Գիտելիքի և Դպրության տոնին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ջերմորեն ընդունեց բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսեցիներին, քոլեջից բուհ տեղափոխված ուսանողներին, ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ մաղթելով նրանց բարի նորամուտ: Հանդիպումն սկսվեց Պոլիտեխնիկի օրհներգով: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է տալիս կրթության գործընթացի բոլոր մասնակիցներին՝ աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր` վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հպարտությամբ իր դռներն է բացել ուսանողների առջև և համոզված է, որ երկիրը շենացնող, արարող և իրենց ուրույն տեղը գտնող մասնագետներ պիտի կերտվեն Պոլիտեխնիկի ընտանիքում:
Գիտելիքի տոնի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը. «Շնորհավորում եմ Գիտելիքի և Դպրության այս հրաշալի տոնի կապակցությամբ: Դուք ընդունվել եք Հայաստանի ամենահզոր ճյուղային կառուցվածք ունեցող ինժեներական բուհը: Մեր բուհը կրթական բարեփոխումների առաջնեկն է Հայաստանում, ուստի դուք ունեք լայն հնարավորություններ կերտելու ձեր ապագան և կարիերան»:
Այնուհետև պարոն Խառատյանը պատվոգրեր և պարգևներ շնորհեց այն ուսանողներին, ովքեր արժանացել էին լավագույն մագիստրոսական թեզ և լավագույն դիպլոմային աշխատանք անվանակարգերի մրցանակների:
Ուսանողներին և աշակերտներին շնորհավորեցին նաև Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Մ. Նաջարյանը, Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մ. Սիմոնյանը, Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան Է.Հարոյանը, ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ. Հովհաննիսյանը, Որակի ապահովման և վերահսկման բաժնի վարիչ Վ.Մամյանը, Աշխատաշուկայի ուսումնասիրման և ուսանողական կարիերայի համակարգող Տ. Մարգարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դ.Պետրոսյանը: Հուսով ենք՝ ավանդույթները, որոնցով հպարտացել է մեր բուհը, ուսանողները նույնպես կլինեն դրանց կրողը, պահպանողը և հարստացնողը: