Օրերս մաթեմատիկա առարկայից ուսանողական օլիմպիադա անցկացվեց ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում: Այն կազմակերպվել էր մաթեմատիկայի և գրաֆիկայի ամբիոնի կողմից` ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ռ. Դալլաքյանի նախաձեռնությամբ: Օլիմպիադան նվիրված էր մասնաճյուղի հիմնադրման 55-ամյակին: Անցկացվեց առաջին փուլը, որին մասնակցեցին մասնաճյուղի առաջին կուրսերի վաթսունից ավելի ուսանողներ: Ինչպես իր բացման խոսքում ասաց տնօրեն Արմեն Խառատյանը, մասնաճյուղում շատ են անցկացվել դպրոցական օլիմպիադաներ, մինչդեռ ուսանողական օլիմպիադա անցկացվում է առաջին անգամ: Նա համոզմունք հայտնեց, որ նման օլիմպիադաները շարունակական բնույթ կկրեն և կնպաստեն ուսանողների մտահորիզոնի և մտքի ճկունության զարգացմանը: Արմեն Խառատյանը ընդգծեց այն կարևոր դերը, որ խաղացել է մասնաճյուղը տարածաշրջանի և մասնավորապես` Վանաձոր (նախկին Կիրովական) քաղաքի արդյունաբերության զարգացման հարցում: Այսօր էլ մեծ առաքելություն է դրված բուհի առջև՝ անհրաժեշտ է վերականգնել մեր քաղաքի երբեմնի արդյունաբերական պոտենցիալը, որի համար առաջին հերթին անհրաժեշտ են լավ մասնագետներ: Նա հույս հայտնեց, որ այսօրվա օլիմպիադայի մասնակիցները կդառնան լավագույն մասնագետներ և կնպաստեն վաղվա Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը:
Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով: Առաջին փուլի ավարտից հետո լավագույններ ճանաչվեցին Լուսինե Աղվանյանի, Հասմիկ Կիրակոսյանի, Էդիտա Ղազարյանի, Արշակ Թավադյանի և Ասյա Գևորգյանի աշխատանքները: Յուրաքանչյուր փուլում կընտրվեն տվյալ փուլում գրված լավագույն աշխատանքները, որի արդյունքում էլ` այն ուսանողները, ովքեր կմասնակցեն Երևանում անցկացվելիք հանրապետական օլիմպիադային: