Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում:
ՀԱՊՀ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես, Տեմպուսի ազգային գրասենյակի, Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ էլ վերապատրաստվելու արտերկրում: Այս համագործակցության շրջանակներում, ուսանողների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում խթանելու և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով, բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մարտի 17-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ DAAD-ի տեղեկատվական միջոցառումը, որի նպատակն էր ուսանողներին, դասախոսական կազմին իրազեկել կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:
Հանդիպման ժամանակ համառոտ նշվեց գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես, նշվել է երկու փաստ. այլ երկրների հետ համեմատած, Գերմանիայում սովորելն ավելի մատչելի է, և, թերևս, ամենակարևորն այն է, որ գերմանական համալսարաններում ուսանողներն ավելի վաղ շրջանից են սկսում ընդգրկվել հետազոտական գործընթացներում և բաղկացուցիչ մասն են համալսարան-արդյունաբերություն շղթայի: