Այց Microchip Technology Inc.-ի տարածաշրջանային մասնաճյուղի գրասենյակ
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը և ուսանողները հրավիրված էին «Մայքրոչիփ Արմենիա» ընկերություն, որտեղ մեծ թիվ են կազմում մեր շրջանավարտները։ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներին դիմավորեց Վանաձորի գրասենյակի պատասխանատու Էլեոնորա Մաթևոսյանը։ Այցի շրջանակում գրասենյակի պատասխանատուն և աշխատակիցները ներկայացրին ընկերության գործունեությունը և իրականացվող նախագծերը։ «Մայքրոչիփ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է Microchip Technology Inc.-ի տարածաշրջանային մասնաճյուղը՝ գրասենյակներ ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում FPGA-ների նախագծման ոլորտում՝ իրականացնելով ինչպես արդյունաբերական, այնպես էլ տիեզերական ծրագրեր։


Ընկերության աշխատակիցները ներկայացրին FPGA տեխնոլոգիաների կիրառությունները, ինչպես նաև ոլորտի արդի զարգացումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տիեզերական ուղղությանը, որտեղ Microchip-ը առաջարկում է space-grade լուծումներ՝ ճառագայթման նկատմամբ կայուն չիպեր, պաշտպանված FPGA-ներ և սնուցման բաղադրիչներ, որոնք կիրառվում են արբանյակներում և տիեզերական առաքելություններում։ Նշվեց, որ Microchip-ը տիեզերական ոլորտում ունի ավելի քան 60 տարվա փորձ, և ընկերության լուծումները կիրառվել են Perseverance Rover-ի և Ingenuity Helicopter-ի վրա, ինչը վկայում է տեխնոլոգիական բարձր մակարդակի և վստահելիության մասին։
Նմանօրինակ այցերը կարևոր հնարավորություն են ուսանողների համար՝ անմիջականորեն ծանոթանալու գործընկեր կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև խորացնելու բուհ-արդյունաբերություն համագործակցությունը։ Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները՝ ուղղված ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։




Post Comment