամբ: Ինչպես նաև հավելեց, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրագործվող գիտահետազոտական աշխատանքներ: Պարոն Խառատյանը կարևորում է նաև անգլերեն լեզվի իմացությունը, որն ինժեներին ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, այս առումով պլենար նիստում ընդգրկված էր անգլերեն լեզվով ելույթ, որն, ի դեպ, մեր ուսանողը լավագույնս ներկայացրեց։
Գիտաժողովի առաջին լիագումար նիստին ներկայացվեց 3 ելույթ.
- Բաբայան Մարտուն․ “Graphic design”-ի գաղափարը և իրականացումը։
- Երվանդ Հարությունյան․ “Artifical intelligence: Progress or regress?”․
- Կարապետյան Հովհաննես․ «Չինաստանի տնտեսության ֆենոմենը. որքանո՞վ է ընդօրինակելի նրա փորձը ՀՀ-ի համար»։
Յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էին տարատեսակ հարցեր և ուսանողների և դասախոսների միջև տեղի էր ունենում քննարկումներ՝ վերոնշյալ թեմաների շուրջ։
Հետաքրքիր թեմաներ են սպասվում նաև տարբեր ամբիոնների առանձին սեկցիաներում:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք օգնում են հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, նպաստում են, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:
Լավագույն աշխատանքները հետագայում կներկայացվեն տպագրության: