Հոկտեմբերի 7-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Զ. Մարուխյանը, պրոռեկտորներ պրոֆեսոր Մ.Ք. Բաղդասարյանը, Ռ.Վ. Աղգաշյանը և Ա. Խ. Նազարեթյանը աշխատանքային այցով եղան Վանաձորում: Սկզբում նրանք այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն: Նրանց դիմավորեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ով ներկայացրեց նորաստեղծ տեխնոլոգիական կենտրոնը, նշեց, որ բոլոր լաբորատորիաները, հնարավորությունները ստեղծված են Պոլիտեխնիկի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ կազմակերպելու լաբորատոր դասընթացներ, պրակտիկաներ, սկսել համատեղ ստարտափ նախագծեր, ինչպես նաև՝ իրագործել համատեղ կուրսային և դիպլոմային նախագծեր:
Ո.Զ. Մարուխյանը ողջունեց ստեղծվող համագործակցության հեռանկարները՝ տեխնոլոգիական նորաստեղծության զարգացման բնագավառում:
Այնուհետև ՀԱՊՀ ռեկտորը և պրոռեկտորները մասնակցեցին մասնաճյուղի գիտխորհրդի նիստին, որտեղ մասնաճյուղի տնօրեն Ա. Խառատյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն, ՀԱՊՀ ղեկավարների կողմից եղան առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն մասնաճյուղի հետագա գործունեության ընթացքում:
Գիտխորհուրդը միաձայն ընդունեց մասնաճյուղի հաշվետվությունը և երաշխավորեց ներկայացնել այն ՀԱՊՀ գիտխորհրդում: