ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանին և ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանին, ովքեր սեմինար վարեցին մեր ուսանողների և դասախոսների հետ: Սեմինարի թեման էր «Արդյունավետ ստարտափի սկզբունքները», այսինքն՝ ինչպե՞ս հիմնել ստարտափ, ի՞նչ ճանապարհ է պետք անցնել արդյունավետ ստարտափ ունենալու համար, ինչպե՞ս թիմ հավաքել, ինչպե՞ս դուրս գալ գլոբալ շուկա: Սեմինարի ժամանակ քննարկվեցին նաև հետևյալ հարցերը.
բիզնեսի գաղափարի ընտրություն, ժամանակակից բիզնեսի գլխավոր ռեսուրսները,
ինչպե՞ս ներգրավել հաճախորդ, ինչպե՞ս աշխատել հաճախորդի հետ, ինչպե՞ս պահել հաճախորդին, խոսվեցին նաև գովազդային հարթակների մշակման և արդյունավետության փորձարկման մասին, նաև՝ ինչպես հիմնել բիզնես, եթե չկա նախնական կապիտալ:
ggTaxi-ն հայկական ամենահաջողակ ստարտափերից է, որը 0-ից հիմնվել է մեկ ու կես տարի առաջ ու այդ ընթացքում հասցրել է գրավել իր ամուր դիրքը հայկական շուկայում, ինչպես նաև ստացել է 200 000 դոլար ներդրում և մասնաճյուղ է հիմնել Թբիլիսիում:
ggTaxi-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով, ուսանողների բազմապիսի հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ և խոստացան հետագայում ևս կապ հաստատել ու իրենց արդյունավետ փորձը փոխանցել նրանց, ովքեր ուզում են բիզնես սկսել: