ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Պորտուգալիայի Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին Erasmus+ փոխանակման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ուսումը շարունակել արտերկրում: Բրագանսայի Պոլիտեխնիկ ինստիտուտը հզոր միջազգային ծրագրեր իրականացնող բուհ է: Այն իր վարկանիշով համարվում է Պորտուգալիյաի առաջատար բուհը: Այնտեղ ուսանում են տարբեր երկրների ուսանողներ, մագիստրոսներ, այդ թվում նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Դավիթ Խառատյանը: Ընդ որում, հայաստանյան ներկայացուցիչներից մեր մագիստրոս Դավիթ Խառատյանի կարծիքը ներառված է բուհի գովազդային բուկլետի մեջ: Պրոֆեսորները հանգամանալից ներկայացրին «երկակի դիպլոմ» կրթության առավելությունները, դիմելու ձևերը և հեռանկարները: Պորտուգալացի պրոֆեսորները նշեցին, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն իրենց գիտելիքներով և կատարած գիտահետազոտական աշխատանքներով առանձնանում են մնացած ուսանողներից: Այս ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր ուսանողների շրջանում:
Հուսով ենք, որ արտասահմանում սովորող մեր ուսանողների թիվը գնալով կավելանա՝ վերադառնալու և իրենց գիտելիքները սեփական երկրի բարօրության համար օգտագործելու ակնկալիքով: