Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Ինչպես տեղեկացնում են համալսարանի արտաքին կապերի և ուսանողական կարիերայի կենտրոնից, առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված 5 մասնագիտությունների նոր ցանկով: Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղին հատկացված է 27տեղ, այդ թվում 3 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: Ընդունող հանձնաժողովի քարտուղար Աշոտ Գյուրջինյանը, ներկացնելով այս տարվա ընդունելության առանձնահատկությունները, նշել է, որ մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն») ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
Աշոտ Գյուրջինյանը նշել է, որ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից: