ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց «Կրթություն Հայաստան» ծրագրի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանին, ով ներկայացրեց «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեց նաև ներկաների հարցերին։
Հայաստանի մարզերում կան դպրոցներ, որտեղ որոշ առարկաներ տարիներ շարունակ չեն դասավանդվում։ Հայաստանում 4 աշակերտներից մեկն անգամ չի ավարտում ավագ դպրոցը։ Այժմ ուսանողներն հնարավորություն ունեն կերտելու իրենց կարիերան, դառնալու կայացած մասնագետներ, փայլուն առաջնորդական հմտություններով ուսուցիչներ՝ միևնույն ժամանակ նպաստելով վերոնշյալ խնդիրների լուծմանը։ «Կրթություն Հայաստան» ծրագիրը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտներին որպես ուսուցիչներ, այնուհետև երկու տարով գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցիչների կարիք։ Ծրագրի առանձնահատկությունն այն է՝ պարտադիր չէ, որ մասնակիցը մասնագիտությամբ լինի մանկավարժ, միայն հարկավոր է ունենալ դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են վերապատրաստումը, տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը կլուծի ծրագիրը: «Կրթություն Հայաստան» ծրագիրը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասն է կազմում, իսկ վերջինս արդեն ունի քսանհինգ տարվա փորձ և ավելի քան երեսունութ անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։
Հուսով ենք, որ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն իրենց որոշակի ներդրումը կունենան այս ծրագրում՝ կիրառելով իրենց համալսարանական գիտելիքները: