Ապրիլի 21-22-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ուսանողական տարեկան գիտաժողով, որը նվիրված էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի հիմնադրման 20-ամյակին: Ներկայացվեց 81 ելույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը՝ նշելով, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրագործվող գիտահետազոտական աշխատանքներ: Նաև հավելեց, որ ստեղծվող տեխնոլոգիական համալիրը մեծ խթան կլինի ինժեներական նորաստեղծության համար:
Գիտաժողովի առաջին փուլում ներկայացվեց 3 ելույթ.
- Մարգարիտա Մարուքյան. «Ձեռքբերումների երկու տասնամյակ», որտեղ հանգամանորեն նշվեց ավագ դպրոցի անցած ուղին, գրանցած հաջողությունները, ներկայացվեց կրթահամալիրի տված ուսանողների ներկայիս մեծ ձեռքբերումները: 1996թ.-ին սեպտեմբերի 9-ին հիմնադրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղին կից հենակետային վարժարանը, հետագայում 2011թ.-ին այն դարձավ ավագ դպրոց: Քսան տարվա ընթացքում վարժարանը՝ ներկայիս ավագ դպրոցը, ունեցել է հազարից ավելի շրջանավարտ, ովքեր ուսումը շարունակել են ինչպես Պոլիտեխնիկում, այնպես էլ արտասահմանայան բուհերում:
- Գոհար Դարբինյան, Աստղիկ Սարոյան, Էդիտա Հովհաննիսյան. «Վանաձորի Չինվան ՍՊԸ-ի այգեփոր մեքենայի ներդրման խնդիրները շուկայում»: Ուսանողները, ՎՏԿ-ի հետ համագործակցելով, ուսումնասիրություն են կատարել գյուղատնտեսության ոլորտում: Ուսումնասիրել են ՀԱԱՀ-ի կողմից նախագծված այգեփոր մեքենայի մոդելը, որը հնարավորություն կտա մշակումներն իրականացնել ավելի արդյունավետ և այն կփոխարինի 20 մարդու ձեռքի աշխատանքի: Մեր ուսանողները կատարել են շուկայի ուսումնասիրություն, վերանայել են ձեռնարկության բիզնես պլանը և մշակել են ներդրումային ռազմավարության պլան:
- Մարիամ Օհանյան, Մելինե Օհանյան. «Հայաստանի տարազների տարբերությունները և յուրահատկությունները ըստ տարածաշրջանի»:
Ուսանողները ներկայացրին իրենց կողմից ստեղծված հայկական զարդանախշերով հագուստների հավաքածու: Նրանք պատրաստվում են բացել սեփական փոքրիկ կարի արտադրամաս և թողարկել հայկական ավանդական և ժամանակակից հագուստներ:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կարևորում է նման գիտաժողովների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար, քանի որ դրանք կօգնեն հետագայում ուսումն ասպիրանտուրայում շարունակելիս, կնպաստեն, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Մասնաճյուղի ԳԳ փոխտնօրեն Վոլոդյա Բալայանը, ՈւԳԸ նախագահ Շուշանիկ Մանուկյանը:
Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն: Միաժամանակ որոշվեց լրամշակումից հետո որոշ աշխատանքներ ներկայացնել տպագրության: