Փետրվարի տասնմեկին Վանաձորի ավագ դպրոցների հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում այդ դպրոցների աշակերտներն այցելեցին ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղ: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, որոնք հիմնականում նախատեսված են ՀԱՊՀ-ի ուսանողների լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների կատարման համար:
Աշակերտները նախ շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին: Նրանք առանձնապես տպավորված էին ճշգրիտ փորձարկումների, ռոբոտաշինության, հեռահաղորդակցման և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով:
Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև աշխատեցին ռոբոտների հետ, նաև մասնակցեցին փորձին, որի ժամանակ մեր «մաքրասեր» ռոբոտը հավաքեց հատակին թափված գունավոր թելերը: Նրանք տեղեկացան՝ հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն կընձեռի կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրների միջև: Հանդիպեցին տեխնոլոգիական կենտրոնի դասընթացների համակարգողի հետ, ով մանրամասն ներկայացրեց տեխնոլոգիական կենտրոնի առաքելությունները, գործառույթները, ինչպես նաև ոգեկոչեց աշակերտներին իրենց ստեղծագործ մտքերին ազատություն տալ սույն բնագավառում: Վերջում աշակերտները ծանոթացան ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն պրն. Ա. Խառատյանի հետ: Նա նշեց, որ ՀԱՊՀ-ն համարվում է ամենակենսական և կարևոր բուհերից մեկը, որը պատրաստում է ինժեներներ, ովքեր ստեղծում են կյանքի նյութական բարիքները՝ առավել հետաքրքիր դարձնելով շրջապատող աշխարհը:
Մենք ողջունում ենք նման հանդիպումները, քանի որ այն խթանում է բուհ-դպրոց համագործակցության զարգացմանը: