2013թ. հունվարին ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով ավագ դպրոցի տնօրինության կողմից ստացված դիմումի համաձայն՝ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից ավագ դպրոցին 2014թ. դեկտեմբերին տրամադրվել է 3 համակարգիչ և 1 տպիչ սարք: Բարեգործությունն իրականացրել է ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը:
2015թ. հունվարի 21-ին Հայաստան համահայկական հիմնադրամի և ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին ավագ դպրոց՝ հավաստիանալու կատարված աշխատանքի և տնօրինության հետ քննարկելու ծրագրի կարևորության ու հետագա զարգացման հարցերի մասին: Ընդարձակ լսարանում տեղադրված 3 համակարգիչներից ու տպիչից բացի, այստեղ բավականին տարածություն կա` ժամանակակից զինվածությամբ համակարգչային համալրված լսարան ստեղծելու համար: Մինչ այդ ավագ դպրոցն օգտվել է ճարտարագիտական համալսարանի լաբորատոր բազայից: Այսուհետ համակարգչային լսարանը կտրամադրվի ավագ դպրոցի աշակերտներին՝ ինֆորմատիկա առարկայի դասերը կազմակերպելու համար: