ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները մասնակցեցին հանապետական նշանակություն ունեցող միջոցառումներից հերթականին՝ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած այս մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին ու հնարավորություն տալ զարգացնել ունակությունները` խաղ խաղացողից վերածելով խաղ ստեղծողի:
Մրցույթն անցկացվում էր երկրորդ անգամ։ Մեր ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներն ակտիվորեն մասնակցել են երկու մրցույթներին, և երկու անգամ էլ անցել եզրափակիչ փուլ։
Այս տարի խմբակի աշակերտները գրել էին հետաքրքիր, ուսուցողական և ժամանցային 11 խաղեր, որոնցից 6-ն անցան եզրափակիչ փուլ։ DigiCode ծրագրավորման մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ուր մեր աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները։ Ժյուրին իր գնահատականում նշեց, որ մեր խմբակի աշակերտները մեկ տարվա մեջ ակնառու հաջողությունների են հասել․ նրանց գրած խաղերն ու ուսուցողական անիմացիաներն էլ ավելի են բարդացել և դարձել առավել հետաքրքիր։ Նշվեց, որ աշակերտների մեջ զարգացել է թիմային մտածելակերպը, ինչը շատ կարևոր գործոն է ապագա ծրագրավորողի համար։ Այդ ամենի մեջ ժյուրին բարձր գնահատեց խմբակավարի աշխատանքը։
Որպես խրախուսանք՝ Ռոբոտաշինության խմբակը կստանա ռոբոտի լրացուցիչ դետալներ, որպեսզի հետագայում մենք կարողանանք մասնակցել ռոբոտների մրցույթներին։