Նոյեմբերի տասնմեկին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար՝ «Ճանապարհ դեպի թրաֆիքինգ, թե՞ դեպի բարեկեցիկ ապագա» վերնագրով: Սեմինարը կազմակերպել էին «Խաչվող ուղիներ» ՍՀԿ և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի ներկայացուցիչները: Սեմինարավարները ներկայացրին, թե ինչ է միգրացիա, խոսեցին միգրացիայի հետ կապված խնդիրների մասին: Թվեցին նաև Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի պատճառները՝ ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվերով 2014թ.-ին Հայաստանում կատարված վերլուծությունների: Սահմանվեց նաև «թրաֆիքինգ» տերմինը, տարբերակեցին վերջինիս տեսակները և դրդապատճառները: Նշվեց, որ այժմ շրջանառության մեջ է մտնում նաև թրաֆիքինգի մի նոր տեսակ՝ վիրտուալ թրաֆիքինգ:
Ոչ միայն ներկայացվում էին տեսակներն ու տրվում դրանց սահմանումները, այլ նաև խոսվում էր, թե ինչպես խուսափել թրաֆիքինգից և դրա հետևանքներից: Նաև տրվեցին ճիշտ ցուցումներ, խորհուրդներ ՀՀ-ի քաղաքացու համար՝ այլ երկիր մեկնելու դեպքում: Սեմինարն ավելի պատկերավոր դարձնելու համար ցուցադրվեցին նաև թեմային առնչվող տեսահոլովակներ: Մեր ուսանողներն ակտիվ մասնակցեցին նաև քննարկմանը, հղեցին իրենց հետաքրքրող, անհանգստացնող բազում հարցեր, որոնք էլ գտան իրենց ադեկվատ պատասխանները: Սեմինարից հետո ուսանողներին բաժանվեցին գրքույկներ՝ «Միգրացիա» վերնագրով: Վերջում ուսանողները մասնակցեցին գնահատման գործընթացին և գրի առան նաև իրենց առաջարկությունները: Նման սեմինարները խրախուսելի և ողջունելի են մեր հասարակության կողմից: