Փետրվարի տասնիննին՝ ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում, Վանաձորի թիվ 24 դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Աշակերտները նախ շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով: Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև աշխատեցին ռոբոտների հետ, նաև մասնակցեցին փորձին, որի ժամանակ մեր ռոբոտը, որին անվանել ենք «Մաքրուհի», հավաքեց հատակին թափված թղթերը: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև: Վերջում աշակերտները ծանոթացան ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն պրն. Ա. Խառատյանի հետ: Նա նշեց, որ ՀԱՊՀ-ն համարվում է ամենակենսական և կարևոր բուհերից մեկը, որը պատրաստում է ինժեներներ, ովքեր ստեղծում են կյանքի նյութական բարիքները՝ առավել հետաքրքիր դարձնելով շրջապատող աշխարհը:
Մեր կողմից ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այն խթանում է բուհ-դպրոց համագործակցության զարգացմանը: